Պայթյունն անխուսափելի է

Պայթյունն անխուսափելի է
Սոցիալական դժգոհություններն այնքան են շատացել երկրում, որ շատերին թվում է՝ հեղափոխության պահն անխուսափելի է: Սակայն հեղափոխությունը նախեւառաջ մտավոր հեղափոխությունն է. երբ կա ապագա կյանքի ճշգրիտ հեռանկար, հասանելիության ճշգրիտ միջոցները դառնում են երկրորդական:



Մենք այդ հեռանկարը չունենք: Ցավոք, Հայաստանում միտում կա՝ ամեն ինչ դարձնել մենաշնորհ՝ ընդդիմությունը, իշխանությունը, տնտեսությունը... Հայաստանում պայքար է գնում ոչ միայն ավելի «առաջավոր» գաղափարախոսության, այլեւ ընդդիմադիր շարժման գերակայության, մենաշնորհների եւ առաջնային դիրքի համար, հետեւաբար ուշադրությունը հիմնական նպատակից շեղվում է: Որեւէ ընդդիմադիր շարժում, ինչպես նաեւ իշխանությունները, ի զորու չեն տալ մարդկային պարզ լեզվով շարադրված ապագա կյանքի ծրագիր: ...Ինչ-որ մենք ունենք, դա ժողովրդական օգտագործման համար հաշվարկված մեխանիզմ չէ. ավելի կոնկրետ, ավելի հստակ եւ ավելի պրագմատիկ ծրագրեր են պետք: Օրինակ Եգիպտոսում այդ սոցիալական-հեղափոխական ծրագիրը  բոլորին հայտնի է, Հայաստանում՝ ոչ: Մեզ մոտ ընդհանուր բոլորը գիտեն հետեւյալ սխեման, որ չեն ուզում ապրել այսպես: Ի դեպ, իշխանությունն էլ չի ուզում ապրել այնպես, ինչպես ապրում է: Բայց դրանից որեւէ բան չի փոխվում, որովհետեւ ոչ ոք չի պատկերացնում ալտերնատիվը: Այ դրանից էլ Հայաստանում հեղափոխություն չկա:



Հայաստանում փոփոխություն կմտցնի հետզհետե հասունացող եւ իրականացվող սոցիալական բունտը, որը սկզբում կառաջանա կղզիացած  տարբերակում: Եվ այն առաջնորդը, ով կկարողանա ճիշտ կողմնորոշվել եւ գնալ դեպի սոցիալական բունտը, ոչ թե ինքն առաջացնել հեղափոխական շարժում, նա էլ կդառնա Հայաստանի ապագա լիդերը: Տա Աստված, որ դա չլինի պատեհապաշտ մարդ, որովհետեւ սոցիալական բունտի շրջանակներում ամենաշատը կողմնորոշվում են պատեհապաշտները՝ վկա Վլադիմիր Իլիչ Լենինի փաստերը: Իսկ Հայաստանում այսօր տեսանելի են համատարած լոկալ բունտերի տեսարաններ: Հիմա ժողովուրդը ամենամեծ գերակայությունը դրել է իր խայտառակ սոցիալական վիճակի գոնե փոքր-ինչ բարելավումը: Գլոբալ հեղափոխական գաղափարն առայժմ Հայաստանում չի աշխատելու այն պարզ պատճառով, որ մենք արդեն գլոբալ հեղափոխական գաղափարներից երեք-չորս անգամ ունեցել ենք դառը հիասթափություն:



Մինչդեռ սոցիալական բունտն այն կոնկրետ մեխանիզմն է, որը պայթեցնելու է մեր համակարգը, ընդ որում երկու բյուրոկրատիաներն էլ՝ թե իշխանական, թե ընդդիմադիր: Այդ դժգոհ մարդիկ առայժմ իրենց հարցերի լուծումը փորձում են փնտրել կամ իշխանավորներին դիմում գրելով, կամ ընդդիմադիր միտինգներ գնալով: ՀԱԿ-ի մարդաշատ հանրահավաքներն էլ պայմանավորված են դրանով: Եթե լուծում չտեսնեն, որեւէ տեղում պայթյունն անխուսափելի է:



Անուշ ՍԵԴՐԱԿՅԱՆ



քաղաքագետ-փորձագետ