Միլիցեն չի կարա՞ վանեցի լինի

Միլիցեն չի կարա՞ վանեցի լինի
«Ասի` դու միլիցա ես, դու չես կարա վանեցի լինես»,- պատմում է Ոստան պապը, ու հավելում. «էդ մոմենտին մի քամի փչեց, որ էլ մի ասա, լուսամուտը բացվեց, ու սրա թղթերը շաղ եկան հատակին: Որ սա սկսեց թղթերը հավաքել, ասի` էդ ինչ ես անում, թող մնա, կպչան կանեմ, փեջը կվառեմ»:



Մեր հարևանությամբ մի ոստիկանի ընտանիք է ապրում` մի խեղճ նկուղի մեջ. հյուրասեր, պարզ մարդիկ են: ՄԻ ծանոթ էլ ունեմ, ոստիկան է, պաշտոնը բարձրացրել են, ու պատմում է, որ ժողովել է ենթականերին ու ասել, թե` «ձեզ պիտի հավաքեմ, լցնեմ ավտաբուսն ու տանեմ եկեղեցի: Մեղքերի թողություն եք անցնելու»:



Եղբայրներիցս մեկն ընդունվել էր Ոստիկանական ակադեմիա, համազգեստով երբեք աչքներիս չէր երևում` քաղաքում փոխվում էր, համազգեստը խցկում տոպրակն ու վերադառնում տուն: Համազգեստից ամաչում էր:



Ու ես փորձում եմ Ոստան պապին բացատրել, որ միլիցեքը տարբեր տեսակի են լինում, կա միլիցա, որ կարող է միաժամանակ վանեցի էլ լինել, այսինքն` Ոստան պապի լեզվով ասած, մարդ է, որովհետև վանեցին նրա համար մարմնավորում է այն ամենն, ինչ անհրաժեշտ է մարդ կոչվելու համար: Պիտի հավատացյալների հետ համեմատեմ: Ուրիշ ճար չկա: Ոստան պապը հավատացյալներին էլ չի սիրում, բայց ինչ արած, խելքս էդքանն է կտրում:



Անհավատը մեղք է գործում հաճույքով ու առանց խղճի խայթի, իսկ հավատացյալը գիտակցում է իր արածի հետևանքները, ու զգում է, որ ինքը մեղքի գերի է, անում է այն, ինչ չի ուզում անել: Այդպես էլ միլիցեն` կա մի տեսակ, որ կուզեր ցուցարարի հետ վրանի տակ գտնել, ու ամոթից աչքերը խոնարհած է այսուայնկողմ քշում նրան, ու կա տեսակ, որն օգտվում է մարդուն անհարկի վիրավորելու հերթական հնարավորությունից: Այս երկուսը շա~տ տարբեր բան են անում, անհամեմատելի:



Էս երկու տեսակին կհանդիպես ամենուր` վարսահարդարների ու ուսուցիչների, կոշկակարների ու ներկարարների մեջ: Հարցը միլիցայությունը չէ: Հարցը անձի բնույթն է:



Էս երկատվության մեջ է մեր կյանքի ողբերգությունը, մեր մոլորակի ողբերգությունը:



Ոչ թե միլիցայության:



Աստղիկ Սարգսյան