Շունը տիրոջն է ճանաչում...

Շունը տիրոջն է ճանաչում...
Զարմանալի մարդիկ են հավաքված մեր կառավարությունում: Օրինակ՝ Կովկասում խոշորագույն առցանց տուրիստական գործակալությունը հայտարարություն է տարածել այն մասին, թե դադարեցնում է համագործակցությունը Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հետ՝ այդտեղ կատարված սպանության պատճառով, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը «հույս է հայտնել, որ միջադեպը մեր երկրի իմիջի վրա էապես չի ազդի»:



Ճիշտ է՝ ձեռքի հետ էլ նշել է, թե «ընդհանրապես միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ոլորտը զգայուն է բոլոր տեսակի երեւույթների նկատմամբ», բայց քանի որ մի տեսակ ներքին համոզում ունի, որ ընդամենը ճաշելու համար ռեստորան մտած մարդուն քացու տակ սպանելը «կրկնվող երեւույթ չէ... որ ամեն երկրում էլ կարող են նման բաներ պատահել», այդ պատճառով էլ հույս ունի, իսկ ավելի ճիշտ՝ նրան հրամայված է հուսալ, որ միջադեպը զբոսաշրջության վրա չի ազդի: Ասել կուզի՝ տուրիստները ոչ աչք ունեն, որ կարդան, ոչ՝ ականջ, որ լսեն: Ավելին, նրանք հաստատ համոզված են, որ Հայաստանում միայն ՀՀ քաղաքացիներին են սպանում...



Բայց խնդիրը միայն Ապրեսյանը չէ: Տպավորություն ունեմ, թե այս կառավարությունում միայն «հավատացողներ ու հուսացողներ» են հավաքված, ովքեր բացարձակապես են կորցրել իրականության ընկալումը: Օրինակ՝ մամուլն ահազանգում է այն մասին, որ Վայքում, Լոռիում կարկուտը վնասել է համարյա ամբողջ ցանքատարածքներն ու այգիները, գյուղնախարարությունից, սակայն, միայն «պոզիտիվ նոտաներ են հնչում» առ այն, թե ոլորտը շատ էլ լավ վիճակում է, իսկ ծիրանի բերքը մի բան էլ 40%-ով ավելին է: Եթե նույնիսկ ծիրանի առատ բերք ունենք,  արդյո՞ք դա փոխհատուցում է գյուղացու վնասը, կամ դրանից փոխվո՞ւմ է այն փաստը, որ գյուղատնտեսական նշանակության հողերի մեկ երրորդ մասը հազիվ է մշակվում Հայաստանում: Արդյո՞ք ծիրանի առատ բերքը նվազեցնում է վարկային տոկոսադրույքները, կամ ոռոգման ջո՞ւր է տալիս գյուղացուն: Միգուցե գյուղտեխնիկա կամ պարարտանյո՞ւթ, ի՞նչ կարծիքի է Հայաստանում գյուղոլորտը հորով-մորով անելուց հետո Ղարաբաղին իր փորձը փոխանցող գյուղնախարարը:



Մեկ ուրիշ բան հիշենք. գրում ենք արտագաղթի, մանավանդ սահմանամերձ գյուղերի դատարկման եւ այն մասին, որ մարզերում գյուղեր կան, որոնցում արդեն ամբողջովին ամայի թաղեր կան կամ հատուկենտ բաց դարպասով տներ, որոնցից միայն  ծերուկներ են ելումուտ անում, իսկ կառավարությունում խոսում են նրանց որդիների կամ թոռների համար ինչ-որ նոր բացվելիք 100 հազար աշխատատեղի մասին: Այսինքն՝ «էշ, մի՛ սատկիր, գարուն կգա» սկզբունքով:



Սրանց երեւի թվում է, թե մարդիկ հիմար են, չեն կարող հասկանալ, որ կառավարության իսկ ջանքերով գործարարությունն այնպես ու այնքան է քվոտավորված մի քանի ընտանիքների միջեւ, որ, ասենք, մանր ու միջին բիզնեսն այսօր ի վիճակի չէ միանգամից, դիցուք, 1000 նոր ընկերություն «բուծել», որտեղ միջինը 100-ական մարդ զբաղված լինի: Դա ուղղակի անհնար է: Ինչ վերաբերում է խոշորներին, որոնց վերաբերյալ Պետեկամուտների կոմիտեն անընդհատ տեղեկություններ է հաղորդում հանրությանը, նրանք ոնց որ թե, հանքարդյունաբերությունից զատ, մի տեսակ ուրիշ ոչ մի լրացուցիչ ներդրում անելու «հավես ու ժամանակ չունեն»: Դրանից բացի, որքան հասկացանք նույն ՊԵԿ-ի վերջին տվյալներից, վերջին տարիներին նույնիսկ խոշոր բիզնեսն է  գործազրկության խնդիր արձանագրել: Ուր մնաց՝ նոր զբաղվածություն ապահովվի «կառավարության համար ու նրա ջանքերով»:



Բայց նորից գանք «հուսալու»  եւ գեղեցիկ ճառերի թեմային: Օրերս գործարարներից մեկը՝ «Կոմֆորտ Ռ&Վ» ՍՊԸ-ի տնօրենը, բացահայտ էր խոսել այն մասին, որ պետական գնումների ոլորտը պաշտոնյաները սեփական բիզնեսն են դարձրել, որում թուրները աջ էլ է կտրում, ձախ էլ: Մեկ ուրիշն էլ տրտնջում էր, թե բա էլ ինչո՞ւ ենք մեր հարկերի հաշվին մի ամբողջ Գնումների պետական գործակալություն, իսկ ֆինանսների նախարարությունում էլ՝ Գնումների աջակցման կենտրոն պահում: Որպեսզի որեւէ ընկերություն միայն մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելու համար վճարի յոթ հազար դրա՞մ, թե՞ որ դրանց մասին պարբերաբար տեղեկություն ստանալու համար կենտրոնն ընկերության հետ պայմանագիր կնքի՝ նրանից կորզելով 400 հազար դրամ: Ճիշտ կամ գոնե տրամաբանական հարցադրում  է, այնպես չէ՞:



Բայց արի տես, որ մարդիկ կամ ձկան պես լուռ են, կամ էլ կենտրոնի տեղակալ Արթուր Առաքելյանի մակարդակով, թքած ունենալու պես, հայտարարում են, թե «իրենց ծառայություններից օգտվելն ըստ ցանկության է»: Ընդամենը: Ասել կուզի՝ չեք ուզում, գնացեք որտեղից ուզում եք, մրցույթների մասին տեղեկություն ստացեք, հետն էլ զուտ  այդ գործում մասնագիտացված անձնակազմ պահեք, որ մեր կարիքը չզգաք: Գնալը՝ գնան, պահելը՝ պահեն: Բայց չէ՞ որ այդ դեպքում էլ երաշխիք չկա, որ հատկապես գնացողն ու պահողը եւ ոչ, ասենք, չգիտեմ ում փեսան ու աներորդին կհաղթեն «մրցույթում»՝ իբրեւ միակ ու աննման, անգին ու անփոխարինելի: Այսինքն՝ համարյա «Ֆլեշ»: Նա որ չլինի՝ կառավարությունն ո՞ւմ կարող է գտնել, որպեսզի գյուղացուն դիզվառելիք մատուցի...



Մի խոսքով, Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որն առաջին հայացքից կարող է հայտնի թեւավոր միտքը հիշեցնել՝ շունը տիրոջը չի ճանաչում: Բայց երբ մի փոքր ծանոթանում ես իրերի իսկական դրությանը, հասկանում ես, որ «շունը հատկապես եւ միայն իր տիրոջն է ճանաչում, եւ տերն էլ՝ շանը»: Այլապես ինչպե՞ս հասկանալ այն հանգամանքը, որ իբրեւ հարկային տեսուչ ներկայացած ու ընդամենը հարյուր դոլար շորթած մեկին որպես դարի հանցագործ են ներկայացնում «Հայլուրով» եւ պաշտոնական Հայաստանը «մատուցող» լրատվամիջոցներով, իսկ ահա տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիներիս վերջին հիմարի պես խաբած ու կեղծ օղիներ (բուսական յուղերի  ու մնացածի մասին էլ լռենք. ժողովրդի մեջ «Հակամենաշնորհային հանձնաժողով» անունով հայտնի պետական հանձնաժողովը դեռ չի հասել մյուսներին)  վաճառած Սամվել Ալեքսանյանը՝ հարգված մեկը եւ պատգամավոր: Հետաքրքիր է՝  երբ իշխանությունները ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ մայոր Միհրան Պողոսյանին «թույլատրում են» խրոխտ դեմքով դուրս գալ եւ լրագրողների առջեւ հայտարարել, թե Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից արտադրվող եւ իրացվող կեղծ օղիների ոչ միայն խմբաքանակներն են ամբողջովին բռնագրավված, այլեւ արտադրության բոլոր ռեսուրսները՝ շշեր, խցաններ, պիտակներ, ՀՀ քաղաքացին ի՞նչ պիտի մտածի նրա ուսադիրների, առհասարակ հայաստանյան արդարադատության, խորհրդարանի եւ պատգամավորի մասին: Արդյո՞ք ոչ այն, ինչ հենց հիմա՝ մենք...



Այսքանից հետո արժե՞ անդրադառնալ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մասին մեր մտածումներին, ով առանց ամոթի ասում է՝ չի կարող գազի գինը բարձրանալ, բանակցությունները շարունակվում են: Եվ դա այն դեպքում, երբ ռուսական մամուլը վաղուց արդեն որպես կայացած փաստ է ներկայացնում այն, որ այս տարվա հոկտեմբերի մեկից բարձրանալու է ՀՀ-ին մատակարարվող գազի գինը: Ըստ այդմ, համաձայն ռուսական աղբյուրների, ռուսական գազը սահմանի վրա արժենալու է ուղիղ 280 ԱՄՆ դոլար՝ ներկայիս 180 դոլարի փոխարեն, իսկ արդեն հունվարի մեկից՝ 320 դոլար:



Ակնհայտորեն, իշխանություններն ինչ-որ տարբերակ են մտմտում գոնե մինչեւ նախագահական ընտրություններ այս փաստը թաքցնելու համար: Մանավանդ որ, կապված երաշտի հետ, չի բացառվում նաեւ ռուսական հացահատիկի էլ ավելի թանկացումը, որի հիմնական ներկրողներից ենք նաեւ մենք: Ու եթե ձմռան շեմին եւ հացը թանկանա, եւ վառելիքը, եւ արտագաղթն աճի այս տեմպերով, եւ գործազրկությունն ավելանա, որովհետեւ որոշ չարագույժ կանխատեսումների համաձայն՝ ՌԴ-ում նոր ճգնաժամ է սպասվում, հետեւաբար նաեւ՝ մեր արտագնա աշխատողների դրության վատթարացում, կարելի է պատկերացնել, թե ինչ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվելու երկրում:



Վախենամ՝ այդ ժամանակ դեռ այս հողի վրա ապրող ժողովուրդը եւ «շանը սրբի, եւ շան տիրոջը»...