Ոստիկանությունը խրախուսում է խուլիգանությունը

Ոստիկանությունը խրախուսում է խուլիգանությունը
Այսօր մենք ստացանք ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի Կենտրոնական քննչական բաժնի որոշումը, որով մերժվել է հայտնի Մառոզի՝ Մարգարիտա Խաչատրյանի դեմ քրեական գործի հարուցումը: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 21-ին սույն տիկինն իր շքախմբով հարձակվել էր «Հրապարակի» խմբագրության վրա՝ մոտ մեկ ժամ սեռական բնույթի հայհոյանքներ տվել, խանգարել մեր աշխատանքը, բաժակներ կոտրել, մարմնական վնասվածքներ հասցրել ու հեռացել:



Մեր ահազանգին ոստիկաններն արձագանքել էին մոտ 40 րոպե ուշացումով, նրանց գալուց մի քանի րոպե առաջ հարձակվողների խումբը հապճեպ հեռացել էր: Մոտ 10 լրագրողի ներկայությամբ տեղի ունեցած այս միջադեպը մեր փառապանծ ոստիկանները գլխիվայր շուռ են տվել եւ ներկայացրել Մառոզի՝ մեր վրա հարձակվողի «նկարագրությամբ»:



Ոստիկանությունն՝ իր ձեռքին ունենալով լրագրողների բացատրությունները, դատական բժշկի եզրակացությունը՝ որ թերթի խմբագրին պատճառվել է «ձախ դաստակի թիկնային մակերեսի ճանկռվածք», պատին՝ բաժակի հարվածից առաջացած հետքի լուսանկարը, գտել է, որ «Մ.Խաչատրյանի գործողություներում հանցագործության հատկանիշները բացակայում են», ուստի «մերժել է նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը» եւ որոշել է «Մարգարիտա Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել հանցակազմի բացակայության հիմքով»:



Հավանաբար ոստիկանության քննիչ Ա.Մանուկյանը եւ նրա վերադասը ծանոթ չեն Քրեական օրենսգրքի խուլիգանություն հոդվածին: Այն մեջբերում ենք ամբողջությամբ..



Հոդված 258. Խուլիգանությունը



1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝



պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:



2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝



պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:



3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝



1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,



2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով,



3) կատարվել է նախկինում խուլիգանություն կատարած անձի կողմից,



4) զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,



5) զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝



պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:



Խուլիգանություն հոդվածի դիսպոզիցիան, ինչպես տեսնում եք, միլիմետրի ճշգրտությամբ համընկնում է «Հրապարակի» խմբագրությունում տեղի ունեցած միջադեպի հետ. հասարակական կարգը կոպտորեն խախտվել է, անձը ոչ միայն բռնություն է գործադրել, այլեւ բռնության սպառնալիքներ է տեղացել, գույք է փչացրել եւ այդ ամենն արել է մի խումբ անձանց ուղեկցությամբ, կատարվել է նախկինում խուլիգանություն կատարած անձի կողմից (անգամ եթե 2001 թվի խուլիգանության համար Մառոզի դատվածությունը մարված է) եւ զուգորդվել է բացառիկ ցինիզմով:



Անշուշտ միամիտ կհնչի հարցադրումը՝ եթե հարցնենք, թե ի՞նչն է պատճառը, որ ոստիկանությունը մերժել է քրգործի հարուցումը: Հայաստանում նման գործելաոճը սովորական բան է: Բայց սա արվում է մամուլի, լրագրողների նկատմամբ, ինչը նշանակում է, որ իրավապահների անպատժելիությունը գերագույն չափերի է հասել: Ինչը նշանակում է, որ խոսքի ազատությունը ճնշելու գործընթացն այս իշխանության սկզբունքների մեջ դարձել է գլխավորը: Մեզ փաստորեն ծեծում են, հարձակվում մեզ վրա, հայհոյում, մնում անպատիժ եւ իրենք էլ դատարան դիմում (Մառոզը քաղհայցով դիմել է դատարան):



Հ.Գ. Ոմանք մեզ մեղադրում էին, թե ինչու չենք Սաշիկ Սարգսյանի՝ Մարինե Խառատյանին հայհոյելու դիպվածով դիմում դատարան: Ահավասիկ՝ եթե այսքան ապացույցների ու ակնհայտության պարագայում մերժում են օրը ցերեկով խմբագրություն ներխուժած եւ մեկ ժամ խուլիգանություն արած անձի դեմ քրեական գործի հարուցումը, այն էլ ընդամենը մի դեբոշիր կնոջ պատվերով, ի՞նչ երաշխիք, որ ՀՀ նախագահի եղբոր պարագայում մենք հաջողություն կունենայինք: