Արցախը պատրաստվում է ԼՂՀ հռչակման տոնին

Արցախը պատրաստվում է ԼՂՀ հռչակման տոնին
Արցախում քաղաքական կյանքը լրիվ համահունչ է ձմեռային եղանակին։ Ներքաղաքական դաշտում հարաբերական անդորրը դեռ շարունակվում է։ Սակայն իշխանություններն ակտիվորեն նախապատրաստվում են սեպտեմբերին կայանալիք ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարությանը։



Պետական հանձնաժողովն իր հերթական նիստում քննարկել է նախատեսված միջոցառումների ծրագրի նախագիծը, ըստ որի՝ տոնական միջոցառումները կմեկնարկեն մայիսից եւ կշարունակվեն մինչեւ տարեվերջ: Արցախի բոլոր համայնքներում, կրթական եւ մշակութային հաստատություններում, ՊԲ զորամասերում եւ ստորաբաժանումներում կանցկացվեն հանդիսավոր միջոցառումներ եւ հավաքներ: Կհրատարակվեն ժողովածու՝ «Ձոն Արցախին» վերտառությամբ, եւ գիրք-ալբոմ, կթողարկվեն հուշամեդալներ, կկազմակերպվեն ցուցահանդեսներ։ Ուսումնական հաստատություններում նոր ուսումնական տարվա առաջին դասը կկրի «Արցախի անկախության 20 տարին» խորագիրը, որին կմասնակցեն պատգամավորներ, կառավարության անդամներ, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի վետերաններ:



ԼՂՀ հռչակման օրվան նվիրված՝ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում կկազմակերպվի շքերթ-հանրահավաք: Տեղի կառավարական, ՀՀ եւ արտերկրից ժամանած պատվիրակությունները կայցելեն հուշահամալիր: Կկազմակերպվի նաեւ ղարաբաղյան ավանդույթների տոնական վերնիսաժ, կենցաղի, ճաշատեսակների ցուցադրում-մատուցում, դեկորատիվ-կիրառական արվեստի գործերի ցուցադրություն-վաճառք: Սեպտեմբերի 2-ին արվեստի ճանաչված գործիչների մասնակցությամբ Ստեփանակերտում կկազմակերպվի տոնական համերգ, կտրվի հրավառություն: Միջոցառումները կշարունակվեն մինչեւ դեկտեմբեր. դրանք կնվիրվեն նաեւ ԼՂՀ Սահմանադրության ընդունման 5-րդ տարեդարձին, կկազմակերպվի միջազգային գիտաժողով: Հաստատված ծրագրի համաձայն՝ տոնական միջոցառումների շարքը կեզրափակի բոլոր գումարումների խորհրդարանների պատգամավորների հավաք-միջոցառումը՝ նվիրված ԼՂՀ-ում առաջին խորհրդարանական ընտրություններին եւ առաջին գումարման Գերագույն խորհրդի ձեւավորման 20-ամյակին: Այնպես որ՝ արդեն մայիսից Արցախը տոնական տեսք է ստանալու, եւ այն շարունակվելու է մինչեւ տարեվերջ։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ