Ում չեմ տալու ձայնս

Ում չեմ տալու ձայնս
Ընտրական մրցավազքը սկսված է: Թեեւ պաշտոնական քարոզչությունը սկսվելու է ապրիլի 8-ից, սակայն արդեն իսկ պայքարի մեկնարկը տրված է: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները շտաբներ են ձեւավորում, քարոզչական խմբեր ստեղծում, հանրապետության քարտեզն ուսումնասիրում, երթուղիներ գծում ու քարոզչության գրաֆիկներ կազմում: Շուտով կսկսվի մարդկանց ուղեղները լվանալու գործընթացը: Ինչպե՞ս ազդել ընտրողի գիտակցության վրա, ի՞նչ խոստումներ տալ, ի՞նչ խոսքեր արտաբերել, որ ամեն ինչից հիասթափված, ձանձրացած, հուսահատ հայ մարդն իր քվեն տա տվյալ ուժին ու անձին: Չգիտեմ, թե որքանով կարելի է ինձ միջին վիճակագրական ընտրող անվանել, բայց ես իմ մինուճար ձայնը շնորհելիս առաջնորդվելու եմ մի քանի սկզբունքներով: 1. Ձայնս չեմ տալու ընտրակաշառք առաջարկող ուժին կամ թեկնածուին: Եվ պատճառն այն չէ, որ այնքան շատ եմ վաստակում, որ այդ մի քանի հազար դրամի կարիքը չունեմ: Պատճառն այն է, որ կան բաներ, որոնք ենթակա չեն վաճառքի, դրանցից մեկը իմ թող որ թույլ ու խեղճ, իր նպատակին չծառայող ու մշտապես գողացվող քվեն է: 2. Ձայնս չեմ տալու ասֆալտ անող, տանիք նորոգող, նախընտրական մեկամսյակի ընթացքում ծառ ու ծաղիկ տնկող, պայմանագրեր կնքող, շնորհանդեսներ անող ուժին կամ անհատ թեկնածուին: Եվ պատճառն այն չէ, որ չեմ ուզում նորոգեն, ասֆալտեն, ժապավեններ կտրեն եւ ծառ տնկեն: Պատճառն այն է, որ չեմ ուզում ինձ խաբեն: Չեմ ուզում ընտրությունների հաջորդ օրն արթնանալ ու տեսնել, որ այս ընթացքում տնկված ծառը չորացել է, բացված արտադրամասը փակվել, նորոգված տանիքը փլվել, կնքված պայմանագիրը մնացել թղթի վրա: Վերջապես ձայնս չեմ տալու ճամբարափոխ եղած անձանց: Նա, ով իր կուսակցությանն է դավաճանում, անվարան կդավաճանի նաեւ ընտրողին: