Հարց, որն իր լուծումը գտնում է տոմսարկղում

Հարց, որն իր լուծումը գտնում է տոմսարկղում
Վերջին շրջանում հայ հասարակությունն ապացուցեց, որ ի վիճակի է նաեւ մշակույթին հաղորդակից լինելու համար մեծ գումարներ վճարել: Էն, որ Հայաստան են գալիս համաշխարհային արվեստի մեջ մեծ նշանակություն ունեցող անհատականություններ, քննարկման ենթակա չէ, միանշանակ էդպես է՝  Պլասիդո Դոմինգոյից սկսած, վերջացրած մյուսներով: Ստեղծագործող անհատիս եւս մեծ բավականություն է պատճառում հանգամանքը, որ մեզանում նաեւ ճաշակի դրսեւորման հետեւից է գալիս որոշակի զանգված հանրության (զանգված, որովհետեւ ամբողջ հանրությունը չի, ամբողջ հանրությունն ի վիճակի չէ այդ գումարը վճարել):



Բայց որոշակի զանգված կա, որն ուզում է իր մակարդակը բարձրացնելու համար կամ չգիտես ինչ մոտիվներից դրդվելով, վճարում է այդ գումարները... Եթե հայ ստեղծագործողները հասնեն էն բարձունքներին, ինչին հասել է Պլասիդո Դոմինգոն կամ Շառլ Ազնավուրը, ապա տրամաբանորեն իրենց համերգների համար էլ կվճարեն մեծ գումարներ: Խնդիրը հետեւյալն է. էն կատեգորիաներն ու պատկերացումները, որոնք մեզ մոտ կան համաշխարհային արվեստի եւ մեր իրական ներկայացվող երեւույթների մասին, կամ չափազանցված են, կամ թեժ գնահատված:



Դրա պատճառով էլ մենք միանգամից չենք կարող կողմնորոշվել՝ որն է լավը, որը՝ վատ: Չեմ կարծում, որ, ենթադրենք, մի տոմսի համար 160 կամ 130 հազար դրամ վճարող հանդիսատեսը կողմնորոշված է մինչեւ վերջ, բայց այն, որ ինքն էդ գումարը ծախսում է, նշանակում է, որ ինքը ձգտում է գոնե ինչ-որ ձեւով առնչվել համաշխարհային արվեստի հետ: Ուրիշ բան, որ Հայաստանում այսօր արվեստն արդյո՞ք այդ նիշի վրա է, եւ որ այդ «վճարող» հանդիսատեսը նույն դրդապատճառները կգտնի, որոնք կմղեն նրան վճարել գումար ենթադրենք իմ համերգի համար:



Սա բազմակողմանի հարց է, որն իր լուծումը միշտ գտնում է տոմսարկղում: Այսինքն՝ եթե արտիստը, ասենք, 120 հազար դրամանոց տոմսի արտիստ է, ինքը կվաճառի էդ տոմսը, եթե 2 հազար  դրամանոց, ապա կվաճառվի այդքանով: Դրա մեջ ոչ նսեմացնող բան կա, ոչ զավեշտալի. գուցե մեզ խրտնացնում կամ զարմացնում է հանգամանքը, որ մեր հանրության մեջ կա մի հատված, որն ի վիճակի է վճարել նման գումարներ: Մեզ մոտ մշակութային հասարակություն, որպես այդպիսին, չունենք, որովհետեւ մեր հանրությունն այն հանրությունը չի, որի մասին կարելի է միանշանակ կատեգորիաներով դատել: Հանրության մեջ զանգվածներ կան, որոնց մասին խոսելիս պիտի խոսենք ընդամենը որպես զանգվածի մասին:



Վահան ԱՐԾՐՈւՆԻ

երաժիշտ