Պորտֆելների ախորժակը մեծանում է

Պորտֆելների ախորժակը մեծանում է
Նոր ձեւավորվելիք կառավարությունում որքան հնարավոր է շատ հաստիքներ ունենալու եւ հատկապես նախարարական պորտֆելների օրըստօրե աճող պահանջարկը բավարարելու համար իշխանությունը որոշել է նոր նախարարություններ ձեւավորել: Ըստ արդեն հաստատվող լուրերի, նախ կտարանջատվեն Պետեկամուտների կոմիտեն կազմող երկու կառույցները՝ մաքսայինն  ու հարկայինը: Ի դեպ, նման տրոհումներ եւ կրկին միավորումներ հավանաբար արդեն չորս-հինգ անգամ եղել են մեր կարճատեւ պատմության ընթացքում: Մեր տեղեկություններով, հավանական գերատեսչությունների ղեկավարները լինելու են՝ հարկայինի գծով, ներկայիս ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, իսկ մաքսայինի գծով՝  Վերահսկիչ պալատի պետի տեղակալ Լեւոն Յոլյանը: Բացի այս, մի նոր կառույց էլ կձեւավորվի՝ ներքին գործերի նախարարության տեսքով: Սա ժամանակին լուծարվեց՝ որպես խորհրդային երկրին բնորոշ համակարգ: Քանի որ ամբողջ աշխարհում այդ գործառույթներն իրականացնում է ոստիկանությունը: Կարելի էր ենթադրել, որ գոնե ոստիկանությունը կլուծարվի՝ իր տեղը զիջելով ՆԳ նախարարությանը, սակայն, ըստ լուրերի, կգործեն եւ ՆԳՆ-ն, եւ ոստիկանությունը: Սա նշանակում է, որ պետական առանց այն էլ խիստ ուռճացված ապարատն ավելի կուռճանա եւ որպես ծանր բեռ կնստի հարկատուների  ուսերին: