Անհեռանկար Երեւան

Անհեռանկար Երեւան
Հարցազրույց ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ



-Երեւանի գլխավոր հատակագիծը հաստատվել է ընդամենը 5 տարի առաջ՝ 25 տարվա գործողության ժամկետով, սակայն կառավարության որոշմամբ «Երեւաննախագիծ» ինստիտուտը հատակագծի վրա փոփոխություններ է արել, ինչն էլ օրերս քննարկվեց «Կոնգրես» հյուրանոցում: Ի՞նչ նպատակ են հետապնդում եւ հատկապես ո՞ւմ շահերից են բխում այդ ճշգրտումները:



- Դժվար է պատասխանել, թե ինչ նպատակ են հետապնդում, բայց ես տեսնում եմ, թե ինչ է անհրաժեշտ անել: Մեզ համար այսօր լուրջ խնդիր է դարձել բնակչության քանակը Հայաստանում. եթե նախկինում ունեինք 3 միլիոնից ավելի բնակչություն, ապա այսօր՝ այս արտագաղթի պայմաններում, հազիվ 2 միլիոն մարդ է մնացել երկրում: Եվ այդ 2 միլիոնից 1 միլիոն 200 հազարը պլանավորում ենք տեղավորել Երեւանում, ինչը շատ սխալ է: Նախ Թամանյանը ժամանակին Երեւանը նախագծել էր 300 հազարանոց մայրաքաղաք, հետո դարձավ 500 հազար, եւ, շարունակվելով, կրկնապատկվեց այդ թիվը: Այդ անհեռանկար եւ չտրամաբանված մոտեցմամբ դատարկում ենք սահմանամերձ շրջանները եւ բերում-լցնում մայրաքաղաք: Սահմանի վրա թշնամու առաջ բաց տարածություն ստեղծելու հաշվի՞ն ենք Երեւանը մեծացնում, մինչդեռ հենց այդ տարածքները պետք է բնակեցնեինք:



- Փաստորեն, մեր իշխանավորները Հայաստան ասելով հասկանում են միայն Երեւա՞ն, մնացածը չեզոք գոտի՞ են դիտարկում:



- Ամենակարեւորն այն է, որ մինչեւ Երեւանի գլխավոր հատակագծի մեջ փոփոխություններ մտցնելը, կառավարությունը եւ Ազգային ժողովը պետք է ընդունեին ծրագիր, ինչպիսին է լինելու Հայաստանի եւ նրա քաղաքների զարգացման հեռանկարը, հատկապես ինչպես են տեսնում սահմանամերձ գոտիների զարգացումը: Շատ կարեւոր է, որ ոչ միայն քաղաքային բնակավայրերը, այլ նաեւ գյուղական ու գյուղատնտեսական տարածքները դիտարկեն: Մենք այդ ամենն անտեսում ենք, բայց վերցնում ենք միայն Երեւան քաղաքը եւ սկսում քննարկել: Ես գտնում եմ, որ «Երեւաննախագիծը» երբ ճշգրտումներ մշակելու հանձնարարական ստացավ, առաջին հերթին այնտեղ հավաքված իսկապես լավ մասնագետները պետք է հարց բարձրացնեին կառավարության եւ ժողովրդի առաջ, թե ինչպես են տեսնում Հայաստանի ռազմավարական զարգացումն առաջիկա տարիներին: Մտահոգություններն ու հրատապ խնդիրները նկատի ունենալուց հետո միայն պետք է կազմեին Երեւանի գլխավոր հատակագծի ճշգրտման նախագիծը:



- Այսինքն՝ հատակագծում ճշգրտումներ մտցնելն անհրաժեշտություն չէ՞ր, կամ գոնե այլ ճշգրտումնե՞ր պետք է լինեին, թե՞ առհասարակ այսօր դրա կարիքը չկար:



- Ես գտնում եմ, որ Երեւանի գլխավոր հատակագիծը պետք է վերանայվի երեք հիմնական պատճառով. առաջին՝ բնակչության զարգացումն աճի կամ նվազման տեսանկյունից: Երկրորդը տնտեսական զարգացումն է, երրորդը քաղաքի հեռանկարային հատուկ իրավիճակն է: Ցանկացած քաղաքի հատակագիծ վերանայելու ժամանակ պարտադիր պետք է հաշվի առնվի այդ երեք գործոնը: Դրանց նկատմամբ կառավարությունը պետք է շատ խիստ որոշումներ եւ մշակված ծրագրեր ունենար, որից հետո նոր միայն սկսվեր քաղաքի հատակագծի վերանախագծումը, ինչն իրոք շատ կարեւոր է:



Երբ Թամանյանն այս տարածքում նախագծում էր մայրաքաղաքը, այն ժամանակվա տեխնիկայով Թուրքիայի սահմանից Երեւան հասնելու համար անհրաժեշտ էր 2-3 օր: Իսկ այսօր, եթե սահմանից ինքնաթիռն օդ բարձրանա, 2-3 րոպե հետո կկանգնի մայրաքաղաքի գլխին: Դա հատուկ իրավիճակ է, որին պետք է կառավարությունը նախ անդրադառնար եւ նոր միայն վերաբերմունք ձեւավորեր: Ես չեմ ասում, թե մենք տվյալ դեպքում խնդիր ունենք այս կամ այն պետության հետ, բայց բերել եւ կուտակել փոքրիկ ու սահմանափակ տարածքում երկրի բնակչության ուղիղ կեսը, դա արդեն հանցագործություն է:



- Երեւանի վարչական տարածքի հողերի ոչ նպատակային օգտագործման հարցն էր թեժ քննարկվում: Այդ մտահոգությունն ինչո՞վ է բացատրվում:



- Բազմաթիվ հողեր իրացվեցին եւ կորցրեցին իրենց նշանակությունը: Ասում են, որ մենք այլեւս չունենք արդյունաբերություն եւ արդյունաբերական նպատակ ունեցող հողերը դարձնում ենք այլ նշանակության: Ինչ է, խա՞չ ենք քաշել Հայաստանի ապագա զարգացման վրա, մենք այլեւս երբեք տնտեսություն չե՞նք ունենալու, գործարաններ չե՞նք ունենալու, այս ողորմելի վիճակո՞ւմ ենք մնալու մինչեւ մեր կյանքի վերջը: Ուզում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում, երբ պետությունը պաշտոնապես փոխում է մոտեցումը՝ կասեցնելով տնտեսական զարգացումը: Ուզում եմ հարցս ուղղել Ազգային ժողովին, կառավարությանը՝ ինչպե՞ս եք տեսնում մեր ապագա զարգացումը:



Մենք աբստրակտ կերպով չենք ապրում, մենք ապրում ենք մեր ապագայի, այսինքն՝ մեր երեխաների համար: Իսկ այսօր մենք անտեսել ենք մեր երեխաներին, իրացնում ենք մանկապարտեզների, դպրոցների հողերը, վաճառում ենք դպրոցներն ու մանկապարտեզները, կցկտուր կանաչ գոտիները նույնպես իրացնում ենք: Հետաքրքիր է, էլ ինչի՞ համար ենք մենք ապրում, ո՞րն է մեր նպատակը:



- Արդյո՞ք այս քննարկումը կտա այն հարցերի եւ խնդիրների լուծումը, որոնք այսօր մտահոգում են Ձեզ եւ Ձեր գործընկերներին:



- Հենց այս հարցականով էլ ես դուրս եկա քննարկման դահլիճից, քանի որ չտեսա, որ որեւէ տեղ գրանցվեին հնչեցված հարցերը, արձանագրություններ կազմվեին եւ պաշտոնապես դրվեին հասարակության քննարկմանը:



- Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում Նարեկ Սարգսյանի չներկայանալը քննարկմանը:



- Ես գտնում եմ, որ այդ վերաբերմունքն արհամարհանք է հանրության նկատմամբ: Անկախ այն բանից, թե ինչպես էր կազմակերպված այս քննարկումը, եթե անգամ երկու հոգի գային, այդ երկուսից մեկն ինքը պետք է լիներ, որովհետեւ ինքն է Երեւանի գլխավոր ճարտարապետը եւ հատակագծի իրականացնողը: Իր տեսակետները, մոտեցումները պետք է հնչեին, որովհետեւ իրենից ավելի լավ ոչ ոք չի պատկերացնում, թե ինչպիսի խնդիրներ կան քաղաքում:



Ֆելիքս Եղիազարյան