ՀՀԿ-ական տղամարդ թեկնածուները գերակշռում են

ՀՀԿ-ական տղամարդ թեկնածուները գերակշռում են
Կապանի ու Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը թերեւս ներկայիս կազմով վերջին անգամ է կազմակերպելու եւ անցկացնելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:



Արդեն պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, եւ հավանաբար, ըստ որոշ տեղեկությունների՝ կընդունվի մինչեւ մայիս: Թիվ 38 ընտրատարածքում ՏԻՄ հերթական ընտրությունները կկայանան ամռանը: Իսկ չորեքշաբթի կայացած նիստում հանձնաժողովը գրանցեց մարտի 20-ին Կաղնուտում կայանալիք համայնքի ղեկավարի ու Նոր Աստղաբերդի համայնքի ավագանու անդամների թեկնածուներին: Կաղնուտում պայքարը կծավալվի ԲՀԿ-ական, ոչ մի տեղ չաշխատող Կարեն Փարամազյանի ու գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Արթուր Հովհաննիսյանի միջեւ:



Նոր Աստղաբերդի համայնքի ավագանու համար առաջադրված  հինգ թեկնածուն էլ անկուսակցական են, նրանցից 2-ը՝ կին: Նույն օրը ՏԻՄ ընտրություններ են լինելու նաեւ թիվ 37 ընտրատարածքի 4 գյուղական համայնքներում: Մասնավորապես Շուռնուխի, Լորի եւ  Որոտանի (Գորիսի տարածաշրջան) համայնքների ղեկավարների համար առաջադրվել է մեկական թեկնածու`  գործող գյուղապետերը, ովքեր հանրապետականներ են: Այսպես,  Շուռնուխում առաջադրվել է Հակոբ Արշակյանը, Լորում` Դավիթ Առուստամյանը, Որոտանում` Սուրիկ Օհանջանյանը:



Իսկ Շուռնուխի համայնքի ավագանու համար առաջադրված  4 թեկնածուներից մեկն է ՀՀԿ, մյուսներն անկուսակցական են: Սիսիանի տարածաշրջանի Որոտանի համայնքի ավագանու համար առաջադրված  8 թեկնածուներից  2-ը ՀՀԿ անդամ են, 1-ը` ԲՀԿ,  մնացածները՝ անկուսակցական: Հետաքրքիր է, որ երկու համայնքների ավագանու անդամի թեկնածուները տղամարդիկ են: Հավանաբար թեժ պայքար կծավալվի միայն Կաղնուտում: Իրենց նպատակները չեն թաքցնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կապանի տարածքային խորհրդի անդամները: Հունվարին կայացած կոնֆերանսում տեղական կառույցի ղեկավար Կամո Աբրահամյանը հայտարարեց, որ պետք է ամեն ինչ անեն գյուղական համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ականների ընտրվելու համար: Առայժմ տարածաշրջանի 2 գյուղերի`  Անտառաշատի ու   Եղեգի  համայնքների ղեկավարներն են ԲՀԿ-ական:



«Կարեւորը նաեւ այն է, որ գյուղն է փրկվում: Մեր կուսակցությունն աջակցում է գյուղացիներին, ու այսուհետ այդ ծրագրերի ծավալները մեծանալու են»,- հայտարարել է Կ. Աբրահամյանը՝ հույսը դնելով Գագիկ Ծառուկյանի վրա: