Ստեփանակերտցիները՝ նոր քաղաքապետի մասին...

Ստեփանակերտցիները՝ նոր քաղաքապետի մասին...
Ստեփանակերտն արդեն նոր քաղաքապետ ունի։ Սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Արցախի մայրաքաղաքի ղեկը վարելու իրավունք է ստացել մինչ այդ ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Գրիգորյանը։ Քաղաքապետի փոփոխությունը թե ինչ կտա ստեփանակերտցիներին, նոր «մերը» կկարողանա՞ արդյոք ինչ-որ չափով լուծել քաղաքացիների խնդիրները, նման հարցերի մասին Արցախի քաղաքական գործիչները չեն սիրում «ինտերվյուներ» տալ կամ սահմանափակվում են հերթապահ այնպիսի պատասխաններով, որ հիշեցնում են խորհրդային տարիների երանելի ժամանակները...



Ինչ-որ է, այս անգամ եւս փորձեցինք մեր հարցերի պատասխանները ստանալ շարքային ստեփանակերտցիներից։



Արմեն Հայրապետյան (անորոշ զբաղմունքի տեր) - Ոչ մի բան էլ չի փոխվելու։ Ես չեմ ասում, թե նա չի լուծելու իրեն դիմած քաղաքացիների պրոբլեմները։ Իմ կարծիքով, փորձելու է իր ուժերի սահմաններում օգնել քաղաքացիներին, բայց էն կարեւոր հարցերում նախորդ քաղաքապետի պես ուժեղների, պետության կողմից հովանավորվողների կողմն է լինելու։



Գագիկ Սարգսյան (նախկին ազատամարտիկ) - Ի՞նչ քաղաքապետ, ի՞նչ բան։ Մեզ մոտ քաղաքապետը ե՞րբ է «կլյուչեւոյ ֆիգուրա» եղել։ Վերեւից ինչ ասեն՝ անելու է։ Ասեն՝ Պողոսին քաղաքի կենտրոնական մասում տարածք տուր, որ սեփական պալատ կառուցի՝ տալու է, ասեն՝ Պետրոսին քաղաքապետարանում մի փափուկ պաշտոն տուր՝ տալու է... Քաղաքի տղա է, գիտեմ, որ մարդկանց, իր քաղաքացիների դեմ վատ բան չի անելու, բայց մեզ մոտ քաղաքապետը միշտ էլ կատարող ֆիգուրա է եղել...



Կարինե Հովսեփյան (տնային տնտեսուհի) - Իմ կարծիքով, նախորդ քաղաքապետից լավը կլինի։ Նրա համեմատ գրագետ է, կարդացած է, բարձր պաշտոններում աշխատած մարդ է, աչքը կուշտ կլինի, ձեռքի տակ ընկածն իսկույն սեփական գրպանը չի տանի... Բայց չնայած հիմա ո՞վ է բան հասկանում։ Մինչեւ պաշտոն ստանալը բոլորն էլ ազնիվ, դիմացինին հարգող մարդիկ են երեւում, բայց որ էդ պաշտոններում նստում են, փոխվում են...



Նորիկ (ուսանող) - Դե, ասում են քաղաքի տղա է, լավ մարդ է, ես էլ իրեն ձայն եմ տվել։ Բայց մեր քաղաքում էնքա՜ն պրոբլեմներ կան։ Դրանց 30 տոկոսը եթե լուծի, ես գոհ կլինեմ։



Սերգեյ Ավանեսյան (մասնագիտությամբ ինժեներ) - Մի օրինակ բերեմ։ Մեր հարեւան շենքում թիկունք չունեցող մի մարդ շենքի առջեւ, առաջին հարկի իր բնակարանի առջեւ փոքրիկ պատշգամբ էր ուզում սարքել։ Պատը դրել, մեկ-երկու մետր բարձրացրել էր, քաղաքապետարանից եկան-քանդել տվեցին, թե՝ իրավունք չունես, մայթից 1.5 մետր գրավել ես... Մի օր զզվեց, տունը ծախեց-գնաց։ Նրանից հետո եկածը նույն տեղը նրա կառուցածից դեռ մի մետր էլ ավելի պատեր շարեց, իր համար խանութ սարքեց, որովհետեւ վերեւում լավ թիկունք ունի... Այդպես եղել է, այդպես էլ շարունակվելու է։



Կարո Սիմոնյան (բանվոր) - Մեր երկրում որոշումներ ընդունողն իրենք են։ Իրենք էլ ինչ ուզենան՝ անելու են։ Նրանք բոլորն իրար ընկեր-բարեկամ տղերք են, սաղ մի «կրուգի» մարդիկ են։ Էդ բոլոր կարեւոր հարցերն էլ իրար հետ քննարկելու, որոշելու, հետո են միայն լուծելու։ Մեզ նման բանվոր մարդկանց ո՞վ է մարդու տեղ դնում։ Հիմա կապիտալիստական երկիր ենք, փողը, պաշտոնը, պինդ թիկունքն է հարցեր լուծողը...



Անահիտ (ուսանող) - Եսի՞մ։ Երեւի լավ քաղաքապետ է լինելու։ Դե, ինչպե՞ս ասեմ, էնքան մարդիկ, որ իրան ձայն են տվել, ուրեմն համոզված են, որ լավ մարդ է, լավ ղեկավար է։ Ես հավատում եմ նրան։



Սուրեն Համբարձումյան (ադրբեջանաղարաբաղյան պատերազմի վետերան) - Որ էդպես գրում եք, մի բան փոխվելո՞ւ է։ Չէ, ախպեր, ոչ մի բան չի փոխվելու։ Մեր ժամանակները՝ պայքարող, հայրենասեր, ազնիվ, նվիրված մարդկանց ժամանակներն անցել են։ Էսօր մենք «զա բարտոմ ենք», մենք «չուժոյ» ենք։ Հիմա երկրի տերը նրանք են, հիմա նրանք են ապրում, ովքեր էն տարիներին չկային, ովքեր մկան ծակին հազար թուման էին տալիս։ Էս երկրի տերն արդեն մենք չենք, նրանք են։



Էդուարդ Կ. (թոշակառու) - Քաղաքապետը փոխվել է, թե չի փոխվել, ինձ համար տարբերություն չկա։ Էդ ընտրություններին էլ չեմ մասնակցել, որովհետեւ գիտեմ, որ ամեն ինչ թատրոն է։ Իրենք իրենց համար թատրոն են խաղում, մենք կողքից նայում ենք... Իրենք քեֆ են անում, մենք, մեզ նմանները մտածում ենք, թե վաղն ինչ է լինելու մեր սեղանին։ Թող մի ամիս իմ թոշակով ապրեն, հետո միայն մասնակցեն էդ ընտրություններին։



Արեգ Վարդանյան, Ստեփանակերտ