Լուչիանոն կընտրի պիցցան

Լուչիանոն կընտրի պիցցան
Փոքրիկ Լուչիանոն Իտալիայի արվարձաններում ամենից շատ սիրում էր գորտեր ու մողեսներ բռնել, ֆուտբոլ խաղալ եւ, բնականաբար՝ երգել: Լուչիանոյի հայրը տուն էր բերում հայտնի տենորների սկավառակներ, եւ նրանք միասին լսում էին նրանց կատարումները: Փոքրիկ տղան բարձրանում էր խոհանոցի սեղանին ու որքան ուժ ուներ՝ երգում: Հարեւանների պատասխանը չէր ուշանում, նրանք բղավում էին՝ «basta» (ձայնդ կտրիր): Ավելի ուշ, երբ Լուչիանոն մեծանում է թե փառքով եւ թե կիլոգրամներով, ընկերները նրան անվանակոչում են Big P.: Այո, 150 կիլոգրամը քիչ չէ, սակայն երբ դա միայն զուտ ֆիզիկական քաշ չէ, այլեւ իր մեջ պարունակում է 150 կգ բարություն եւ հմայք, կանայք սկսում են խելագարվելու աստիճան երկրպագել այդ, ինչպես ինքն է իրեն անվանում, «աշխարհի ամենածանր երգչին»:



Դիետոլոգներն անզոր էին զսպել Լուչիանոյի գայլի ախորժակը. «Ինչո՞ւ եմ ես այսքան ուտում: Նախ, որովհետեւ ես իտալացի եմ: Հետո ծնունդով Մոդենայից եմ` շատակերների քաղաքից»,- ասում էր աշխարհահռչակ երգիչը: Լուչիանոյի կինը՝ Աուդան, նրա պատանեկան սերն էր, 7 տարի նշանված լինելուց հետո նրանք ամուսնանում են, ունենում երկու դուստր: Հարստություն, փառք, գեղեցկուհիներ... ո՞ր մի տղամարդը կդիմանա... գայթակղությունը գայթակղության ետեւից, դավաճանություններ: Այս ամենի առաջ իմաստուն Աուդան աչք է փակում: «Թող սիրունիկ աղջիկները շրջապատեն նրան, միեւնույն է՝ Լուչիանոն կընտրի պիցցան»,-ասել է կինը:



Սակայն Աուդան սխալվում էր. Լուչիանոն ընտրեց իր երիտասարդ ու գեղեցկիկ քարտուղարուհուն: Պավարոտիի խիղճն այս հարցում հանգիստ էր կարծես, այն հարցին, թե երիտասարդ կնոջ ընտրությունը հոգեբանները ծերության նշան են համարում, պատասխանել է. «Ես շատ լավ մանկություն եմ ունեցել: Երջանիկ կյանք եմ ապրել կնոջս եւ աղջիկներիս հետ: Հաջողացրել եմ ֆանտաստիկ կարիերա ունենալ: Այժմ որոշել եմ նոր կյանք սկսել Նիկոլետտայի հետ: Վստահ եմ, որ այն նույնքան հիասքանչ կլինի, որքան իմ կյանքում եղած ամեն ինչ: Արդյո՞ք ձեր հոգեբանները մարդկային երջանկության դեմ ինչ-որ բան ունեն»: Բայց երջանկությունը շուտ ավարտվեց: Նրանց որդին մահացած ծնվեց, իսկ մի քանի տարի անց մահացավ նաեւ աշխարհահռչակ տենորը: