Ձայն բազմա՞ց

Ձայն բազմա՞ց
Բոլոր գործընթացների մեջ մի բան կա, որը ոչ մեկիս կարծես թե չի մտահոգում: Խոսքն այն մասին է, որ ոչ իշխանության, ոչ ընդդիմության գործողությունների վրա ժողովուրդը, հասարակությունը որեւէ ազդեցություն չունի: Անգամ եթե քաղաքական դաշտը կախված է ժողովրդի կամքից ու աջակցությունից, այդ կախումն այնքան անուղղակի է, որ գրեթե նկատելի չէ: Ըստ էության, եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը իրենց գործողությունները կազմակերպելիս երբեք չեն առաջնորդվում ժողովրդի կարծիքով: Ընդհանրապես, Հայաստանում հասարակական կարծիքի ուսումնասիրության, այդ կարծիքը հաշվի առնելու ավանդույթ այդպես էլ չձեւավորվեց: Որոշ ժուլիկներ, իհարկե, պարբերաբար հրապարակում են, թե՝ ժողովուրդն այսպես է մտածում, այս է ուզում, սակայն վստահ կարելի է պնդել, որ դրանք ոտից գլուխ սարքովի են՝ սրա-նրա շահերի սպասարկմանն ուղղված: Այնպես որ, ոչ մեկին հայտնի չէ, թե ինչ է ուզում, ասենք, Իջեւանի Աչաջուր գյուղի բնակիչը, ինչ պահանջ ու պատվեր ունի՝ ուղղված իր իշխանությանն ու ընդդիմությանը: Դա է պատճառը, որ ոչ ոք չի կարող ասել՝ համաձա՞յն է արդյոք ժողովուրդն իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը: Պատրա՞ստ է արդյոք շարունակել կրել Ղարաբաղի խնդրի հետ կապված դժվարությունները: Ուզո՞ւմ է արդյոք, որ իր պետության ղեկավարները շարունակեն Հայաստանը պահել Ռուսաստանի գուբերնիայի կարգավիճակում: Այս եւ մյուս բոլոր հարցերում մեր քաղաքական էլիտան «ինքնուրույն է»՝ երբեք չի հարցնում ժողովրդական զանգվածների կարծիքը: Ավելին՝ արհամարհում է նրան ու նրա դուռը գնում միայն այն ժամանակ, երբ ուրիշ ճար չունի: Ժողովուրդ-իշխանություն, ժողովուրդ-ընդդիմություն հաղորդակցության այս թույլ, աննշմար կապի պարագայում խոսել ժողովրդավարությունից՝ առնվազն ծիծաղելի է: