Պահանջագրեր են ներկայացնում, արձագանքող չկա

Պահանջագրեր են ներկայացնում, արձագանքող չկա
Վերջին շրջանում բավական ակտուալ է դարձել իշխանությունների հետ վերջնագրերի լեզվով խոսելը: Փետրվարի 15-ին իր բացօթյա համաժողովում Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը 19 կետից կազմած «հռչակագիր» ուղղեց իշխանություններին:



Մարտի 1-ին էլ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց 15 կետանոց պահանջագիր: ՀԱԿ-ից ընդամենը 1 օր անց՝ մարտի 2-ին, 10 կետանոց պահանջագրով էլ հանդես եկավ «Ժառանգությունը», ինչը շատ ընդհանրություններ ուներ ՀԱԿ պահանջագրի հետ: Իհարկե, թվարկված պահանջագրերի լրջության աստիճանը տարբեր է: Եթե Տիգրան Կարապետյանի պահանջագիրն իշխանությունը բանի տեղ չդրեց եւ դրա դիմաց ընդամենը «կարմիր քարտ» ստացավ, «Ժառանգության» պահանջները մնացին անարձագանք, ապա ՀԱԿ-ի դեպքում իրավիճակն ավելի լուրջ է:



ՀՀԿ-ն իր մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի շուրթերով ասաց, որ իրենք չեն ընդունում վերջնագրի եւ վերջնաժամկետի լեզուն, իսկ Գալուստ Սահակյանն էլ, թե՝ ՀԱԿ-ի պահանջագիրն աստվածային հրովարտակ չէ, որ իրենք պարտադիր կատարեն: Մինչ կարկառուն ՀՀԿ-ականներն իրենց մերժողական վերաբերմունքն են հայտնում պահանջագրին, շատ անսպասելի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք կքննարկեն մարտի 1-ին Կոնգրեսի ներկայացրած պահանջները: «Իրենք» ասելով՝ Հովիկ Աբրահամյանը հավանաբար նկատի է ունեցել իշխանությանը՝ ՀՀԿ-ին: Իսկ թե այս դեպքում ինչու ԱԺ նախագահի եւ իր կուսակիցների հայացքները խնդրո առարկա հարցի շուրջ չեն համընկնում, անհասկանալի է:



Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը բնավ էլ զարմանալի չի համարում, որ իշխանությունները լուրջ չեն վերաբերվում այդ պահանջներին: Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով Սոչիում սպասվելիք եռակողմ հանդիպմանը, ասել էր, որ այնտեղ ոչ մի լուրջ բան պետք չէ ակնկալել: «Նրա ասածից այնպես է ստացվում, թե խոսքը գնում է ոչ թե երեք նախագահների, այլ երեք թաղի տղերքի մասին, ովքեր հանդիպելու են ֆուտբոլ խաղալու նպատակով: Իշխանությունը սովորություն է դարձրել բոլոր իրադարձություններին վերաբերվել այնպես, որ դրանք որեւէ լուրջ բան չեն պարունակում: Նույն կերպ էլ նրանք արձագանքեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած պահանջներին»,-ասաց քաղաքագետը եւ հավելեց, որ եթե իշխանությունները չփոխեն իրենց վերաբերմունքը եւ չսկսեն լուրջ վերաբերվել ներկայացված պահանջներին, ապա հաջորդ հանրահավաքը կդառնա վճռական եւ ոչ շարքային:



«Հակառակ դեպքում՝ ամսի 17-ին կհավաքվի 100 հազար մարդ, եւ դա կլինի այն կրիտիկական զանգվածը, որի առկայության դեպքում իշխանությունն ստիպված կլինի ընդունել այդ պահանջների կատարման անհրաժեշտությունը: Պահանջները հստակ են, իսկ ժամկետը՝ կոնկրետ. մինչեւ մարտի 15-ը»: Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած պահանջներից քաղաքագետն առավել կարեւորեց զոհվածների ընտանիքներին փոխհատուցելու եւ քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու կետերը: «Այս երկու պահանջներն առաջնահերթ ու անհետաձգելի են»,-ասաց նա: Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, պատահական չէ ընտրված նաեւ հանրահավաքի օրը, քանի որ մարտի 16-ին Հայաստան է ժամանելու ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտը, եւ ընդդիմությունն առիթը բաց չի թողնի նրա՝ Երեւանում լինելու հանգամանքն օգտագործել իշխանությանը մեկընդմիշտ լրջանալու կոչ անելու համար:



«Բեն Ալին էլ լուրջ չէր վերաբերվում այն մարդկանց, ովքեր նրան զգուշացնում էին, որ Թունիսում հնարավոր է մեծ շարժում սկսվի, որը կբերի նրա գահընկեցության: Նույնն անում էր Մուբարաքը եւ մյուս ավտորիտար իշխանությունների ներկայացուցիչները, քանի որ նրանց բնորոշ է հեռուն չտեսնելու հատկությունը»,-եզրափակեց քաղաքագետը: