Երեկ՝ նա, այսօր՝ դու

Երեկ՝ նա, այսօր՝ դու
Առնետավազքի ի՜նչ հարուստ ավանդույթներ ունենք մշակած: Դեռ 1998-ին մի քանի ժամում իշխանական «Հանրապետություն» բլոկից մեծ թվով մարդիկ երկրապահ դարձան եւ առանց աչքները թարթելու՝ իրենց ծնած-սնած Տեր-Պետրոսյանին դավաճանեցին: Դա թերեւս առաջինն էր շարքի մեջ, ուստի հասարակությունը զարմացած էր ու վրդովված: Հետո նման դեպքերը դարձան սովորական: Եվ երբ մեր պատմության մեջ ամենամեծ առնետավազքին ականատես եղանք, այլեւս ցնցում չապրեցինք: «Օրինաց երկիրը» դարձավ ընդդիմություն, եւ բոլոր նրանք, ում հետաքրքրում էին միայն ՕԵԿ-ի պորտֆելները՝ սկսած Սերգո Երիցյանից, Արամ Հարությունյանից, մինչեւ Բելաջիոյի Գրիշ ու ՍԱՍ-ի Արտակ, ակնթարթորեն հանձնեցին կուստոմսերն ու մոռացան իրենց պաշտոն ու դիրք առաջարկած Արթուր Բաղդասարյանին: Ինչո՞վ էր Բաղդասարյանը Տեր-Պետրոսյանից լավ, որ նրան չդավաճանեին: Կուսակցություն ու «դավանանք», ընկերներ ու հայացքներ փոխելու, անգամ քավոր-սանիկությունից հրաժարվելու բազում դեպքեր են եղել մեր անկախ երկրի կարճատեւ պատմության ընթացքում: Մեր քաղաքական գործիչներից ոմանք իրենց հիշողությունից ջնջել են ստացած վիրավորանքներն ու լսած հայհոյանքները, մոռացել են, թե իրենք ինչպես էին հայհոյում ու վիրավորում նրանց, ում այսօր փառաբանում են: Շատ քիչ անուններ կարող ենք հիշատակել, որոնք այս 20 տարվա ընթացքում հավատարիմ են մնացել իրենց սկզբունքներին ու ընկերներին: Այնպես որ այն, ինչ հիմա կատարվում է մեր քաղաքական դաշտում, այլեւս զարմանք ու զայրույթ չի առաջացնում: Եվ ինչո՞ւ պետք է առաջացնի: Երեկ նա էր, այսօր դու ես: Պատմական արդարության օրենքները գործում են: Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու ՕԵԿ-ին էին դավաճանում, հիմա՝ «Բարգավաճ Հայաստանին»: Բոլորը հերթում են, բոլորի հերթը հասնելու է: