Իսկ բացումը ե՞րբ է լինելու

Իսկ բացումը ե՞րբ է լինելու
«Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրն այլեւս իրականություն է: Շուտով երիտասարդ համալսարանականները բնակարանամուտ կտոնեն Ավան թաղամասում այդ ծրագրի շրջանակներում շուկայականից երկու անգամ ցածր գներով կառուցվող շենքում:



Չնայած շինարարությունը մեկնարկել էր 2007-ին եւ պետք է ավարտվեր 2010-ի աշնանը, սակայն որոշ խնդիրների՝ հիմնականում անորակ շինարարության պատճառով գործընթացը բավական երկարեց: Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, ԵՊՀ շրջանավարտների միավորման նախագահ Արսեն Քարամյանը, որն այս ծրագրի տնօրենն է, մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ 213 բնակարան արդեն հանձնել են շահառուներին: «Այդ պրոցեսը մենք սկսել ենք հունվարի 29-ից: Շահառուները գալիս են, հրավիրում ենք իրենց բնակարաններ: Գալիս են, տեսնում են, եթե կան խնդիրներ, ապա խելամիտ ժամկետներում դրանք վերացնում ենք:



Երկրորդ անգամ են գալիս, եւ եթե ամեն ինչ նորմալ է լինում, ստորագրվում է հանձնման-ընդունման ակտ որակի համապատասխանության կետերով»,-ասաց Քարամյանը եւ հավելեց, որ մինչեւ այս ամսվա վերջ բոլոր բնակարանները կհանձնվեն հասցեատերերին. «Օրական կտրվածքով մոտ 8 բնակարան հանձնում ենք, եւ կարծում եմ, որ մինչեւ այս ամսվա վերջ ամբողջովին՝ 315 բնակարաններն էլ հանձնված կլինեն»: Քարամյանից հետաքրքրվեցինք, թե շա՞տ են այն շահառուները, որոնք առաջին անգամ բնակարանը տեսնելուց հետո դժգոհել են: «Միայն 70 բնակարանում փոքրիկ կոսմետիկ թերություններ եղել են, սակայն 4-7-օրյա ժամկետում թերությունները վերացվել են եւ բնակարաններն ամբողջովին նորոգված հանձնվել են շահառուներին»,-վստահորեն ասաց ծրագրի տնօրենը: Նա նաեւ ուրախացած նշեց, որ այս պահի դրությամբ 4 բնակիչ արդեն բնակվում է: Մեզ էլ խորհուրդ տվեց ուրախանալ այդ առիթով եւ ոչ մի վատ բան չփնտրել «այս բարի գործում»: «Սա այն դեպքն է լինելու, երբ հանձնումից հետո ոչ մի խոսակցություն չի կարող լինել, քանի որ իմ ձեռքին են լինելու բոլորի հանձնման-ընդունման ակտերը»,-հավելեց Քարամյանը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ իդեալական ոչինչ չկա:



Եթե երիտասարդ համալսարանականները շուտով կապահովվեն բնակարաններով, ապա երիտասարդ գիտնականներն ու գիտաշխատողները դեռ պետք է մի քանի տարի սպասեն: Նրանց համար Զեյթուն համայնքում, Պարույր Սեւակի 8 հասցեում կառավարության համապատասխան որոշմամբ հատկացվել է հողատարածք, եւ շուտով կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Այստեղ էլ կառուցվելու է 220 բնակարանով համալիր: Ծրագիրը «Շրջանավարտների միավորումն» իրականացնում է Գիտությունների ազգային  ակադեմիայի հետ համատեղ: Թեեւ շինաշխատանքները դեռ չեն մեկնարկել, սակայն դիմումների հոսքն արդեն սկսվել է: «Շահառուներն ընտրվում են վիճակահանությամբ: 220 տեղի համար կա  արդեն 410 դիմում:



Սակայն բոլորը չէ, որ կարող են օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից: Նախապատվությունը տրվելու է նրանց, ովքեր ամուսնացած են եւ ունեն առնվազն մեկ երեխա, ունեն գիտական կոչում եւ 3 տարուց ոչ պակաս աշխատանքային փորձ տվյալ գիտահետազոտական ինստիտուտում»,-ասաց Արսեն Քարամյանը:



ՀԳ - Երիտասարդ համալսարանականներին թաղամասը  վերջնականապես հանձնվելուց հետո իրադարձությունը պետք է նշվեր «Օջախ» ռեստորանում: Քարամյանից հետաքրքրվեցինք, թե ուժի մե՞ջ է արդյոք այդ որոշումը, նա էլ պատասխանեց. «Բա չնշե՞նք: Դա այնպիսի ուրախություն է, որ որտեղ էլ ցանկանանք, էնտեղ էլ կգնանք-կնշենք»: