Ճամփորդություն դեպի Վան

Ճամփորդություն դեպի Վան
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ



ՔԵՄԱԼԻ ՖԵՆՈՄԵՆԸ 



Համաձայնենք, որ դասարանցիներով հավաքվելու մեջ յուրատեսակ խորհուրդ, խորքային շերտեր կան: Թե՞ համեմատաբար անհոգ անցյալդ է այդքան իր մասին հիշեցնում, թե՞ ցանկանում ես ապրածդ կյանքին յուրովի վերահաշվետվություն տալ՝ քոնը համեմատելով մյուսների հետ:



Դասարանն էլ, կարծես, Հայաստանի փոքրացված մասշտաբը լինի` յուրատեսակ լակմուսի թուղթը. կեսը գլենդեյլներում, եվրոպաներում ու մոսկվաներում են: Մտածում ես՝ միգուցե ավելի հեշտ կլիներ հավաքվել դրսերում. չի բացառված, որ ավելի շատ մարդ կգար:



Հիմա կհարցնեք` բա սա ճամփորդական նոթերի հետ ի՞նչ կապ ունի: Շատ ուղղակի: Նման մի հավաք-քեֆի ժամանակ էլ, որեւէ N-երորդ բաժակի վրա, երբ հայրենասիրական մղումներն իրենց գագաթնակետին են հասնում, հանկարծ օդում մի գաղափար է ծնվում` մոտ օրերս ուղեւորվել Վան եւ Ախթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում մոմ վառել:



Եվ այսպես` դեպի Արեւմտյան Հայաստան:



Չգիտես ինչպես անվանես այն տարածքը, որով անցնում ես Վրաստանի Վալե սահմանային կետից մինչեւ Ախթամար կղզի հասնելը. ուղղակի Թուրքիա ասելը հայերիս համար հոգեբանորեն շատ դժվար է, սխալ է նաեւ Արեւմտյան Հայաստան անվանելը, քանի որ ճանապարհի զգալի մասը նախկին պատմական Ղարսի նահանգով է անցնում, որը ոչ մի կերպ Արեւմտյան Հայաստան չէ: Իսկ հիանալի ասֆալտե մայրուղով սլանալիս էլ չես կարող նկատել, թե երբ ավարտվեց Ղարսի նահանգը եւ սկսվեց պատմական Արեւմտյան Հայաստանը:



Առաջին տպավորությունը, երբ ոտքդ դնում ես Թուրքիայի հողի վրա, իսկ ավելի կոնկրետ` հայտնվում ես իր տեխնիկական զինվածությամբ քարե դար հիշեցնող թուրքական մաքսակետում (այստեղ համակարգիչների փոխարեն դեռ տպող մեքենաներ են), քեզ ամեն անկյունից հառած Աթաթուրքի խորաթափանց ու խորամանկ հայացքն է: Թե մեծ դահլիճում, թե առանձին սենյակներում Աթաթուրքի նկարներն են, որոշների տակ` նրա մտքերից մեջբերումներով:



Աթաթուրքն այս երկրում ամենուր է` նրա արձանները կանգնած են թե առաջին իսկ սահմանամերձ զինվորական ստորաբաժանման մուտքի առջեւ, թե առաջին իսկ քաղաքի` Ռոֆոսի կենտրոնական հրապարակում` գլխարկը հանած եւ գլուխը խոնարհած իր ժողովրդի առաջ:



Աթաթուրքի նկարն է թուրքական տարադրամ լիրայի բոլոր թղթադրամների վրա, մի կողմում ինքն է, մյուս կողմում՝ մի որեւէ անվանի (երեւի թե ճիշտ կլիներ այս վերջին բառը չակերտների մեջ վերցնել) թուրք` մաթեմատիկոս, գրող, երեւի նաեւ մեծ հումանիստ. մնում է միայն հասկանալ, թե որտեղից են նրանց գտել ու ազգային պատկանելություններն էլ իրենք իրենց վերագրել...



Մեզանում շատերի մոտ շրջանառվում է այն թյուր կարծիքը, թե «իրանց Աթաթուրքը՝ ոնց որ մեր Լենինը»: Միանգամայն սկզբունքային սխալ տեսակետ: Եթե իր էությամբ ազգուրաց Լենինի ողջ քաղաքականությունն ապազգային էր` ուղղված ամեն մի ազգային արժեքի ուրացմանը, ազգային կերպարի վերացմանը, ապա Աթաթուրքը չեղածից «թուրք ազգ» հասկացություն ստեղծեց, փլուզված Օսմանյան կայսրության մի մասում էլի՛ չեղածից թուրքական պետականության հիմքերը դրեց եւ ամրացրեց այն մինչ իր մահը, նախկին օսմանցուն թուրք «կնքեց», նրա մեջ ազգային ինքնագիտակցություն արթնացրեց եւ «ես թուրք եմ, ուրեմն ես հպարտ եմ» արտահայտությունը դարձրեց նորաստեղծ «էթնոսի» կարգախոսը:



Աթաթուրքն էր, ում քաղաքական դոկտրինը, որը հետագայում «քեմալիզմ» անվանվեց, մինչ օրս ուսանելի է անգամ արեւմտյան քաղաքագետների համար: Վերջապես Աթաթուրքն էր, ով կարողացավ իր այս համալիր գործողությունների շնորհիվ նաեւ աշխարհի աչքում «լղոզել» իր ազգի կողմից տարիներ առաջ իրականացված ոճրագործությունները:



Աթաթուրքը ժամանակակից ֆունկցիա չէ, ինչպես մեզանում ժամանակին լենիններն ու ստալինները, իսկ դրանից հետո էլ` ընտրությունից ընտրություն ժողովրդի կողմից «ընտրվող-վերընտրվող» նախագահները:



Աթաթուրքն անփոփոխ քաղաքական արժեք է, անկախ այն բանից՝ իրենց մոտ առաջիկա ընտրություններում իրենց «բարգավաճներն» ու «հանրապետականները» կանցնեն, թե այլոք: Եվ եթե այնպես ստացվի, որ մի գեղեցիկ օր Թուրքիայում հեղաշրջում լինի, ու, ասենք, էկոլոգ-պացիֆիստներն իշխանության գան, դժվար թե նրանց օրոք Աթաթուրքի նկարներն ու հուշարձանները փոխարինվեն իրենց առաջնորդով: Բա այդքանից հետո ո՞նց թուրքերն էդ մարդուն աթաթուրք, ասել է թե` թուրքերի հայր չանվանեն:



Շարունակելի



Լեւոն  ԳԵՎՈՐԳՅԱՆ