Լակմուսի թուղթ

Լակմուսի թուղթ
Հրազդանի քաղաքապետի ընտրություններն այն փորձաքարն ու լակմուսի թուղթն են լինելու, որն առաջիկա համապետական ընտրությունների որակի մասին մեզ շատ բան է ասելու: Փետրվարի 12-ին իշխանությունն ու ընդդիմությունն առաջին անգամ «ռինգ» են դուրս գալու, եւ մենք ականատես ենք լինելու, թե ինչպես է վերաբերվում հայ հասարակությունն այս երկու ուժերին: Նաեւ համոզվելու ենք, թե արդյո՞ք իշխանության մեծադղորդ խոստումները մաքուր ընտրություններ անելու մասին իրական են ու իրականանալի, թե՞ հերթական անգամ նախապես խոստանալու են, հետո անեն այնպես, ինչպես միշտ են անում: Այս առումով երկու ճամբարի թեկնածություններն էլ ստանդարտի մեջ են. գործող քաղաքապետը գորշ ու միջակ, ընդդիմության թեկնածուն՝ սիրված ու չվարկաբեկված: Իշխանությունը փող ու ադմինիստրատիվ ռեսուրս է տնօրինում, ընդդիմությունը՝ ոչ: Իշխանական թեկնածուն տարիներ շարունակ պաշտոնավարել է, եւ հրազդանցիները՝ լավ, թե վատ, ճանաչում են նրան: Ընդդիմության թեկնածուն ադմինիստրատիվ պաշտոն չի զբաղեցրել, բայց հայտնի դեմք է, պատերազմի հերոս, բանտ նստած ու պատվով փորձությունների միջով անցած անձնավորություն: Լավ է նաեւ, որ իշխանության մյուս թեւերի հետաքրքրությունն այս պարագայում նվազագույն է՝ ոչ ԲՀԿ-ն, ոչ ՕԵԿ-ն առանձնապես հետաքրքրված չեն այս ընտրությունների արդյունքներով: Հետաքրքրություն չունեն նաեւ մյուս քաղաքական ուժերը: Այնպես որ պայքարը ծավալվելու է խիստ իշխանական ՀՀԿ-ի եւ խիստ ընդդիմադիր ՀԱԿ-ի միջեւ: Նաեւ այս ընտրությունները ցույց  են տալու, թե որքանով է ընդդիմությունը պատրաստ ու տրամադրված պայքարի: Արդյո՞ք գլխովին մտնելու է ընտրական հորձանուտը, թե՞ պայքարի իմիտացիա է անելու, ապա հայտարարի, թե ընտրությունները կեղծվեցին: