Արդարադատության նախարարը հովանավորում է ՔԿՀ-ի սուտը

Արդարադատության նախարարը հովանավորում է ՔԿՀ-ի սուտը
«Առայսօր ոչ միայն պահպանվում են Նիկոլ Փաշինյանի իրավունքների ապօրինի սահմանափակումները, այլեւ փետրվարի 24-ից ի վեր առավել ահագնացել են»,-երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի պաշտպան Վահե Գրիգորյանը:



Ավելին, եթե առաջ նրա լրագրողական գործունեությունը խոչընդոտվում էր նամակները, հոդվածները «Հայկական ժամանակ» չուղարկելով, ապա փետրվարի 24-ին Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խուզարկություն, եւ նրա մոտից առգրավվել են բոլոր գրենական պիտույքները, ինչը խոսում է նրան արտաքին աշխարհից վերջնականապես մեկուսացնելու փորձի մասին: Վահե Գրիգորյանը տեղեկացրեց, որ «երեք անգամ բաց տեքստով» հորդորել եւ անգամ սպառնացել են Փաշինյանին, որ հոդվածներ չգրի եւ չուղարկի խնբագրություն։ Նույնիսկ փաստաբանին են փորձել համոզել, որ Փաշինյանին հորդորի հոդվածներ չգրել։  Փաստաբանը նշեց, որ իրեն ոչ մի անգամ թույլ չեն տվել  առանձնատեսակցության ձեւով հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: «Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչները միշտ ներկա են լինում: Նրանք մաքսիմում 3-4 մետր հեռավորության վրա են նստում, որպեսզի կարողանան լսել նաեւ մեր շշուկները: Ցանկացած վայրկյան, երբ Փաշինյանը գրիչը վերցնում է ձեռքը, գալիս-նստում են կողքը եւ արգելում են գրել»,-ասաց փաստաբանը եւ հավելեց, որ այդ մասին ինքը բազմաթիվ բողոքներ է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկվում:



Մի բան էլ քրեակատարողական հիմնարկն է հերքում, որ նման խախտում է տեղի ունեցել: «Արդարադատության նախարարը էֆեկտիվորեն հովանավորում է քրեակատարողական հիմնարկի կողմից տրամադրվող բացահայտ սուտը»,-ասաց Վահե Գրիգորյանը: Նա բառացիորեն մեջբերեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի անդրանիկ ասուլիսի ժամանակ արված հայտարարությունը, որ տարված ծառայողական քննությունն իրեն՝ նախարարին չի գոհացնում եւ կնշանակի նորը: Սակայն մինչ օրս նախարարության կողմից որեւէ ծառայողական քննություն այդպես էլ չի իրականացել: Փաստաբանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն չունի անգամ իր հարազատների հետ հոդվածները դուրս ուղարկելու, քանի որ յուրաքանչյուր հանդիպումից առաջ նրան մանրազնին խուզարկում են: Վերջերս, հերթական խուզարկության ժամանակ, նրա մոտից ծրար են առգրավել, որը վերաբերում էր իր նկատմամբ կիրառվող հետապնդումներին եւ պետք է ուղարկվեր Եվրոպական դատարան: Այնուամենայնիվ Փաշինյանի նկատմամբ կիրառվող ճնշումների վերաբերյալ ողջ փաթեթը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը, Վահե Գրիգորյանի խոսքով, առաջին իսկ հնարավորության դեպքում կքննվի:



Փաստաբանը երեկ լրագրողներին փոխանցեց նաեւ Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որ այսուհետ ամեն օր մեկ նամակ է փոխանցելու «Արթիկ» ՔԿՀ-ի ղեկավարությանը, եւ խնդրել է բոլոր լրագրողներին ամեն օր փորձել տեղեկանալ, թե արդյոք այդ նամակները հասնո՞ւմ են խմբագրություն, թե՞ ոչ: