Ի պաշտպանություն Վանյանի

Ի պաշտպանություն Վանյանի
Նոյեմբերի 12-ին Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն պետք է լիներ: Փառատոնի կազմակերպիչը «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» ՀԿ նախագահ Գեորգի Վանյանն է: Փառատոնը, սակայն, չկայացավ, այդպես էլ նրան դահլիճներ չտրամադրեցին՝ բոլոր դահլիճներից պայմանավորվածության հաջորդ օրն իսկ զանգահարում էին եւ հրաժարվում տրամադրել՝ բացատրելով, որ նման հրահանգ են ստացել:



Փառատոնն ի դեպ, կազմակերպվում էր նաեւ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Ի վերջո Գեորգի Վանյանը հանդես եկավ ասուլիսով եւ պատմեց այս ամենի մասին, միաժամանակ հայտարարեց, որ չնայած փառատոնը չկայացավ, բայց սկսվում են նախափառատոնյան օրեր, ինչն այսօր իրագործվում է: Սակայն այդ փառատոնի մասին տեղեկությունը մեծ աղմուկ առաջացրեց, եւ Գ. Վանյանի նկատմամբ հալածանքներ սկսվեցին: «Ֆեյսբուքում» ակտիվ քննարկումներ էին գնում, մարդիկ մեղադրում էին նրան դավաճանության, թշնամուն ծառայելու, հակահայկական ֆիլմեր ցուցադրելու մեջ:



Հետո սկսեցին անհայտ մարդիկ զանգահարել Վանյանին եւ սպառնալ: Դրանք հիմնականում փակ համարներից զանգեր էին, որոնց հեղինակները սպառնում էին հաշվեհարդար տեսնել իր եւ իր ընտանիքի անդամների հետ, եթե չդադարեցնի իր գործունեությունը: «Հարավկովկասյան ինտեգրացիա. այլընտրանքային սկիզբ» քաղաքացիական նախաձեռնության անդամները, որոնք հիմնականում Վանյանի մտերիմներն ու ընկերներն են, ստեղծել են Վանյանի պաշտպանության հասարակական խորհուրդ, որը պատրաստվում է պաշտպանել Վանյանին, անցկացնել քաղաքացիական ակցիաներ: Խորհուրդը բողոքում է Գեորգի Վանյանի գործունեությունը կանխելուն ուղղված անօրինական գործողությունների դեմ եւ ստորագրահավաք է իրականացնում ի պաշտպանություն Վանյանի:



Մասնակիցների մեջ են իրավապաշտպան Լուիզա Պողոսյանը, վրաց լրագրող Իրակլի Չիխլաձեն, ադրբեջանցի գրող Սեյմուր Բայջանը եւ ուրիշներ: Ստորագրահավաքին միացողները կարող են դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով: Ի դեպ, դեկտեմբերի 10-11-ին Վանյանը Վանաձորում ցուցադրելու է թուրքական ֆիլմեր: Հավանաբար «հայրենասերների» ականջը դեռ այս ինֆորմացիան չի ընկել: