Րաֆֆի Հովհաննիսյանը շփոթվում ա

Րաֆֆի Հովհաննիսյանը շփոթվում ա
«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ու ընդդիմության այսօրվա հանրահավաքի հետ կապված մեր հարցերով երեկ գնացինք իշխող Հանրապետական կուսակցության գրասենյակ:



Գաղափարախոսներից կուսակցությունում միայն ՀՀԿ խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովն էր, ում էլ ուղղեցինք մեր հարցերը:



- Վաղը միտինգ է, Ազատության հրապարակում հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանին հանելո՞ւ են Ազատության հրապարակից:



- Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն օրենքը չի խախտում, ինչի՞ պետք ա հանեն: Ամեն ինչ պետք է լինի օրենքի համաձայն:



- Բայց հանրահավաքների ժամանակ Ազատության հրապարակը փակվում է, չէ՞:



- Ազատության հրապարակում, կարծեմ, քաղաքապետարանը միջոցառում է կազմակերպել էս օրերին: Ես քաղաքական գնահատական կարող եմ տալ. Րաֆֆի Հովհաննիսյանի ակցիան բացառապես իր իրավունքն է, բայց սա ես գնահատում եմ որպես որ ընդդիմադիր հատվածի ուշադրությունն իր վրա սեւեռելու փորձ, ակցիա: Հացադուլը ծայրահեղ միջոց է: Եթե դու ունես ֆրակցիա պառլամենտում, էդ ֆրակցիան ակտիվ գործում է, նաեւ հնարավորություն ունես ցանկացած հարցի շուրջ քաղաքական հայտարարություն անելու: Հացադուլ անելու իմաստը ո՞րն է, եթե ոչ PR ակցիան:



- Հացադուլի նստած «Ժառանգության» ղեկավարը պնդում է, թե կոալիցիան պետք է հրաժարվի հուշագրից ու ապահովի արդար ընտրություններ:



- Րաֆֆի Հովհաննիսյանը շփոթվում ա: Կամ դա միամտություն ա: Կոալիցիան կապահովի արդար ընտրություններ, իսկ ո՞վ է ասել, որ կոալիցիան արդար ընտրություններ չի ապահովելու: Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի լավ կանի ամպագոռգոռ հայտարարությունների փոխարեն քաղաքական պրոցեսներին մասնակցի:



- «Ժառանգության» քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ի պատասխան Սամվել Նիկոյանի հայտարարությունների, վերջինիս հրավիրել է մեկ օրով գոնե միանալ հացադուլին: ՀՀԿ-ն պատրա՞ստ է մեկ օրով գոնե հացադուլ անել:



- Նախ նշեմ, որ հացադուլը Րաֆֆի Հովհաննիսյանի խնդիրն է եւ քաղաքական պայքարի իր ձեւն է, բացառապես իր իրավունքն է: Չնայած ինքը հայտարարել է, որ դա ոչ պահանջ է, ոչ առաջարկ, ոչ խնդրանք, դա ծոմ ազատության է: Իսկ Հանրապետականը հացադուլներով չէ, որ պետք է բարեփոխումների գնա: Կարծում եմ նաեւ՝ սա ՀԱԿ-ի մարտի 17-ի միտինգին ընդառաջ PR քայլ էր:



- Իսկ չե՞ք կարծում, որ հնարավոր է նաեւ միավորում լինի, ու միտինգից հետո ժողովուրդը միանա Րաֆֆի Հովհաննիսյանի ակցիային:



- Տեսականորեն ամեն ինչ էլ հնարավոր է: Միավորում կլինի, թե չի լինի՝ դա բացառապես ընդդիմադիր ուժերի խնդիրն է: Դա ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ Դաշնակցության խնդիրն է: Մի բան կարող եմ ասել՝ որ ինչքան ընդդիմությունն առողջ լինի, էդքան պետությունը եւ իշխանությունը կշահեն:



- Իշխանությունը չի՞ վախենում, որ մասսայական նստացույց կսկսվի Ազատության հրապարակում:



- Իշխանությունն առհասարակ քաղաքակիրթ քաղաքական պայքարի կողմնակից է՝ Սահմանադրությամբ ընդունելի բոլոր տեսակների:



- Բայց, չգիտես ինչու, հանրահավաքների օրերին Ազատության հրապարակը լցնում է ոստիկաններով:



- Իշխանությունն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված հասարակական կարգի իր պարտականությունները: Ոստիկանությունը պիտի կատարի իր պարտականությունը, ցուցարարներն իրենց հերթին պետք է կատարեն իրենց պարտականությունները:



- Այսօր Հայաստան են եկել ԵԽԽՎ համանախագահները: ՀՀ իշխանությունը փաստացի ոչինչ չունի ներկայացնելու ԵԽԽՎ պահանջների կատարման առթիվ, քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասով էլ քայլ չի արվել:



- Ես համաձայն չեմ, որ որեւէ քայլ չի արվել՝ եւ օրենսդրական բարեփոխումներ են իրականացվել, նաեւ մենք տեսել ենք, որ քաղաքական ազատություններն են ավելացել: Հայաստանում որեւէ քաղաքական գործիչ իր խոսքի եւ մտքի ազատության որեւէ խնդիր չունի: Հայաստանում որեւէ քաղաքական ուժ միտինգներ իրականացնելու խնդիր չունի:



- Իսկ վերջին ձերբակալությո՞ւնը:



- Ես մի բան կարող եմ ասել, որ ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, եւ բոլոր այն մարդիկ, ովքեր խախտում են օրենքը, եւ սրա վառ ապացույցն էր նախագահի հայտարարությունը ոստիկանության կոլեգիայի նիստում, պետք է պատժվեն:



- Եթե ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, ինչո՞ւ է այսօր ոստիկանությունն ընկած՝ գյուղերում ու քաղաքում հանրահավաքի մասնակիցներին համոզում չմասնակցել հանրահավաքի, արգելում մարդկանց մեքենաներով քաղաք գալ:



- Ես նման տեղեկություն չունեմ: Եթե Դուք ունեք՝ հրապարակեք անուն առ անուն: