Դիմակը պատռվեց

Դիմակը պատռվեց
Միանգամայն համաձայն եմ Ռուբեն Հակոբյանի հետ՝ ոմանք քաղաքական դաշտում միայն հակահիգիենիկ, հակասանիտարական վիճակ են ստեղծում՝ իրենց ողորմելի կեցվածքով, ափեղ-ցփեղ խոսելու ունակությամբ, կեղծելու եւ ստելու շնորհքով: Սրան-նրան քարկոծելու, իբր խելացի, բայց իրականում տխմար մտքեր հայտնելու եւ ամեն ինչի հետեւում պարանոյիկի նման Բաղրամյան 26-ի հետքը տեսնելու փոխարեն ԲՀԿ-ն լավ կլիներ պարզապես ամբողջ կազմով ստորագրեր երեկվա նախաձեռնության տակ: Եվ հատկապես ստորագրեր նրա առաջնորդ Ծառուկյանը:



Միանգամից կփակվեր ընդդիմադիր-չընդդիմադիրի մասին խոսակցությունը, եւ կհասկացվեր, որ այս մարդիկ իսկապես ուզում են պահպանել իրենց էլեկտորատի վստահությունը, այլ ոչ թե էկրանի առաջ ընդդիմադիր են, իսկ նախագահականում՝ իշխանություն կամ իշխանության սպասավոր: Ոչինչ չէր խանգարի, որ այդ ձեւաթղթի տակ ստորագրեին նաեւ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Ի՞նչ մի մեծ ողբերգություն կարող էր բերել իր հետ «Հարսնաքարի» վերաբերյալ արտահերթ նիստի հրավիրումը, որն այդպես ջանասիրաբար տապալեցին սրանք: Էլի քվեարկության արդյունքները կլինեին այնպես, ինչպես «ճիշտ» կհամարեր մեծամասնությունը, բայց գոնե հասարակությունը կտեսներ, որ սրանք մարդկային կյանքը գնահատել գիտեն, իսկ «հաբռգածությունն» ու լկտիությունը՝ դատապարտել:



Կտեսներ, որ խորհրդարանը քաղաքական մարմին է, որը մտահոգ է երկրի քաղաքացուն հուզող բոլոր խնդիրներով եւ պատրաստ է դրանց մասին հրապարակավ իր կարծիքը հայտնել ու դատապարտել անմեղ մարդու մահը: Բայց սրանք ի՞նչ քաղաքական գործիչներ: Սրանք միայն առնող-փախնողներ են, իրենց գրպանի մասին մտահոգ տզրուկներ, որոնք, ժողովրդի վզին նստած, նրա արյունն են խմում: Եվ եթե մտահոգ են, ապա միայն իրենց թոռներ-ծոռների ապագան ապահովելու խնդրով: