Սյունիքում վարակված միս ու կաթ չկա

Սյունիքում վարակված միս ու կաթ չկա
Չնայած այս տարի հանրապետություն պատվաստանյութեր ուշ ներկրվելու պատճառով Սյունիքում  ուշացել են պետպատվերի շրջանակներում անասունների պարտադիր պատվաստումները, այնուամենայնիվ մարզում անասունների ու ընտանի թռչունների շրջանում ներկա համաճարակային իրավիճակը կայուն է:



Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ Էդգար Թոխսանցը  հերքեց շրջանառվող այն խոսակցությունները, թե մարզին սահմանակից ազատագրված տարածքներում պահվող անասունների շրջանում տարածված են մի շարք հիվանդություններ: Ավելին՝ այնտեղից միսն ու կաթնամթերքը ներկրվում են Սյունիք:



«Ազատագրված տարածքներում հնարավոր է պարազիտային որոշ հիվանդությունների առկայություն, որոնք մեծ վտանգավորություն չեն ներկայացնում, եւ դրանց դեմ պայքարը պետպատվերի շրջանակներում չէ: Յուրաքանչյուր անասնապահ այդ խնդիրը պետք է լուծի ինքը»,- ասաց Է. Թոխսանցը:



Սյունիքում պետպատվերի շրջանակներում անասունների եւ թռչունների ամենամյա պատվաստումներն ընթացքի մեջ են: Առաջնահերթ պատվաստում են  վտանգավոր հիվանդությունների դեմ: Պարտադիր այս տարի  կպատվաստվեն նաեւ խոզերը՝ աֆրիկյան ժանտախտի, եւ ընտանի թռչունները՝ կեղծ ժանտախտի դեմ:



Ի դեպ, անցած տարի այդ պատվաստանյութերը չկային, ու մարզի որոշ համայնքներում աֆրիկյան ժանտախտ ու թռչունների կեղծ ժանտախտ էր բռնկվել:  Այդ իսկ պատճառով նվազել է ընտանի թռչունների թիվը:



Ավելացնենք, որ  վերջին մեկ տարում Սյունիքում 1620-ով ավելացել է խոշոր եղջերավոր անասունների եւ 2180-ով՝ մանր եղջերավոր անասունների թիվը: