Ոչ լռել եւ ոչ էլ այնքան խոսել, գործել է պետք

Ոչ լռել եւ ոչ էլ այնքան խոսել, գործել է պետք
Ազատության հրապարակում անցկացվող մտավորականների բողոքի «լուռ» ակցիան դադարեցվել է: «Լռության ուխտ» վերնագրված նախաձեռնությունը 10 օր տեւեց եւ շատ քննադատությունների արժանացավ: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի 15-օրյա հացադուլից հետո երկրի մի խումբ մտավորականներ հայտարարեցին Ազատության հրապարակում ինքնաբուխ ակցիա անցկացնելու մասին, որի մեկնարկը տրվեց ապրիլի 2-ին:



Սկզբում հայտարարվել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանի նստած աթոռին ամեն օր, երեկոյան ժամը 17-ից սկսած, մոտ հինգ ժամ երեք հոգի իրենց բողոքն էին արտահայտում՝ չէին ուտում, չէին խոսում, միայն լռում էին: Նկատենք, սակայն, որ մտավորականների «Լռության ուխտը» վերջին մի քանի օրերին կայացավ հասարակ քաղաքացիների, ազատամարտիկների եւ այլոց շնորհիվ, այն պարագայում, երբ ակցիայի մեկնարկից առաջ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները, ովքեր համակարգում էին մտավորականների նախաձեռնությունը (գրանցում էին մասնակիցներին, հերթագրում), հայտարարել էին, որ բազմաթիվ մտավորականներ են հերթագրվել:



Ինչեւէ, փաստն այն է, որ ակցիան հասարակական լայն արձագանք չգտավ. քաղաքացիներից շատերը երեկ մեզնից էին տեղեկանում, որ նման բան է եղել: «Հասարակությունն ամեն ինչին համարժեք է արձագանքում, համենայնդեպս այս ակցիան հասարակության մեջ մտքի խմորում չառաջացրեց»,-մեզ հետ զրույցում նկատեց նաեւ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը: «...Հիմա մենք այն իրավիճակում ենք, երբ ավելի շատ գործ է պետք»,- հավելեց նա: Խոդիկյանը «հարգում է» ցանկացած մարդու որոշում եւ կարծիք՝ երկրում փոփոխություններ իրականացնելու գործում, բայց եւ նշում է, որ ինքը «խոսող պայքարի կողմնակից է»:



«Լռությունը երբեմն խոսքերից ավելի խոսուն է, բայց հիմա ոչ լռել եւ ոչ էլ այնքան խոսել է պետք, քան լինել քաղաքացի՝ բառի բոլոր իմաստներով, որը ներառում է եւ լռելը, եւ խոսելը, եւ որ ամենակարեւորն է՝ ավելի ակտիվ գործելը»,-ասաց դրամատուրգը: Մինչդեռ կարեւորը, «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանի խոսքով, իրավիճակին արձագանքելն է. «Ամեն քայլ արդյունք տալիս է, թեկուզ փոքր չափի: Կարեւորը՝ չհանդուրժել էս վիճակը...»: Հակոբյանի դիտարկմամբ՝ հասարակությունը եւս արձագանքեց ակցիային. «Քաղաքացիներ էին այցելում, սատարում մասնակիցներին» (նշենք, որ մի քանի օր մենք եւս եղել ենք Ազատության հրապարակում, սակայն հատուկենտ այցելուների ենք հանդիպել՝ Լ. Շ.):



«Ակցիայի նպատակը քաղաքացիական հասարակության համախմբումն էր, որպեսզի իշխանությունները հասկանան, որ հպատակ հասարակություն չէ եւ ամեն ինչ չէ, որ հանդուրժելու է, եւ որ համբերության բաժակը հնարավոր է լցվի...»,-ասաց Հակոբյանը: Ավելին՝ եթե «Լռության ուխտը» հատուկ կազմակերպիչներ եւ համակարգողներ ունենար, ապա, Հակոբյանի համոզմամբ, այն շատ ավելի երկար կտեւեր եւ մեծ ազդեցություն կգործեր: «Բայց ինչպես ինքնաբուխ սկսվեց, այնպես ինքնաբուխ էլ ավարտվեց»,-ասաց նա, եզրափակելով. «Դա ընդամենը էմոցիոնալ ակցիա էր, բողոք ներկա իրավիճակի, որը եղավ: Ամեն ինչ, ինչպես եւ այս ակցիան, ունենում է սկիզբ եւ վերջ...»:



Նշենք, որ «Լռության ուխտին» մասնակցել են նաեւ Հրանուշ Խառատյանը, Նիկիտա Զարուբյանը, Լարիսա Ալավերդյանը, Անահիտ Տոնոյանը, Կարինե Դանիելյանը, Կարինե Հակոբյանը եւ այլք: