Գիշերը ստվերի տակ

Գիշերը ստվերի տակ
Երբ առավոտյան տղան բացեց աչքերը, սոխակի գլուխը չկար: Նա ձեռքը մտցրեց վանդակի մեջ, դուրս հանեց փայտացած թռչնակին ու սկսեց լիզել մարմնի` գլխից անջատված մասը: Թռչնի արյունը քաղցր էր ու տաք: Նա ուշադիր զննեց վանդակի շուրջբոլորը, սակայն գլուխը չգտավ: Մայրը քնած էր կողքի մահճակալին: Ճերմակ ազդրը դուրս էր սահել վերմակի տակից: Նա մի կերպ իջավ անկողնուց, մոտեցավ մորը ու փոքրիկ մատներով շոյեց դեղձի կճեպ հիշեցնող թավշյա մաշկը: Մի անգամ բաղնիքում տեսել էր, ինչպես էր մայրը խնամքով սափրում օճառոտ ոտքը, վերջում կրեմ էր քսում, որից թթվասերի հոտ էր բուրում: Նա սիրում էր այտը կատվի պես քսել մոր նուրբ, մաքրված մաշկին, տարբերվող` հոր ածիլված երեսից, որի հպումը ցավ էր պատճառում նրան:



Կամացուկ բռնելով վերմակի ականջուկը, նա ծածկեց մոր ազդրը  վերադարձավ անկողին: Լիզելով նա մաքրեց նաև սոխակի փետուրներին չորացած արյունը, դարակից վերցրեց մանրատամ սանրն ու խնամքով փարթամեցրեց դրանք: Մոտենալով պատուհանին` սոխակի թևիկներից մի քանի փետուր պոկեց, խոթեց գրպանը ու բաց փեղկից շպրտեց ցած:



Նա փախե՞լ է: Դու բացե՞լ ես դռնակը: Մայրն առավոտյան անհանգիստ շրջում էր հիվանդասենյակում, կռանում էր, սոխակին փնտրում մահճակալների տակ, հարցուփորձ էր անում դեղնախտով հիվանդ երեխաներին` չե՞ն նկատել արդյոք իր որդու թռչնակին: Հիվանդասենյակի ծայրամասի մահճակալին պառկած տղան ասաց, որ գիշերը տեսել է նրան: Նա կապույտ, տխուր աչքեր ուներ ու մեղկ դիմագծեր, գրեթե միշտ պառկած էր անկողնում: Երեխային բերել էին ծանր վիճակում. սկզբում օրգանիզմը չափազանց թույլ էր ու հյուծված, սակայն բավականաչափ կազդուրվելուց հետո էլ նա չէր թողնում մահճակալը, դժկամությամբ էր պատասխանում բժշկի հարցերին, հանկարծակի թքում էր նրա ձեռքին ու ոտքերով հարվածում: Դու տեսե՞լ ես իմ տղայի սոխակի՞ն: Հա, տեսել եմ. գիշերը նա կանգնած էր պատուհանի գոգին: Պատուհանի գոգի՞ն: Փորձում էր թռչե՞լ փեղկից: Չէ’, օգնություն էր կանչում: Օգնությու՞ն: Տղան լռեց ու նեղսրտած շրջվեց պատի կողմը:



Երեխաները սսկվում էին, երբ լսվում էր բուժքրոջ սայլակի ճռճռոցը: Հերթական սրըսկումն իր հետ բերում էր նրանց աղեկտուր լացի ու կատաղի դիմադրության մշտօրյա ալիքը: Սրսկումները չէին հուզում միայն երկուսին: Բուժքույրն առաջին անգամ հաճույքով էր անում այդ: Ասեղը մաշկի տակ մտցնելիս զարմանքով նայում էր փոքրիկ տղային, որի դեմքին ոչ մի մկան չէր թրթռում, մյուս տղան նույնպես, սրսկման ընթացքում թափառող հայացքը հառում էր սոխակի դատարկ վանդակին` անտեսելով ասեղի մուտքն ու ելքը: Մի անգամ բուժքույրը միտումնավոր ցավեցրեց տղային, իսկ նա միայն թեքեց գլուխը ու մեղմ նայեց աչքերի մեջ. բուժքույրը փախցրեց հայացքը. մի տեսակ անկյանք չարության փայլ կար այդ աչքերում:



Գիշերը նա հանեց սոխակի գլուխն ու լուսնի լույսի տակ երկար տնտղեց գազարագույն կտուցը, հետո մատների բարձիկներով շոշափեց սև աչուկները: Դրանք ապակիների նման պաղ էին ու սղլիկ: Տղան սկսեց հեկեկալ, գլուխը մտցրեց վերմակի տակ, որ ձայնը չլսվի: Որոշ ժամանակ անց լացն ինքնիրեն անցավ: Սավանի վրա չորացնելով աչքերը` նա իջավ մահճակալից, ոտնաթաթերով շոշափեց հատակը, գտավ մոր հսկա հողաթափերը, հագավ և անաղմուկ քայլեց մահճակալները բաժանող միջանցքով:



Երազում անհավանական չափերի հասնող սոխակի գլուխը ցատկոտում էր հիվանդասենյակի առաստաղին: Տագնապով նա բացեց աչքերը: Քրտնքից թրջված վերնաշապիկը սոսնձվել էր մեջքին, ուզում էր ձայն տալ մորը, սակայն մտափոխվեց, դուրս հանեց թռչնակի գլուխը: Կտուցը ու աչքերը չկային: Նա փորձեց կուլ տալ գլուխը, սակայն չստացվեց, չափազանց մեծ էր, հանեց բերանից ու տեղավորեց գրպանում: Հագնելով մոր հողաթափերը` առաջացավ պատուհանի մոտ, անաղմուկ բացեց ու դուրս շպրտեց գլուխը:



Օրըստօրե առույգացող երեխաներն աղմկում էին, վազվզում, հրմշտում իրար, փոխանակում էին խաղալիքները, ծիծաղում էին, տեղաշարժում մահճակալները: Այդ խաղերին երբեք չէին միանում հիվանդասենյակի տարբեր ծայրամասերում պառկած տղաները: Մերթընդմերթ նրանք շրջվում էին, սևեռուն ուսումնասիրում միմյանց ու կրկին թեքվում էին պատի կողմ: Ինչու՞ չես խոսում, ինչու՞ չես շփվում երեխաների հետ. անհանգստանում էր մայրը: Մի’ տխրիր, մենք քեզ համար նոր սոխակ կգնենք: Չէ’, ուրիշը չեմ ուզում: Ցերեկային ժամերին մայրը համոզում էր նրան թողնել մահճակալը, դուրս էր հանում, քայլեցնում միջանցքում, բայց տղան շուտ ձանձրանում էր, վերադառնում անկողին: Նա ատում էր բոլոր աղմկող երեխաներին, որոնց ծիծաղը մոռացնել էր տալիս գիշերային իր երազները:



Խոր քնած մայրը չէր զգում քթին քայլող ճանճին: Նա կանգնել էր մոր գլխավերևում ու նայում էր նրա գիշերանոցի փոռիկներին, որոնց համար անտանելիորեն ամաչում էր: Գիշերները նա միշտ ուզում էր ոտքով ճզմել, բռունցքով ուժգին հարվածել մոր փորին ու հազիվ էր զսպում հոգում վառվող այդ ցանկությունը: Վերջին պահին ոտքն անշարժանում էր: Նա մտածում էր` ինչու՞ են մոր ոտնաթաթերը այդչափ մեծ և ինչու՞ են հոր ոտնաթաթերը այդչափ փոքր, ինչու՞ են մոր ոտնաթաթերը նման շուկայում վաճառվող հսկա ձկներին: Նա ամեն օր` լուսաբացին, սրտատրոփ շոշոփում էր իր ոտնաթաթերը` տագնապով, որ մի օր նրանք կվերածվեն ձկների ու կսկսեն թպրտալ:



Վերմակի տակից տղան մի մեծ թիթեռ հանեց, որին սպանել էր երեկոյան` պատուհանագոգին: «Անտառային երկրաչափ» էր` տգեղ, համարյա սև: Թևիկների բացվածքներով շագանակագույն պուտիկներ էին սփռված, սեխաձև թանձր կաթիլներ, իսկ մազոտ իրանը գորշ էր ու կծկված: Այս անգամ ոտաբոբիկ նա մոտեցավ սոխակի վանդակին, բացեց դռնակը ու թիթեռին դրեց մեջը, ապա շրջվեց ու նայեց տղայի մայրիկին: Նա գեղեցիկ էր և գիշերանոցի վրա փոռիկներ չուներ:



Տղան բացեց աչքերը ու տեսավ ճաղերի ետևում լուսաբացի ցոլքի մեջ թևող ուրվապատկերը: «Սոխակը վերադարձել է», բայց երբ կանաչ հեղուկը ցրվեց, հասկացավ, որ վանդակում պառկածը` թիթեռ է: Նա դուրս հանեց թիթեռին, մտցրեց ծոցը, տարավ անկողին:



Հայրը, ձմերուկի ստվերի մեջ կանգնած, նայում էր հիվանդասենյակի պատուհանին: Հայրդ ուզում է տեսնել քեզ, մոտ արի, դու արդեն ազդում ես նյարդերիս վրա: Տղան չէր լսում մորը: Շշնջալով հաշվում էր նրա երեսի խալերը. յոթն էին: Մի քանիսի մակերեսին երկար, կարճ մազիկներ կային, մյուսները պեպեններից աննշան էին տարբերվում ու երևում էին միայն այն ժամանակ, երբ մայրը հոգոց հանելիս փչում էր այտերը: Չե՞ս հասկանում` նա քեզ համար է եկել, վեր կաց, շարունակում էր նա: Հայրը երկար սպասելուց հոգնեց, ձմերուկն ընդունարանում մերժել էին: Ապակուն արտատպված գոլորշու միջով նա տեսավ հոր հալվող մեջքը և ուսից կախ ընկած երկար, կոպիտ ձեռքը, որի հետքը միշտ երևում էր մոր ձախ այտին…



Երեխաները վախենում էին մթից, մինչև քնելը խնդրում էին չանջատել հիվանդասենյակի լույսերը, իսկ նա միայն խավարում էր գծագրում մտքին եկած բոլոր պատկերները: Լյարդի փքվածությունը գնալով իջնում էր: Դա երևում էր պատին ընկած նրա ձվաձև ստվերից, որ հետզհետե փոքրանում էր: Ողջ գիշեր նա խաղում էր հիվանդ երեխաների ստվերների հետ, կռվում նրանց դեմ: Ստվերները խորմանկ էին, նրանք երբեք չէին աղմկում, պոկվում էին անակնկալ տեղերից, օձերի պես սողում էին ոտքերի վրայով, սահում ուսով, փաթաթվում պարանոցին, շոյում էին շուրթերը, վերածվում էին հսկա կրծքերի, պաղպաղակների, չարաճճի մկնիկների:



Նա ամեն անգամ փորձում էր որսալ պահը, պինդ համբուրել նրանցից մեկին, բայց ստվերները կտրուկ էին ու արագաշարժ: Ճարպկորեն ետ քաշվելով` նրանք լցվում էին տղայի մազերի մեջ, թռչում, բախվում ջահերին, ցրիվ էին գալիս: Աստղաթև բեկորները թափվում էին մանրահատակին, ներծծվում, լճանում, ողողում սենյակի ողջ տարածքը: Նա վերցրեց կրծքավանդակի վրա դրված թիթեռի պոկված թևիկները, բթով ու ցուցամատով շոշափեց: Անձեռոցիկի պես բարակ էին ու անզոր:



Տղան ճոճվելով իջավ անկողնուց: Մայրն այս անգամ պառկած էր փորի վրա, խառնշտված վարսերը կոծկել էին դեմքի կեսը: Մի մազափունջ ընկել էր կիսաբաց շուրթերին ու տաք ու թույլ շնչառությունից թրթռում էր: Այդ գիշեր մայրը հագել էր իր ամենասիրելի սպիտակ գիշերանոցը, առանց ասեղնաթել գործվածքների, որ գծագրում էր մարմնի ողջ հմայքն ու փխրունությունը, կորերի ալիքները, մաշկի հարթությունը, փոսիկների անհպելի քնքշությունը, կծկված ուսերի մենակությունը, զգայուն կրծքերի քաշվածությունը: Տանը նա բոլորից ծածուկ միշտ գրկում էր մոր սպիտակ գիշերանոցը, համբուրում, թոքերի մեջ էր քաշում հոտը, փռում էր բազմոցին, ուղղում սխալ ծալքերը: Նա մտածում էր` գիշերանոցը մոր մաշկն է ու միակ պաշպանը:



Երբ մայրն ու հայրը գնում էին քնելու, նա ողջ գիշեր լաց էր լինում մոր համար ու սեղմում էր բարձի տակ թաքցրած խոհանոցային դանակի պոչը` պատկերացնելով, թե ինչպես է նրա նրբին մարմինը ճկվում հոր գարշելի, խոշոր ոսկորների տակ, ինչպես է նա կեղտոտ, անհարթ ձեռքերով հանում մոր գիշերանոցը ու փաղաքշում մարմինը, ինչպես են նրա բրդոտ ոտքերը քերծելով արյունոտում մաշկը: Տղան զարմանում էր ու մեկառմեկ խղճում մոր բոլոր գիշերները` հույսը դնելով նրա սպիտակ գիշերանոցի վրա: Կարմիր տրամվայի մեջ նըստած կամ փողոցով քայլելիս` մարդկանց մեջ մոր համար հորը փոխարինող տղամարդ էր փնտրում` հիմնականում ուշադրություն դարձնելով նրանց մատներին, եթե երկար էին, մանրոսկր, կիսաթխավուն մաշկով, ոչ ջղաձիգ կըծկումներով, ապա տղայի հավանությանն էին արժանանում: Նա զգում էր, որ այդպիսի մատները երբեք չեն ցավեցնի մորը, փափկորեն կխրվեն նրա մարմնի մեջ ու կսիրեն բոլոր շերտերը: Տղան խորը հոգոց էր հանում:



Ազդրերը թրջվեցին: Մեզը հոսելով լցվեց հողաթափերի մեջ, ծորաց մանրահատակին: Նա թիթեռի թևիկները դանդաղ իջեցրեց մոր մեջքին և նայեց վերև: Առաստաղին ուրվագծված հսկա ստվերը, սարսափելի տեսք ստանալով, կլանեց լույսի վերջին կապտագույն շողը:



Հիվանդասենյակում այժմ իսկական լռություն էր: Տղան բարձի տակից դուրս քաշեց երկարափող, քանդականախշ պոչերով ատրճանակները, ապա մոր թաշկինակով սկսեց հերթով փայլեցնել փողերը: Որոշ ժամանակ անց գոհանալով աշխատանքից` խնամքով հարդարեց անկողինը, թաշկինակը դրեց տեղը ու քայլեց միջանցքով: Հասնելով տղայի մահճակալին, նա լուռ նստեց անկողնուն` երկու ձեռքում պինդ պահելով ատրճանակները: Քնած ե՞ս: Չէ, քեզ էի սպասում. երեկ հայրս էր եկել, ձմերու՞կ էր բերել. տեսա՞ր: Հա’, տեսա: Ո՞նց, պատուհանի մոտ, մենակ ես էի կանգած: Ես քո ետևում էի: Նա ծեծու՞մ է քեզ: Չէ’, մորս: Ինչի՞ համար: Չգիտեմ: Հայրս քո նման ցանցառ մազեր ունի: Իմ նմա՞ն: Հա’. նրա մազերը չեն սանրվում: Դու արդեն հարդարե՞լ ես անկողինդ: Մի րոպեից կվերջացնեմ:



Նրա կապույտ աչքերը լուսավորեցին ճանապարհը: Տղաները դուրս եկան հիվանդասենյակից ու իջան ոլոր աստիճանավանդակով: Պահակը քնել էր ու չնկատեց հիվանդանոցի գլխավոր մուտքից տղաների դուրս գալը: Աշնանային սառը քամին ու թթվածնի առատ հոսքը միանգամից սթափեցրին նրանց թմրած մարմինները: Երկար գիշերանոցներն սպիտակ ուրուների տեսք էին հաղորդել երեխաներին, որ ասես, առանց գետնին կպչելու, սահում էին անօդ տարածության միջով` տրվելով քամու հոսքին:



Մանր անձրև էր տեղում: Նրանք անցան նեղլիկ փողոցը, մտան դիմացի պուրակ, քայլեցին ծառուղով: Անձրի կաթիլները հավաքվել էին կոր տերևների մեջ, այնտեղից առատ շիթով թափվում էին տղաների գլուխներին, ուսերին: Նրանք լրիվ թրջվեցին: Ճանապարհին նա կանգնեց ու հանեց հողաթափերը: Արի մինչև տեղ հասնելը, ճզմենք գետնին ընկած տերևները: Տղան մի պահ երկմտեց, բայց չդիմանալով գայթակղությանը, հանեց մեծ հողաթափերը և վազեց ընկերոջ ետևից: Ուրախ բացականչություններով նրանք տրորում էին շաղ եկած բոլոր տերևները, վազում նոր արահետներով, հաճույքով մխճվում էին հողի մեջ, բռով վերցնում այն, քսում կաթնային մարմիներին, բացում էին բերանները, ցնցում ծառերի ճյուղերը, խմում առվահոսող անձրևաջուրը, ընկնում, բարձրանում, թափահարում էին ձեռքերը, քսվում ծառաբներին:



Շուտով նրանք դուրս եկան բաց հարթավայր ու լռեցին:



Անձրի կաթիլները վազում էին նրանց մազերի ծայրերով, հոնքերի երկայնքներով, թարթիչների արանքներով, ետ էին ծորում, զրնգում էին սիզախոտերին, իսկ հրճվանքի արդյունքում արտադրված քրտինքի կաթիլներն, անշարժ ջերմացնում էին նրանց շառագունած այտերը: Եթե իմ ոտքին քերծվածք լինի, առաջինը դու կկրակես, եթե քո ոտքին քերծվածք լինի, առաջինը ես կկրակեմ: Նրանք վեր քաշեցին գիշերանոցները: Տղայի ծնկին ճյուղից մնացած բարակ, անարյուն վերք կար` հարթ եզրերով: Նրանք կանգնեցին դաշտի կենտրոնում, շուռ եկան ու սկսեցին քայլել` ընթացքում բարձրաձայն հաշվելով յուրաքանչուր ոտնաքայլը: Ձայները գնալով հեռվանում էին: Շուտով լրիվ խլացան:



Շրջվելով` նա փորձեց խավարի մեջ առանձնացնել նրա գիշերանոցի սպիտակ ծալքաեզրերը, սակայն հեռվում` նրա կանգնած տեղում, միայն թույլ առկայծումներ էին նկատվում, կարծես, ինչ–որ մեկը լապտերիկով ազդանշան էր տալիս: Նա պարզեց ատրճանակը, մատը դրեց ձգանին ու փորձեց հեռվում երևացող որևէ կայծիկի ուղղությամբ նշան բռնել: Ձեռքը դողաց: Մյուս ձեռքը ևս մոտեցրեց, լրիվ գրկեց ատրճանակի պոչը ու հանկարծ սկսեց ընկնել: Անկման մեջ միայն նրան հասավ ատրճանակի խուլ որոտը և ճակատից ցայտող շատրվանի ուրախ ճողփյունը:



Նա վազելով մոտ եկավ. կանգնեց տղայի գլխավերևում: Նրա բաց աչքերի սև բիբերը լայնանալով ծածկել էին սպիտակուցները և նմանվել սոխակի աչքերին: Նա կռացավ, ցուցամատով փակեց տղայի կոպերը, վերցրեց խոտերի մեջ ընկած ատրճանակը, ապա երկու ձեռքով շրջեց նրան: Գրպանից հանեց թիթեռի թևիկները, դրեց մեջքին ու նայեց վերև: Այդքան մեծ ստվեր նա երբեք չէր տեսել: