Ըմբռնումով եւ հումորով

Ըմբռնումով եւ հումորով
Ի պատասխան վերջին օրերին մամուլի որոշ միջոցներում  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերաբերյալ վերլուծությունների, ըստ որոնց՝  կուսակցությունն ակնհայտորեն քաղաքական պասիվություն է դրսեւորում, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Պետք է նկատել, որ նման, այսպես կոչված, վերլուծությունները զարմանալիորեն համընկնում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ միջազգային կապերի ակտիվացման եւ ըստ այդմ՝  կուսակցության հեղինակության բարձրացման հետ։



Ու եթե հետեւում ենք, թե հատկապես որ լրատվամիջոցներում են հայտնվում նման կարգի անլուրջ վերլուծություններ, եւ մտաբերում ենք այդ լրատվամիջոցների հովանավորներին, ապա պատկերը դառնում է ամբողջական։ Ակնհայտ է մեկ բան՝ ԲՀԿ-ի քաղաքական պասիվության մասին այդ հրապարակումները մակերեսային եւ արհեստական բնույթ են կրում եւ ուղղակիորեն հրահրված են:



Իհարկե, ի տարբերություն որոշների, մենք լրատվամիջոցներով ամեն օր չենք պատվիրում մեզ գովերգող նյութեր եւ ռեպորտաժներ եւ ամեն չեղած բան չենք ներկայացնում որպես աննախադեպ ծրագիր կամ ձեռքբերում: Այս իմաստով գուցեեւ կուսակցությունը պասիվ է, ես ընդունում եմ։ Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է։ Իսկ իրականությունն այն է, որ շատ լուրջ աշխատանք է կատարվում կուսակցության ներսում: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ձեւավորվել են մի քանի աշխատանքային խմբեր` համալրված ոլորտների լավագույն մասնագետներով: Մշակվում են լուրջ ծրագրեր հանրային կյանքի բոլոր ոլորտների վերաբերյալ:



Ծրագրեր, որոնք չեն լինելու թղթի վրա գրված պարզ ցանկություններ, այլ լինելու են հստակ քայլերի հաջորդականություն, որը մեր ժողովրդի համար լինելու է ընդունելի եւ ընկալելի: Այդուհանդերձ, ես հասկանում եմ այն դրդապատճառները, որով առաջնորդվում են ԲՀԿ-ի մասին բամբասանքներ եւ «վերլուծություններ» պատվիրողները:



Դա առաջին հերթին Ծառուկյանի անձնական բարձր վարկանիշն է  եւ այն կոնսոլիդացիան, որն այսօր կա ԲՀԿ-ի շուրջ: Իհարկե, մենք այդ պատվերներին պատրաստ ենք շարունակել ըմբռնումով ու նաեւ մի քիչ էլ հումորով մոտենալ, որովհետեւ հասկանում ենք, որ շատերի համար դժվար է համակերպվել ԲՀԿ նախագահի հեղինակության ու ժողովրդականության հետ։ Բայցեւ մենք ուշադիր հետեւում ենք այդ կարգի հրապարակումներին, եւ կարծում եմ՝ մոտենում է այն պահը, երբ  պատվիրատուների մասին մի շարք ճշմարտություններ մենք նույնպես կդարձնենք  հանրության քննարկման առարկա: Սակայն, ի տարբերություն այլոց, առանց լրագրողների ետեւում թաքնվելու»:



ՀԳ - Թեեւ տիկին Զոհրաբյանի խոսքից չի հասկացվում, թե որ թերթերում եւ ինչ հոդվածների մասին է խոսքը, սակայն ակնհայտ է, որ փորձ է արվում  ԵԽԽՎ-ում ծավալած իր գործունեությունը եւ դրան առնչվող հոդվածները կապել ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի անվան հետ: Մինչդեռ անգամ քրեական օրենսգրքում «պատժի անհատականացման» հասկացություն գոյություն ունի, էլ չենք խոսում քաղաքական գործունեության եւ հատկապես արտաքին քաղաքականության մեջ ունեցած դերակատարման մասին: Եվ մի բան էլ՝ արժեր, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ խաղաղ վերաբերվեր իր մասին գրվող հոդվածներին եւ դրանց բոլորի ետեւում  պատվերներ ու թշնամիներ չփնտրեր: «Պատվերների» առկայության դեպքում դրանք շատ ավելի դաժան կլինեին եւ սեւացնող: