Տարածվում է

Տարածվում է
Մոտ մեկ շաբաթ է՝ ողջ հայ հանրությունն ապրում է Սերժ Սարգսյանի հայտարարած առաջիկա համաներման ակնկալիքով: Մի մասը քննարկում է, թե ովքեր եւ երբ դուրս կգան բանտերից, մյուսները կասկածում են, որ ընդհանրապես դուրս կգան: Բոլորի անհանգստությունն անշուշտ Մարտի 1-ի քաղբանտարկյալների ճակատագիրն է: Վատատեսները պնդում են, որ վաղ է այս էյֆորիան՝ «Նիկոլին ու Սասունին չեն թողնելու»: Կոնգրեսի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերին անվերապահ հավատացողներն առարկում են՝ մայիսի 31-ի հանրահավաքին նրանք անպայման ելույթ են ունենալու: Երեկ վերջապես Ազգային ժողովը սկսեց քննարկել համաներման մինչ այդ գաղտնի պահվող տեքստը, եւ որոշ մանրամասներ ի հայտ եկան: Բայց որքան էլ զարմանալի է՝ մենք ազգովի գրավոր տեքստ ընթերցելու եւ ընկալելու խնդիրներ ունենք (գուցե նաեւ կազմելու), ուստի անգամ որոշ իրավաբաններ, սխալ ընկալելով, սկսեցին խուճապ տարածել՝ Նիկոլի վրա չի տարածվում: Բացառությունների շարքում մի կետ կա, որն ասում է, որ եթե նախկինում համաներում է կիրառվել տվյալ անձի վրա, ապա այս անգամ չի տարածվելու, սակայն իրականում խոսքն այն անձանց մասին է, ովքեր «կրկին դիտավորյալ հանցագործություն են կատարել»: Այսինքն՝ կրկնահանցագործների, որի տակ, անգամ շատ մեծ ցանկության դեպքում, Նիկոլին չեն կարող մտցնել: Սակայն խուճապն իր գործն արել էր. սոցիալական ցանցերում սրտի տագնապի նոպաներ գրանցվեցին, հետո սկսեցին իրար աչքալուսանք տալ՝ տարածվում է, տարածվում է: Ի վերջո, Դավիթ Հարությունյանի եւ այլ պատասխանատուների շուրթերով հաստատվեց, որ Նիկոլն էլ է դուրս գալիս: Միակ բաց հարցն այն է, որ համաներման կիրառման վերջնաժամկետ է սահմանված՝ մինչեւ սեպտեմբերի 21-ը: Հուսանք, որ վերոնշյալ անձինք սեպտեմբերի 20-ին չեն ազատվի: