Մեկ ճանապարհ

Մեկ ճանապարհ
Արդարացրե՞ց արդյոք երկար սպասված հանրահավաքը ժողովրդի հույսերը: Իսկ ի՞նչ հույսեր կարելի է կապել հանրահավաքի հետ՝ տրամաբանական հարց կտան շատերը: Մեզանում, ցավոք, քաղաքական պայքարի այլ ընկալում չկա՝ հանրահավաքն ուժի, ծրագրի, վճռականության դրսեւորման, քաղաքական պայքարի միակ ու ճանաչված եղանակն է: Երբ մարդիկ ընտրական իրավունքից զրկված են, փողոցում հավաքվելն իրենց իշխանությունն իրացնելու միակ ձեւն է դառնում: Ուրիշ ի՞նչ կերպ է հնարավոր մասնակից դառնալ երկրում կատարվող իրադարձություններին, թելադրել սեփական կամքը եւ անմասն չմնալ պետության կառավարումից, երբ քաղաքացու քվեն տեղ չի հասնում, եւ նա ստիպված է հաշտվել իր կողմից չընտրված մարդկանց իշխանության հետ: Այս պարագայում քաղաքացուն մնում է միայն ելնել փողոց եւ իշխանափոխություն պահանջել: Ցուցարարը հոգու խորքում անշուշտ գիտի, որ ոչ մի երաշխիք չկա, թե հեղափոխության ճանապարհով իշխանության եկածներն ավելի լավը կլինեն եւ էականորեն կտարբերվեն այսօրվա դեմքերից: Բայց նա ուզում է պատժել սրանց՝ իր ձայնը գողանալու, իր կամքը հաշվի չառնելու, իր անձը նսեմացնելու, իրեն վատ ու նվաստացուցիչ կյանքի դատապարտելու համար: Պատժել, վռնդել ու բավարարված տուն գնալ: Ո՞վ կարող է մեղադրել խռովարարին ու հեղափոխականին: Նա միշտ արդար է ու իրավացի: Եվ եթե անգամ նրա խռովությունից օգտվելու են անարժանները, այս խռովությունը միանգամայն արդարացված է ու օրինական: Նրանք, ովքեր ժողովրդի կամքին դեմ են գնում, պետք է պատժվեն այդ նույն ժողովրդի կամ Աստծո կողմից, որ գրեթե նույնն է: Իսկ ինչպե՞ս անել, որ իշխանությունը ժողովրդի դեմ չգնա, նրա կամքը կատարի ու ենթարկվի նրա հավաքական ուժին: Մի եղանակ կա՝ օրինական ճանապարհով ընտրվելը: