Քաղաքն իր հանգստի վրա չի խնայում

Քաղաքն իր հանգստի վրա չի խնայում
Քաղաքն արդեն սկսել է պլանավորել ամանորյա հանգիստը: Հայերը միշտ էժան տուրերի սիրահարներ են եղել, այդ իսկ պատճառով մեր տուրիստական գործակալություններում առաջինը վերջանում են Եգիպտոսի եւ Դուբայի փաթեթները: Այս տարի Եգիպտոսում 4 աստղանի հյուրանոցում 2 հոգու համար 10-օրյա հանգիստը ձեր վրա կնստի մոտ 3 հազար 200 դոլար: Ի դեպ, այդ գումարի մեջ չեն ներառվում տեղական ժամանցային էքսկուրսիաները, որոնք վայելելու համար ձեզ հարկավոր կլինի եւս մոտ 1000 դոլար: Դուբայում մեկշաբաթյա հանգիստը, որի մեջ կմտնի նաեւ ամանորյա ճաշկերույթը, կկազմի մոտ 3 հազար 500 դոլար:



Բայց Դուբայի հյուրանոցներն առանձնահատուկ են նրանով, որ հիմնականում ունենում են միայն նախաճաշի հնարավորություն: Իսկ սնունդը եւ հատկապես միջին եւ բարձր կարգի ռեստորաններն այստեղ բավականին թանկ են: Խնդիր են առաջացնում նաեւ խանութների առատությունը, ամանորյա զեղչերը եւ (մեր երկրի հետ անհամեմատ) էժան տեխնիկան: Եվ Դուբայն ընտրած տուրիստը, հաշվի առնելով այս ամենը, պետք է իր հետ ունենա եւս առնվազն մի 3 հազար դոլար: Դուբայից եւ Եգիպտոսից հետո հայերը վերջերս շատ են սկսել մեկնել Հորդանան եւ Իսրայել:



Մեր հավատացյալ ազգին շահագրգռում է ոչ միայն իր հոգեւոր առաջնորդի ծննդավայրն այցելելու բաղձալի միտքը, այլեւ այն պարզ պատճառը, որ ձմռանն այնտեղ տաք է եւ գնալն էլ՝ էժան: Հորդանան-Իսրայել ճամփորդությունը՝ ամեն տեսակի էքսկուրսիաներով, երկու տարբեր ծովերի ջուրը վայելելով եւ յոթ օր հետո ձմռան կեսին հայրենիք վերադառնալով, ձեր վրա կնստի մոտ 4 հազար 500 դոլար: Այս փաթեթը նախորդներից ավելի թանկ է, քանի որ ուղիղ թռիչքներ գրեթե չկան: Հաջորդ պոպուլյար հանգստավայրերն են Գոան եւ Թաիլանդը:



Հանգիստը այս երկու տեղերում գրեթե համարժեք է՝ մոտ 5 հազար դոլար: Բայց այս հանգստավայրեր մեկնելուց առաջ լավ մտածեք, քանի որ, բացի նրանից, որ այնտեղ շատ վտանգավոր է բառիս բոլոր իմաստներով, նաեւ իրենց երկիր մտնելուց առաջ դուք պետք է պարտադիր բազմաթիվ պատվաստումներ ընդունեք: Արդյո՞ք արժե այդ մեկշաբաթյա հանգիստը, որպեսզի վտանգի տակ դնեք ձեր առողջությունը: Անձամբ ես կվախենամ:



Խելքին եւ միջին խավի գրպանին մոտ տաք կուրորտներն այսքանով ավարտվեցին: Կան, իհարկե, շատ ուրիշ երկրներ, որտեղ ամառ կլինի, երբ մեզ մոտ ցուրտ եւ տհաճ եղանակ է, ուր մեզնից յուրաքանչյուրը սիրով կանցկացներ իր ձմեռային արձակուրդները, օրինակ Կարիբյան, Սեյշելյան, Մալդիվյան, Հավայան կղզիներում կամ թեկուզ ազատատենչ Կուբայում, բայց այնտեղի հանգիստը կկազմի 10 հազար եւ ավելի ԱՄՆ դոլար, ինչն իմ կարծիքով, ցավոք, իրենց կարող են թույլ տալ մեր հայրենակիցներից շատ քչերը: Այնուամենայնիվ, քաղաքը չի խնայում իր հանգստի վրա…



Մարիամ ՄԱՐԳԱՐՅԱՆ