Այդ մանդատները ՀԱԿ-ի արդար ձայներն են

Այդ մանդատները ՀԱԿ-ի արդար ձայներն են
Երեկ միանգամից երկու կուսակցություն՝ Հովհաննես Հովհաննիսյանի Լիբերալ դեմոկրատականը եւ Արամ Սարգսյանի «Հանրապետությունը» հայտարարեցին Հայ ազգային կոնգրեսի կազմից դուրս գալու մասին: Ավելի վաղ վայր դնելով պատգամավորական մանդատը՝ Արամ Սարգսյանն իր քայլը պատճառաբանել էր Կոնգրեսի հետ ունեցած մարտավարական տարաձայնություններով: Սպասելի է, որ առաջիկայում ՀԱԿ-ը լքողների շարքը կշարունակվի: Խորհրդարանական ընտրություններից հետո, ըստ լուրերի, Հայ ազգային կոնգրեսում տարաձայնություններ են սկսվել, եւ ոմանք, այդ թվում Հ. Հովհաննիսյանը, տարակուսած են, որ Կոնգրեսում հայտարարում են, թե խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն, բայց չեն բոյկոտում ԱԺ աշխատանքները: Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը նույնպես կհայտարարի ՀԱԿ-ից դուրս գալու մասին: Հիշեցնենք, որ օրեր առաջ դա արեց ՀԱԿ Գյումրիի կառույցի ղեկավար, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանը: ՀԱԿ-ը լքելու ակնարկով է հանդես եկել նաեւ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը:



Վերջինս հայտնել էր, թե միակ տարբերակը, որ կուսակցությունը մնա Կոնգրեսում, կախված է նրանից, թե ՀԱԿ-ը կընդունի՞ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության առաջարկները, որոնք կուսակտիվի առաջիկա նիստում կքննարկվեն:



Երեկ մենք զրուցեցինք որոշ ՀԱԿ-ականների հետ՝ հասկանալու դժգոհությունների պատճառը եւ ՀԱԿ-ում տիրող իրավիճակը: ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք, թե իրենք ինչ առաջարկներ են ներկայացնելու ՀԱԿ-ին, որի ընդունումից կախված կլինի դաշինքում մնալու հանգամանքը: Ի դեպ, վերջինիս կուսակցությունը ներկայացված չէր ՀԱԿ համամասնական ցուցակում:



- ՀԱԿ-ին չեն ուղղված  մեր պահանջները...ՀԱԿ-ի կողմից 2008-ի օգոստոսի 31-ին ընդունված դեկլարացիայի իրականացումն է: Փաստորեն, արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեղան, եղան հերթական ընտրությունները, հիմա պետք է, որ նախագահի հրաժարականը լինի:



- Բայց, փաստորեն, համակերպվեց հերթական ընտրությունների հետ, վերցրեց մանդատները, հիմա ո՞նց եք պատկերացնում Սերժ Սարգսյանի հրաժարականը:



- Դե վերցրեց՝  վերցրեց, դա չի նշանակում, թե 7 հոգին է լուծում այդ խնդիրը, այնտեղ 16 կուսակցություն դեռ կա, վերջապես որոշում պետք է կայացվի՝ ինչ է պետք անել:



- Մտածում եք, որ ՀԱԿ-ը կվերադառնա՞  2008-ի իր մարտավարությանը, այն դեպքում, երբ վերջին մեկ տարում ՀԱԿ-ը որոշակիորեն հրաժարվել էր փողոցային պայքարից: Հիմա Դուք կարծում եք, որ ՀԱԿ-ը մանդատները վերցնելով առավել ակտի՞վ կլինի:



- Գիտեք, կա մեկ իրականություն. կամ ՀԱԿ-ը պետք է պայքարի նախագահի հրաժարականի համար, կամ  ՀԱԿ-ը չի կարող գոյատեւել, որովհետեւ միակ գերնպատակը, որի շուրջ 18 կուսակցությունները համախմբվել են, դա եղել է արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները: Հիմա առաջինը չի կայացել, երկրորդին դեռ ժամանակ կա, ուրեմն պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը: Հիմա կլինի դա հանրահավաքային, փողոցային միջոցը, թե պառլամենտի տրիբունայից, դա ուրիշ խնդիր է: Բայց որ պետք է ուժերը մոբիլիզացնել, դա փաստ է: Չի անի՝ չի մնա:



- Իսկ Դուք կո՞ղմ էիք մանդատները վերցնելուն:



- Ոչ, ոչ:



- Այս հարցում ՀԱԿ-ում կարծիքների հարաբերակցությունն ինչպե՞ս էր բաշխվել, շատե՞րն էին դեմ, իսկ ովքեր կողմ էին, հիմնավորումը ո՞րն էր:



- Գիտեք, մենք մինչեւ ընտրություններին մասնակցելու որոշումը կայացնելը՝ արդեն 13 կուսակցություններ ստորագրել էինք մեկ փաստաթղթի տակ, որում ասվում էր՝ կամ չպետք է մասնակցել, կամ մասնակցության մեխանիզմ էր առաջարկվում: Դե, որոշ ուժեր դա տապալեցին, դա իրենց պրոբլեմն է: ...Դե, չեմ ուզում մանրամասնել, որ այդ 13-ից ընդամենը 4-ը բոյկոտեցին համամասնական ցուցակը, 9-ը մասնակցեցին եւ ստացան 0 մանդատ: Սա ուրիշ խնդիր է, Դուք խորանում եք հարցերի մեջ, որին ոչ թե պատրաստ չեմ, այլ վաղվա (այսօրվա) միգուցե մամլո ասուլիսում կամ կուսակցության հայտարարությունում մենք մանրամասն կներկայացնենք մոտեցումները:



- Սպասելի՞ է, որ այսօր կհայտարարեք ՀԱԿ-ից դուրս գալու մասին:



- Դուրս գալն ամենադյուրին գործն է, գործ պետք է անել եւ որոշել՝ ում հետ պետք է գործ անել. սա է կարեւորը:



- Քանի որ ՀԱԿ-ի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունը նույնպես իր անհամաձայնությունը հայտնեց ՀԱԿ-ի մարտավարության հետ եւ հայտարարեց դաշինքից դուրս գալու ու փողոցում պայքարելու մասին, հնարավո՞ր է միանաք Արամ Սարգսյանին:



- Դուք անպայման ուզում եք հարցի պատասխանը, ես չեմ պատասխանելու՝ ում հետ, ինչ ուժերի եւ այլն: Մենք դա կասենք, կասենք վաղը կամ հաջորդ շաբաթվա սկզբում: Հայաստանում դեռ բոլորը չէ, որ վաճառվել են Սերժ Սարգսյանին, ռեժիմին, կան առողջ ուժեր, կան մարդիկ, ովքեր պատրիոտներ են եւ այս կուսակցությունից այն կուսակցություն են փախչում եւ այլն, պետք է փորձել համախմբել:



 



ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, «Ժողովրդի իշխանություն» շարժման ղեկավար, ՀԱԿ անդամ, ով նույնպես մանդատ չի ստացել: Նա ՀԱԿ ցուցակի 16-րդն էր եւ չի պատրաստվում լքել Կոնգրեսը:



- Տիկին Թադեւոսյան, ՀԱԿ-ի ներսում ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում, չեն դադարում խոսակցությունները, թե առաջիկայում շատերը կլքեն այն:



- ՀԱԿ-ի ներսում որեւէ արտառոց գործընթաց չկա, եւ դրանք ավելի շուտ կողքի խոսակցություններ են նրանց կողմից, ովքեր ուզում են ՀԱԿ-ի շուրջ առեղծվածային մթնոլորտ ստեղծել, ուշադրությունը բեւեռել ՀԱԿ-ի եւ ՀԱԿ-ում տեղի ունեցածի վրա: Ինքս ՀԱԿ անդամ լինելով՝ տեղյակ չեմ այն ամենին, ինչի մասին գրվում է:



Թե ովքեր են հնարում տարաձայնություններ եւ այլն, դրանց հեղինակներին պետք է հարցնել եւ իմանալ: …Ես չգիտեմ կոնկրետ ովքեր են դրանք, բայց նման երեւույթներ ՀԱԿ-ում չկան: Իսկ որ կուսակցությունից չեն հեռանում, մի մոռացեք, որ ՀԱԿ-ը դաշինք է եւ ստեղծել այնպիսի մի իրավիճակ, որ 18 քաղաքական ուժերը միանման մտածեն, ես դա համարում եմ անթույլատրելի:



Հակառակը՝ շատ հաճելի է, որ կան կարծիքների տարբերություններ, բախումներ, քննարկումներ: Եվ եթե մեկը չի դիմանում այդ քննարկումներին, բախումներին եւ որոշում է հեռանալ՝ բարի ճանապարհ, խնդիր չկա:



- ՀԱԿ-ը լքող Արամ Սարգսյանը հստակ ասաց, թե ինչու է հեռանում, Գառնիկ Մարգարյանն էլ կարծիք հայտնեց, որ ըստ էության 18 կուսակցությունները համախմբվել էին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նպատակով, ինչը, փաստ է՝ չիրականացավ: Հիմա Դուք որոշ կուսակցությունների՝ ՀԱԿ-ի հետ ունեցած տարաձայնություններն անհի՞մն եք համարում:



- Ես, անկեղծ ասած, այդ ամենը հասկանում եմ, բայց ինձ համար ամենակարեւոր կարգախոսը մնում է «Պայքար, պայքար մինչեւ վերջ»-ը, իսկ դա չի եղել, երբ կհասնեմ դրան, նոր կասեմ՝ վերջացրեցի գործը:



- Կարծում եք, թե 7 մանդատով կարելի՞ է լուրջ փոփոխություններ անել, առհասարակ Դուք կո՞ղմ էիք մանդատները վերցնելուն:



- Իսկ ինչո՞ւ ոչ: Եվ հետո, այդ մանդատները ՀԱԿ-ի արդար ձայներն են, այն 106 հազար արդար մարդկանց, որոնք հավատացել են ՀԱԿ-ին, եւ որոնք սուրբ մասունք են մեզ համար: Իսկ ո՞նց կարող էինք դա հաշվի չառնել, դրանք լեգիտիմ ձայներ են: Ոչ լեգիտիմ ԱԺ-ում ունենք մենք այդ 106 հազար հոգու լեգիտիմ ձայները, մնացածը թող որոշեն, որ իրենք լեգիտիմ չեն, եւ որոշեն՝ վերցնեն, թե ոչ:



- Լավ, այս դեպքում օրինակ Ձեր հետագա համագործակցությունը Կոնգրեսի հետ տեսնո՞ւմ եք, Ձեր տեղը, դերակատարությունը ո՞րն է լինելու ի վերջո, մանդատ վերցնողները կգնան խորհրդարան, իսկ Դուք ի՞նչ եք անելու: Փողոցում պայքարը կշարունակվի՞:



- Ես իմ տեղը վաղուց պատկերացրել եմ, ես ունեմ շատ կայուն տեղ, ես զբաղվում եմ գիտությամբ, կրթությամբ, գիտահետազոտական աշխատանքներով, աշխատում եմ ուսանողության հետ: Եվ իմ սկզբունքներին հավատարիմ մնալով՝ ես նաեւ անտեսանելի քաղաքացի եմ դաստիարակում լսարանում, պարտադիր չէ խոսեմ քաղաքական խնդիրների շուրջ, որ իմ ուսանողը կրթվի որպես քաղաքացի:



Քաղաքական առումով մենք ունենք պատգամավորներ, ովքեր կներկայացնեն օրինագծեր, օրինագծերի մշակմանը մենք կմասնակցենք նաեւ որպես օգնող խմբեր, որովհետեւ ՀԱԿ-ի շրջանակներում ունենք բազմաթիվ հանձնաժողովներ: Որոշակի օրինագծերի, մեր պահանջների շուրջ եթե ունենանք այս իշխանությունների կողմից կամակորություն, կպայքարենք նաեւ փողոցում՝ պարտադրելով նաեւ այդ օրենքի ընդունում կամ որոշակի փոփոխությունների իրականացումը:



- Իսկ ՀԱԿ-ը լքողները կարծես այլ պատճառաբանությամբ են հեռանում, թեեւ Դուք ասացիք, որ պայքարը դեռ ավարտված չէ: Այդ դեպքում իրականում ի՞նչ պատճառով են լքում Կոնգրեսը:



- Ես չեմ կարող ասել, ես նրանց համարում եմ իմ ընկերները, ամեն դեպքում իմ ընկերների գործունեությունը երբեք չեմ գնահատի ոչ մի ձեւ: Եթե նրանք գտնում են, որ ՀԱԿ-ում չեն՝ իրենց բարի ճանապարհ: