Վերջում Դավուշը քնեց

Վերջում Դավուշը քնեց
Մի տասը րոպե  զարմացած կովն ինձ էր նայում, ես` իրեն: Կովին կապել  էին խոտերի մեջ, արևի տակ ու մինչև մեր հանդիպումը, ինչպես  պահանջվում էր նրանից, կենդանին բարեխղճորեն պռճոկում էր ամենաբարձր ցողունները, որոնք հիմնականում ոչ այնքան հյութեղ ցողուններն էին, հետո նոր կաշվե մռութը խրում կարճ, հյութալի յոնջայի մեջ: Ավելը ճռթոցով երկու կես էր լինում ու անհետանում կաշվե մռութի ներսում: Բայց հայացքներով հանդիպելու կովի ցանկությունը ինքնատիպ էր ու անսպասելի:



Քույրս ինձ մի անգամ հարցրեց, թե արդյոք Աստված ի սկզբանե էր սահմանել, որ մարդը միս պիտի ուտի: Դա միակ բանն էր, որ նրան հիասթափեցնում էր Աստծո բնույթի մեջ: Ռայան կենդանիներին շատ է խղճում, մինչև հիմա էլ միս չի ուտում:



Չգիտեմ ինչու էր քույրս եզրակացրել, որ Աստված արարման ժամանակ խորհրդակցել է ինձ հետ, բայց պատասխանցի, որ սկզբում ընդհանրապես նախատեսված չէր արյուն թափել, բայց Աստված, գիտակցելով, որ մարդը բռնելու է մեղքի ճանապարհը, համենայն դեպս մսի մեջ էլ օգտակար էլեմենտներ ներդրեց, միայն թե ավելի քիչ, քան բանջարեղենում: Կովին նայելով ես համոզվեցի, որ մենք նրան մորթել-ուտելու իրավունք չունենք կամ չպիտի ունենայինք:



Մի պատմվածք հիշեցի, կարծեմ Ջեկ Լոնդոնն էր գրել մի մարդու մասին, ում հարևանները խելագար էին համարում, և ով, ստանալով հողի տակ տեսնելու շնորհք, այդ մասին լռում էր: Այդ շնորհքի շնորհիվ նա գանձ գտավ: Այն ժամանակ զարմացա, թե ինչու  հեղինակը` լուրջ մի գրող, նման հեքիաթ է հորինել:



Ինձ էլ են շատերը տարօրինակ համարում: Դա նրանից է, որ ես առանձնահատուկ եմ, նման չեմ ուրիշներին` իմ մտքերն ուրիշ են, իմ գործերն ուրիշ են, ու ինձ քչերն են հասկանում: Կովի հետ հանդիպումից հետո պարզ էր, որ Լոնդոնը ոչ ոքի չէր հորինել.նա պատմում է իր խելառության ու գետնի տակ տեսնելու իր շնորհքի մասին, որից ես էլ ունեմ: Երկուսից էլ: Ու քույրս դրա համար էլ ինձ էր Աստծու մտքերից հարցնում:



Ես կարող եմ ազատ պատմել, որ աղոթքներից հետո ամենաիմաստուն ու հրաշալի բաներ եմ հասկանում, որ հասել եմ խելագարության դուռն ու ետ եկել, որովհետև  շատ եմ վերլուծում ու Մեկը կա, որ ժամանակին կարգին օգտվեց իմ այդ հատկությունից:



Ինձ ընդունում են որպես ուրիշ, տարբեր մեկը, ու հեղինակությանս  հաշվին կարող եմ ազատ արտահայտվել, ինձպեսներին մարդիկ խիստ չեն դատում: Կասեն` դե խելառ ա, խոսում ա, էլի: Բայց մտքերս չեմ արտահայտում, որովհետև Աստված «մի դատիր»-ից բացի մի կարևոր բան էլ ասաց: Խոզերի ու մարգարիտների մասին:



Կովի հայացքը ինձ տեղը տեղին բացատրեց էս ամենը, ու դեռ մի բան էլ ավելի: Ամեն ինչ չեմ ուզում գրել:  Թոկից էլ ծաղկի մեծ գլուխ էր կախվել` մանուշակագույն մանր ծաղիկների փունջ, որը հեռվից մի մեծ ծաղիկ էր թվում: Բայց դե` նախ` ես մի քիչ կարճատես եմ, երկրորդ` որոշ բաներ աչքիս այն չեն երևում, ինչ կան, էնպես որ, եթե ազնիվ լինենք, հնարավոր է, որ ծաղիկ չկար, այլ կովի թշի մոտ թոկի հանգույցն էի տեսնում:



Հսկա մրջյունը գլխապատառ ցատկերով   գյազարագույն եգիպտացորենի հատիկ էր փախցնում: Հատիկը հենց գյազարագույն էր, որովհետև գազարագույն եղել էր նախորդ օրը` երբ Դավուշս սայլակից ցած էր նետել այն: Հա, Դավուշն էլ էր կովին նայում, բայց դա ինձ չզարմացրեց. մեր գլխիվայր շուռ եկած աշխարհում մարդ մինչև մեծանում է, մոռանում է աշխարհի հետ հարաբերվելու տարրական հմտությունները, ու երեխայի հաղորդակցությունը կովի հետ բնական է, մեծահասակինը` ոչ: Հիմա չեմ հասկանում, խելա՞ռ եմ, թե երեխա:



Սայլակի մեջ մի գյազարագույն դեղձի կտոր էր մնացել` Դավուշի պահեստայիններից, ու դեղձը նետեցի կովին: Սկզբում ինձանից հիասթափված ետ քաշվեց, մտածելով, որ մի սովորական մարդ եմ, ու վրան քար եմ գցում, հետո նայեց աչքերիս, հասկացավ, որ սխալվում է, ու սկսեց հոտոտել խոտը: Երբ գլուխը որոճալով վեր բարձրացրեց, հասկացա, որ գտել է:



Ծամեց, դժվարությամբ կուլ տվեց, ու մի քիչ առաջ եկավ` նոր բաժին ստանալու հույսով: Դեղձի փոխարեն կովին ժպտացի, բայց նա վերադարձավ իր տրորած խոտահարթակն ու անցավ իր կովային առօրյային:



Նայեցի սայլակի մեջ.Դավուշը քնել էր: Մենք գնացինք տուն:



Հ.Գ. Մի բան էլ պատմեմ, որ մի քիչ գրածս անկապ ստացվի, թե չէ` էս ինչ բան էր` կառուցիկ, կապակցված պատմվածքահոդվածս որն է, տենց բաներ չեմ սիրում: Ուսանողական տարիներիս մի ընկերուհի ունեի` տեսքով աղջիկ էր, իրեն էլ երևակայում էր, հա կգար, կգովեր իրեն, ես էլ չէի հասկանում, թե ինչու: Մի անգամ էլ ասաց, թե` դրսում դեմքը հաշվի չեն առնում, կարևորը ֆիգուրան ա: Ու ուշադիր նայեց աչքերիս: Հիմա հասկանում եմ, որ ընկերուհիս ուզում էր հաճոյախոսել ինձ, թե  գեղեցիկ եմ:



Ուղղակի մտքովս չէր անցնում, որ գեղեցիկ եմ, թե չէ գլխի կընկնեի, որ իմ ներկայությամբ կոմպլեքսավորվում էր: Ուրիշ բան էլ եմ հասկացել, որ թե դրսում, թե ներսում, իրոք, դեմքի գեղեցկությունը հաշվի չեն առնում, բայց մարմինն էլ հաշվի չեն առնում: Էս դեռ ջհանդամը, ախր հոգին  հաշվի չեն առնում, է՜, հոգին:



Իսկ կենդանիները հոգին զգում են: Ու հետը հաշվի են նստում:



Աստղիկ Սարգսյան