Մեր քաղաքը. գերեզմանատներ

Մեր քաղաքը. գերեզմանատներ
Ասում են՝ Ռեյկյավիկում գերեզմանատները մարդկանց համար զբոսնելու ամենահաճելի վայրերն են, որտեղ մարդիկ լռություն ու ապահովություն են գտնում: Սիզախոտի տարածությունը հատելու համար նախատեսված արահետները` գիտակցությունն ու մարմինը չճնշող համեստ դամբանաքարերն ազատ տեղաշարժվելու, զրուցելու, խորհելու տրամադրություն են ստեղծում: Նույնը չես ասի մեր քաղաքի գերեզմատների մասին, որոնց տարածքները ժամառժամ են ընդարձակվում:



Մեռյալները գրավում են ողջերի տարածք: Մեռյալներն ու ողջերը դեմքով ճանաչում են միմյանց ու շատ ժամանակ այլեւս չեն տարբերակվում, ապրում են իրենց սովորական շարժուն ու հավերժ անշարժ կենցաղով:



Շատ գերեզմանատներ համարյա մտել են շենքերի բակեր, եւ դուք ամեն օր կարող եք տեսնել, թե ինչպես են փոքրիկ երեխաներն ինքնամոռաց  պահմտոցի խաղում, թաքնվելով գերեզմանաքարերի հետեւում, գերեզմանոցներն ընկալելով որպես նոր ժամանակների խաղահրապարակներ, իսկ մարդիկ պատշգամբներից ցրված հայացքներով հետեւում են թաղումների ոչ այդքան հաճելի թափորներին ու ծիսական բոլոր արարողություններին:



Եթե Նիցշեն թավ բեղի տակից սպրդեց, որ Աստված մահացել է, ապա գերեզմանոցներում խաղացող մանուկների համար կարծես թե ծնված օրվանից մարդն է մահացել, որովհետեւ նրանք օրվա մեջ ավելի շատ շփվում են մեռյալների հետ, քան ողջերի, եւ մահն ու կյանքը նրանց համար հավասարազոր նժարներ են:



Գուցե այդպես էլ պիտի լինի, եթե մի ժամանակ մահվան հետ մանկության առաջին բախումը դաժանորեն հօդս էր ցնդեցնում անմահության շղարշը, ապա հիմա ծնված օրվանից երեխաներն ապրում են հենց մահվան մեջ՝ մահն իրենց համար ավելի սովորական ընկալելով, քան կյանքը: Ընկերս պատմում էր, որ երբ առաջին անգամ բախվել է մահվան հետ, մինչ այդ երբեք հիվանդացած չի եղել, նոր, դրանից հետո է սկսել տարբեր հիվանդություններով  հիվանդանալ ու մարմնական թուլություն զգալ: Քաղաքի գերեզմանատները, որոնք ներխուժում են կյանքի տարածքներ, անընդհատ թախծի ու ընկճվածության տհաճ ներկայությունն են արձագանքում: Լուրեր են պտտվում, թե մարդկանց արդեն իրար վրա են թաղում: Հին տատիկների ու պապիկների մաշված ոսկորների վրա ծանրանում են նոր մարմիններ, նորերի վրա՝ նորերը:



Փաստորեն, ոչ միայն քաղաքում են մարդիկ միմյանց շալակի ելած ապրում, այլ նաեւ մեռնելուց հետո` քաղաքի գերեզմանատներում: Երեւի աշխարհում ոչ մի տեղ գերեզմանոցներում հաց ուտելու քարե սեղաններ չեն պատրաստում, բլոտ ու դոմինո խաղալու տաղավարներ չեն կանգնեցնում, ու զարմանալի չի լինի, եթե խորովածի մանղալների հանդիպեք, չէ՞ որ մահը կյանքից առավել մեր ֆիեստայի ամենակարեւոր ու առանձնահատուկ մասն է:



Քաղաքի բնակիչներից շատերը սպասում են դիակիզարաններին, շատերը նողկում են՝ մտածելով, որ իրենց մարմիններին սպասում են այդ զզվելի գերեզմատները` գռեհիկ, պաճուճված դամբարաններով:



Ի վերջո ինչպես թաղվելու, այնպես էլ մոխրի վերածվելու իրավունք բոլորն էլ ունեն: Ափսոս, որ ծովն է հեռու՝ ծովի ալիքների կատարներին պտտվող ու տարրալուծվող մոխիրն ու այն կտցող ճայերը գեղեցիկ վերջաբան կլինեին: