Մեր քաղաքը. հարվածը

Մեր քաղաքը. հարվածը
Սկզբում մայրս էր ինձ դպրոց տանում: Պինդ բռնում էր ձեռքիցս ու գնացքի գծերով` կարճ ճանապարհով հասցնում մինչեւ լայն խճուղի, որով սաստիկ արագությամբ սլանում էին մեքենաները: Փողոցն անցնելիս մայրս ավելի ուժեղ էր սեղմում ձեռքս` ցավեցնելու աստիճան: Մարմինը մի տեսակ դողում էր: Գլուխը տարուբերում էր այսուայն կողմ, սպասում էր երկար, մինչեւ փողոցն ամայանում էր, ես եկող մեքենաները  հորիզոնում հազիվ էին ուրվագծվում: Հետո, համարյա վազելով, մորս կոշիկների կրունկների արագացող կտկտոցների ներքո մենք անցնում էինք փողոցը:



Երբ լայնարձակության վտանգը մնում էր հետեւում, մայրս բաց էր թողնում ձեռքս, ու ես վազում էի դպրոց` անտեսելով ու մոռանալով նրան: Իսկ նա շրջվում էր ու, նույն տագնապալի սպասման մեջ անցնելով փողոցը, գնացքի գծերով վերադառնում էր տուն: Որոշ ժամանակ հետո, դպրոցի գույնզգույն ճաղերի արանքներից ես ծածուկ հետեւում էի մորս՝ փողոցն անցնելու ակնթարթին: Երբ քամին ալիքում էր նրա երկար վարսերը, ու արագընթաց մի մեքենա անցնում էր կողքով` ծածկելով մորս նրբին սիլուետը, սրտի դողով ես փակում էի աչքերս, մտածում էի՝ վերջ, հիմա մեքենան կհարվածի նրա փխրուն մարմնին, ու ամեն ինչ կվերջանա:



Հարվածի վախն էր, որ սկսել էր տանջել ինձ: Գիշեր-ցերեկ մտածում էի հարվածի մասին. Հարված, որ կիջներ ու կփշրեր կյանքում իմ տեսած ու շոշափած ամենափափուկ նյութը` մարդկային մարմինը: Հետո հասկացա, որ մահն ինձ համար նույն ինքը հարվածն է, որ հարվածից հետո վերջն է, եւ նոր, առեղծվածային, անճանաչելի սկզբի մեկնակետը: Եթե հարվածը հապաղում է, ուրեմն հապաղում է նաեւ մահը: Հարվածը հաղթանակն է, որից հետո գալիս են դատարկության ու տխրության ժամերը: Ինչքան ուշանում է հարվածը` շարունակվում է տեւումը: Հարվածը լպիրշ է, որովհետեւ անակնկալ է ու դիպուկ: Եվ ամենօրյա վախը, որ չգիտես՝ հավանական ու անհավանական որ որոգայթից կյանքդ կզրկվի, չգիտես՝ կհերիքի՞ հարվածի թափն ու մեծահոգությունը՝ առանց սուր ցավ պատճառելու քո անվերադարձ հեռացմանը աշխարհ կոչվող տարածությունից, ուր իրերն ու մարդիկ ավելի կարեւոր են դարձել քեզ համար, քան անձնական կյանքդ:



Հարվածի հավանականությունը գնալով մեծանում է, երբ նվաղում է անհատական պատասխանատվությունը: Հարվածն անխուսափելի է դառնում, երբ իմունային համակարգը կազմաքանդվում է, եւ այլեւս չի գործում անվտանգության սրբազան օրենքը: Այս պարագայում հարվածն առաջինը գտնում է նրանց, ովքեր ամենաշատն են սպասում նրան` ենթագիտակցորեն, հասկանալով դրա անխուսափելիությունը, եւ ընդունում են հեռացումը՝ գոնե որպես նոր բարոյականության ու պատասխանատվության հույս: Հիմա, երբ առավոտյան աշխատանքի եմ գնում, մորս զգուշացնում եմ, որ փողոցն անցնելիս ուշադիր լինի, որ ավելի լավ է՝ շուկա բարձրանալու փոխարեն, իր առեւտուրն անի մոտակա կրպակներից:



Հիմա նա է դարձել այն անօգնական դպրոցականը, ում ձեռքից պինդ բռնելով, պիտի անցկացնել փողոցը, որովհետեւ հարվածը մանկական միամտություն ու թափթփված ազնվություն է սիրում: Բայց ես ամեն անգամ դավաճում եմ մորս, փախչելով ու թողնելով նրան հարվածի փիլիսոփայությանը: Ես զգուշացնում եմ նրան ու հեռանում` փակելով աչքերս ու երեւակայությանս մեջ հնարելով իմ լայնարձակ փողոցը, իմ արագընթաց մեքենաներին: Երբ մայրս հասնում է փողոցի մոտ ու տագնապով քարանում, ես կանգնեցնում եմ բոլոր մեքենաների ընթացքը, քարացնում ակնթարթը, մինչեւ որ նա` հիմա արդեն ճտքավոր կոշիկներից լսվող թույլ կտկտոցներով, անցնում է փողոցն ու գնում ապրելու: Հարվածը պարտվում է ապրելու երեւակայությանը: