5 բուհ՝ ռեկտորի 4 դիմում

5 բուհ՝ ռեկտորի 4 դիմում
Ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար երեւանյան 4 բուհերի ժամանակավոր պաշտոնակատարներն արդեն հայտեր են ներկայացրել, բացի մեկից՝ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մազմանյանից: Երեկ մեզ հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը. «Երեկ դիմումի հայտ ներկայացրեց տնտեսագիտականի պաշտոնակատար Կորյուն Աթոյանը, այսօր էլ՝ բժշկականի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը:



Մինչ այդ դիմումի հայտեր էինք ստացել ճարտարապետաշինարարականի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանից ու Ռուզան Հակոբյանից՝ Գավառի պետական համալսարան: Թատերականից դեռ դիմում չենք ստացել: Ընդհանուր առմամբ՝ այս պահին 4 անձնական գործ կա ինձ մոտ, ուրիշ ոչ մի դիմող չի եղել»: Ռուզաննա Գրիգորյանը տեղեկացրեց, որ անկախ այն բանից՝ ռեկտորի դիմումների թիվը կլինի 1-ը թե 11-ը՝ մրցույթ է անցկացվելու: Բայց 1 հայտի դեպքում դա արդեն կլինի ոչ թե մրցույթ, այլ՝ ընտրություն. «Հայեցակարգն է ներկայացվում, հետո փակ, գաղտնի քվեարկությամբ «կողմ», «դեմ» սկզբունքով քվեարկում են»:



Տիկին Գրիգորյանը նշեց, որ դեռ երբեք այսպես չէր եղել, եւ նախորդ՝ 2006-ի ընտրությունների դեպքում, պաշտոնակատարներից բացի, գոնե 1-2 դիմող լինում էր: Սա խոսում է մի բանի մասին՝ Հայաստանում բոլոր մակարդակներում ընտրությունները ոչնչացված են, եւ անգամ նրանք, ովքեր կուզենային մասնակցել մրցույթին, անիմաստ են համարում դա, երբ կա իշխանության կողմից նշանակված պաշտոնակատար: Ռ. Գրիգորյանը ներկայացրեց նաեւ հայտերի ընդունումից հետո մինչեւ մրցույթի օրը տեղի ունեցող ընթացակարգը. «Հայտի վերջնաժամկետի հաջորդ օրը համապատասխան բուհի խորհրդի նախագահը, քարտուղարը կամ լիազորված որեւէ անձ ստացականով գալիս է նախարարություն, որտեղ մենք, հայեցակարգի հետ միասին, իրեն ենք հանձնում մրցույթի մասնակցի անձնական գործերը:



Նրանք բազմացնում են այդ փաթեթը խորհրդի անդամների թվին համապատասխան, ովքեր մինչեւ ընտրության օրը ծանոթանում են տվյալ մարդու անձնական գործին, նրա ներկայացրած ծրագրին, հայեցակարգին, հետո՝ համապատասխան տվյալ բուհի ընթացակարգի, անցկացվում է ընտրությունը»: Նշենք, որ երեւանյան 5 բուհերի ռեկտորների ընտրությունները տեղի են ունենալու հաջորդաբար՝ ապրիլի 26-ին, 27-ին, 29-ին, 30-ին եւ մայիսի 4-ին: