Ով է վարկաբեկում

Ով է վարկաբեկում
Երեկ մի ուշագրավ գրություն է տարածել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհուրդը: ԵՊԼՀ ուսխորհուրդը վրդովված է, որ մի խումբ ուսանողներ զբաղված են համալսարանից հեռացված դասախոսի՝ Ն. Մարգարյանի ճակատագրով եւ այդ առիթով բողոքի ակցիաներ են անում: Մի խայտառակ տեքստ են գրել ռեկտորամերձ նոմենկլատուրային ուսանողները՝ դատապարտելով Ազատության հրապարակում ուսանողների հավաքվելու փաստը: Հայտարարել են, որ այդ պահվածքը «վարկաբեկում է ԵՊԼՀ-ի եւ ԵՊԼՀ ուսանողական խորհրդի բարի անունն ու համբավը»:



Ավելին՝ «ԵՊԼՀ ղեկավարությունը միշտ լսում է այն բոլոր առաջարկները, որոնք ներկայացվում են ՈՒԽ-ի կողմից եւ կայացնում ուսանողների շահերից բխող համապատասխան որոշումներ»,- քծնանքի աներեւակայելի որակ է դրսեւորել ուսանողների այս խումբը: «Ազատության հրապարակում հավաքվելու փորձերն անիմաստ էին, քանզի մենք` ուսանողներս, կարող ենք պատասխաններ գտնել մեզ հուզող հարցերին հենց համալսարանի ներսում», ուստի «ավելի ճիշտ կլինի բոլոր մտահոգությունների, դժգոհությունների եւ առաջարկությունների մասին դիմել ԵՊԼՀ ուսանողական խորհուրդ»,- գրել են նրանք: Ողջ աշխարհում ուսանողները պայքարի մարտիկներ են, նորի, հեղափոխականի կրողներ, նրանք հասարակության շարժիչ ուժն են՝ զգայուն ամեն մի անարդարության նկատմամբ: Իսկ մերոնք, ինչպես տեսաք, ռեկտորատի կամակատարներն են ու ցանկացած պայքարի թշնամի: