Խորհրդարանական քննարկման հարցը որոշված չէ

Խորհրդարանական քննարկման հարցը որոշված չէ
Հուլիսի 2-ին ԱԺ չորս խմբակցություններ նամակով դիմել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, խնդրելով, որ նա հանդիպում կազմակերպի «Հարսնաքարի գործը» քննող իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: «Հնարավոր անխուսափելի զարգացումները, հարցի հրատապությունը նկատի ունենալով, նաեւ օգտվելով Ազգային ժողովի պատգամավորների օրենքով նախատեսված լիազորություններից՝ առաջարկում ենք սեղմ ժամկետներում ՀՀ ԱԺ-ում կազմակերպել հանդիպում գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարների հետ՝ գործի ընթացքի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերին պատգամավորներին պարզաբանումներ տալու եւ հարցադրումներին պատասխանելու նպատակով»,- ասված է ԱԺ նախագահին փոխանցված նամակում: Ի դեպ, նամակը ստորագրել են ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարները, եւ միայն ԲՀԿ-ից այն ստորագրել է խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:



ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այս նամակին դեռեւս չի արձագանքել, բայց կարելի է ենթադրել, որ նրա պատասխանը բացասական կլինի: Իհարկե պարզ է, թե ինչ նպատակով են պատգամավորները ցանկանում, որ նման քննարկում կազմակերպվի. նրանց համար դա հերթական PR ակցիան կլինի: Նրանք կպահանջեն, որ քրեական գործի քննությունը կատարվի օրինականության շրջանակներում, որ մեղավորներիրց որեւէ մեկը դուրս չմնա իրավապահ մարմինների ուշադրությունից, նրանք տեղի չտան զանազան ճնշումներին եւ, նկատի ունենալով հարցի հանրային հետաքրքրությունը, իրենց տեղյակ պահեն գործի ընթացքի մասին, որպեսզի իրենք էլ հաշվետու լինեն իրենց ընտրողներին:



Միանշանակ է, թե ինչ են պատասխանելու գործը քննող իրավապահ մարմինների ղեկավարները. նրանք հավաստիացնելու են, որ գործի քննությունը պահում են իրենց ամենօրյա վերահսկողության տակ, որ պատգամավորները կարող են վստահ լինել,որ  իրավապահ համակարգն անկախ է, չի ենթարկվում կողմնակի որեւէ ճնշման, եւ պատգամավորները կարող են վստահ լինել, որ գործի քննությունը կտարվի օրինականության շրջանակներում, Վահե Ավետյանի հետ տեղի ունեցած ողբերգությանը մասնակցություն ունեցող որեւէ անձ չի խուսափի պատասխանատվությունից, եւ ինչպես պատգամավորները, այնպես էլ իրավապահ մարմինների ներկայացուցիչները, նկատի ունենալով հարցի հանրային հետաքրքրությունը, աշխատելու են հնարավորինս բաց եւ թափանցիկ, իհարկե չմոռանալով նախաքննության գաղտնիության սկզբունքի մասին:



Արժե հանուն այն բանի, որ մի քանի պատգամավոր բոցաշունչ ելույթ ունենա խորհրդարանի ամբիոնից եւ մի քանիսն իրար հետ մրցակցության մեջ մտնեն, թե իրենցից ով է ավելի շատ ցավում ողբերգության համար, ով է ավելի խորը վերապրել այդ սպանությունը, ով որտեղ է տեսնում դրա ծնող պատճառները եւ վերացման ուղիները, նման թամաշա կազմակերպել ԱԺ-ում: Դա կարող է որոշել միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:



Բայց, չբավարարվելով նման քննարկում կազմակերպելու առաջարկով, ընդդիմադիր պատգամավորները որոշել են արտահերթ նստաշրջան հրավիրել: Համենայնդեպս «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունից պարզ է դառնում, որ իրենք ցանկացել են արտահերթ նստաշրջան հրավիրել, սակայն քանի որ ԲՀԿ-ն հրաժարվել է ստորագրել արտահերթ նստաշրջան հրավիրելու ձեւաթղթի տակ, հրաժարվել են այդ նախաձեռնությունից, քանի որ առանց ԲՀԿ մասնակցության հնարավոր չէր լինի 44 ստորագրություն հավաքել:



ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել է, որ ոչ ոք ԱԺ քարտուղարությունից ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ձեւաթուղթ չի վերցրել եւ իրենց ստորագրելու առաջարկ չի արել: «Ժառանգության» պատգամավորուհին ԲՀԿ-ին է մեղադրում կեղծ ընդդիմություն լինելու մեջ, ԲՀԿ պատգամավորուհին՝ «Ժառանգությանը», համապատասխան վայրերում իրենց գործողությունները ճշտելու մեջ: ՀԱԿ ներկայացուցիչներն այս վեճի մեջ դարձյալ ԲՀԿ-ի կողքին են: «Իսկապես, Զարուհի Փոստանջյանը սկզբից ուզեցել է ստորագրություն հավաքել արտահերթ նստաշրջան հրավիրելու համար, բայց հետո նրան համապատասխան տեղից զգուշացրել են, որ չզբաղվի դրանով, եւ հիմա նա ուզում է ստորագրահավաք չկազմակերպելու մեղքը բարդել ԲՀԿ-ի վրա»,-ասում է ՀԱԿ ներկայացուցիչներից մեկը: Նման արտահերթ նստաշրջաններն ու քննարկումները կոչված են ընդամենը մի բանի. պայքար գլխավոր ընդդիմադիրի կոչման համար: Պատգամավորներն իրենք են խոստովանում, որ առաջիկա ամիսներին պայքարը քաղաքական ուժերի միջեւ ընթանալու է հենց այդ նպատակի շրջանակներում:



 Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ