Միրզախանյանն անձամբ քարոզչություն չի անում

Միրզախանյանն անձամբ քարոզչություն չի անում
Մենք արդեն գրել ենք, որ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում ուսանողների ակտիվ հանրապետականացման գործընթաց է սկսվել: Համալսարանի հատկապես կենտրոնական մասնաշենքում տեղակայված ֆակուլտետների ուսխորհուրդների նախագահների առջեւ կոնկրետ առաջադրանք եւ ժամկետ է դրված՝ հավաքագրել կոնկրետ թվով հանրապետականներ: Երեկ այս թեմայով զրուցեցինք մանկավարժականի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հետ:



- Պարոն Միրզախանյան, Դուք տեղյա՞կ եք, որ Ձեր բուհում Հանրապետական կուսակցության օգտին ակտիվ քարոզչություն է տարվում եւ փորձ է արվում ուսանողներին ներգրավել ՀՀԿ-ում:



- Ես կարող եմ ասել, որ ես, որպես ռեկտոր, նման կարգի գործունեության որեւէ դրսեւորում չեմ ունեցել:



- Իսկ Ձեր կողմից որեւէ կերպ վերահսկվո՞ւմ է, որ քաղաքական նմանատիպ քարոզչություն չիրականացվի կրթական հաստատությունում:



- Գիտեք ինչ, ես նորից եմ կրկնում, որ մեր կողմից՝ որպես ադմինիստրացիա, քաղաքական քարոզչության որեւէ դրսեւորում չի իրականացվում:



- Դուք միայն Ձեր անունից եք խոսում, իսկ ես ասում եմ, որ բուհում ուսխորհրդի միջոցով է տեղի ունենում այդ գործընթացը: Դուք որեւէ կերպ չե՞ք վերահսկում, հետեւում ուսխորհուրդների գործունեությանը:



- Ես ռեկտորն եմ եւ ուրիշի անունից խոսել չեմ կարող: Այդ հարցն ուղղեք նրանց: Ինձ նման տեսակի փաստեր որեւիցե մեկը չի ներկայացրել: Այ հիմա Դուք եք դրա մասին ասում:



- Լավ, Դուք արդեն տեղեկացաք, որ նման խնդիր կա, որեւէ քայլ կձեռնարկե՞ք՝ կանխելու ուսանողների հանրապետականացման գործընթացը:



- Ես չեմ հասկանում՝ Դուք հայտարարություն եք անում, հետո պնդում եք, որ ես Ձեր հայտարարության հետ համաձայնվեմ, եւ հետո էլ, շարունակելով զարգացնել թեման, հարցնում եք, թե ինչ քայլեր եմ ձեռնարկելո՞ւ:



- Պարոն Միրզախանյան, այդ մասին գրվել է մամուլում, ուսանողների կողմից նույնպես դժգոհություններ կան, կոնկրետ դեպքեր են եղել...



- Ձեր հրապարակումն ինձ ծանոթ չէ: Դուք կոնկրետ նշեք, թե ուսխորհրդից ով է նման բան անում, որ ֆակուլտետի ուսխորհրդի նախագահին է նման հանձնարարություն տրվել, եւ որ ուսանողն է դժգոհում: Կոնկրետ նշեք՝ անուն-ազգանունով: Միայն այդ դեպքում կարող ենք զրուցել:



- Ուսանողները, հասկանալի պատճառներով, չեն ցանկանում, որ իրենց անունները հրապարակվեն՝ հետագայում խնդիրներ չունենալու համար:



- Ես այդ համալսարանի ռեկտորն եմ, եւ ուսանողները ոչ մի խնդիր չեն կարող ունենալ: Դա գիտի յուրաքանչյուր ուսանող, որը շատ թե քիչ ծանոթ է իմ գործունեությանը եւ մոտեցումներին: