«Հայոց Արծիվներ»-ը` Օձունում

«Հայոց Արծիվներ»-ը` Օձունում
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական-հասարարական կազմակերպության Լոռու մարզային գրասենյակի շուրջ 120 անդամներ հուլիսի 30-ին ուղեւորվեցին  Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ Լոռու արծիվները մաքրեցին  վանքի տարածքը, ջրեցին եկեղեցու բակում անուշադրության մատնված ծաղիկները:



Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցուց երիտասարդները մեկնեցին  Արդվիում գտնվող Սուրբ Հովհան Օձնեցու գերեզման, որտեղ հատուկ հրավիրված մասնագետը երիտասարդներին ներկայացրեց Հովհան Օձնեցու եւ Լոռվա պատմամշակութային կոթողների ստեղծման պատմությունը:



«Հայոց Արծիվներ» հհկ Լոռու մարզային գրասենյակի ղեկավար Արտուշ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք այս կերպ նպատակ ունեն երիտասարդության մեջ սերմանել սեր առ հայրենիք. «Ցանկանում ենք, որպեսզի երիտասարդությունը ճանաչի և պահպանի հայոց աշխարհի պատմամշակութային կոթողները»:



Բուն ծրագրից հետո երիտասարդների համար կազմակերպվեց խաղ-վիկտորինա, որի հաղթողը պարգևատրվեց պատվոգրով և հուշանվերով:



Արշավին մասնակից արծիվների խոսքով` իրենք հնարավորության բացակայության պատճառով շատ հաճախ չեն կարողանում գնալ եւ անձամբ տեսնել հայկական ամրոցները, սակայն նման միջոցառումները իրենց օգնում են ճանաչել, սիրել ու պահպանել դրանք: