Նոր զարգացումներ «Շանթի» շուրջ. Վարշամ Ղարիբյանը համաձայն չէ եղբոր հետ

Նոր զարգացումներ «Շանթի» շուրջ. Վարշամ Ղարիբյանը համաձայն չէ եղբոր հետ
Երեկ մենք տպագրել էինք Սամվել Ղարիբյանի բաց նամակը՝ ուղղված ՀՀ նախագահին, որտեղ նա ներկայացրել էր իր երկու եղբայրների՝ «Շանթ» ընկերության սեփականատերեր Վարշամ եւ Մանվել Ղարիբյանների հակամարտությունը: Նամակում գրված էր, որ այդ հակամարտության իրական պատճառը եւ հրահրողը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է, որը թույլ չի տալիս, որ եղբայրները հաշտվեն: Իսկ նման պահվածքի պատճառը Ղարիբյանների սեփականությունը խլելու մտադրությունն է, որ ունի գլխավոր դատախազը:



Նամակը սենսացիոն էր, եւ ենթադրվում էր, որ այն հետեւանքներ կունենա. առնվազն հանրապետության նախագահը պետք է հանձնարարի ստուգեն նամակում նշված փաստերը, եւ դրանք հաստատվելու դեպքում պատժի Աղվան Հովսեփյանին: Երեկ, ինչպես եւ սպասվում էր, Ղարիբյան եղբայրներից Վարշամը, որին հովանավորում է գլխավոր դատախազը, պատասխան գրություն է բերել խմբագրություն: Կարելի է ենթադրել, որ այս պատասխանի մտահղացումը պատկանում է գլխավոր դատախազին, որը հանձնարարել է հերքել Սամվել Ղարիբյանի գրածը: Պատասխանը տպագրում ենք ամբողջությամբ:



«Մամուլից ծանոթանալով եղբորս՝ Սամվել Ղարիբյանի անունից ՀՀ նախագահին ուղղված բաց նամակին՝ անմիջապես հասկացա, որ դրա իրական հեղինակը Սամվելը չէ, այլ մեկ այլ երրորդ անձ, ով ունի իր շահը՝ իմ բիզնեսի հետ կապված, եւ փորձում է ամենակեղտոտ ձեւով շահարկել ու օգտագործել իմ մյուս եղբորը մեր ընտանեկան բիզնես-տարաձայնությունների մեջ:



Համոզված եմ, որ Սամվելի գաղափարը չէ բաց նամակը՝ ընդհանրապես, ու դրա բովանդակությունը՝ հատկապես, քանզի նախ՝ նա որեւէ առնչություն չունի մեր բիզնեսի հետ, չունի որեւէ մասնաբաժին, եւ երկրորդ՝ գոնե որպես եղբայր երբեւէ չի փորձել հաշտարարի դերում հանդես գալ իմ եւ Մանվելի միջեւ:



Ցավալի է, որ ընտանեկան խնդիրները ոչ միայն փորձ է արվում մամուլով դարձնել քննարկումների առարկա, այլեւ անգամ քաղաքականացնել, քիչ է մնում դարձնեն պետական հարց: Մեր ընտանեկան բիզնեսը մերն է: Ճիշտ է, այսօր ունենք տարաձայնություններ եւ գտնվում ենք դատական գործընթացների մեջ, բայց, ամեն դեպքում, դրանք ընտանեկան խնդիրներ են եւ կապ չունեն որեւէ պետական պաշտոնյայի հետ, եւ չենք կարծում, որ այդ տարաձայնությունները, որպիսիք պատահում են շատ եւ շատ ընտանիքներում, գործնական հարաբերություններում ունեն այն նշանակությունը, որը կարելի էր դարձնել մամուլի քննարկումների առարկա»:



Վարշամ ՂԱՐԻԲՅԱՆ