Ուղեղ շարժելու ժամանակը

Ուղեղ շարժելու ժամանակը
Այլեւս ստիպված ենք անուններ տալով խոսել:



«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբ կոչվողներին առաջարկում եմ միանգամից հրապարակել այն հնարավոր իրադարձությունների ցանկը, որոնց առկայության պարագայում կարելի է հավաքվել «Հարսնաքար» ռեստորանի մոտ ու ակցիաներ անել: Օրինակ, մի քանի օր առաջ Հնդկաստանում գնացքներ էին բախվել: Կային զոհեր: Բա այդ առիթով չգնա՞նք «Հարսնաքար» ռեստորանի մոտ, մի հատ ցույց անենք, որովհետեւ Ռուբեն Հայրապետյանի հնդիկ գործընկեր-օլիգարխները միջոցներ չեն ներդնում երկաթուղին ժամանակակից սարքերով ապահովելու գործում: Նրանց այդ հանցավոր կեցվածքն էլ պատճառ է դարձել, որ բախվեն մարդատար գնացքները: Զոհերի թվում, այ քեզ ճակատագիր, կան Հնդկաստանի ազգային բանակի սպաներ:



Հարցս ձեզ եմ ուղղում, շարժման կազմակերպիչներ՝ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը Վահե Ավետյանին սպանեց հայ եւ Հայոց բանակի սպա լինելո՞ւ համար:



Օլիգարխիայի թիկնազորը եւ առհասարակ օլիգարխիկ համակարգը շատ գլուխներ է կերել ու պարտակել: Էս ի՞նչ շարժվել եք շարժվում այսպես ուշացումով: Հայ սպան ինչո՞ւ այդպես արժեւորվեց հանկարծ, եթե մանավանդ հաշվի առնենք, որ youtub-ները լցնում էիք հայ սպային խայտառակող ֆիլմերով ու լուսանկարներով, որոնց մեծ մասը ադրբեջանցիների տարածած նյութերից copy-past արված բաներ էին:



Վահե Ավետյանի հիշատակին վատ բան ասողի լեզուն թող տեղում չորանա: Եվ թող պապանձվի նա, ով կփորձի որեւէ կերպ արդարացնել նրան սպանողին: Բայց, հավատացեք, զզվելի է, երբ դուք մարդկանց բողոքը սեփականացնում եք, դարձնում եք փեշակ: Զզվելի է, երբ տուժողի անունով շարժում է ստեղծվում, որ ցավը հնարավորինս երկար ապրի ու կեղեքի առաջին հերթին տուժողի ընտանիքի անդամներին, հետո՝ ողջ ժողովրդին, որ անտարբեր չգտնվեց այդ դաժանության հանդեպ: Իսկ ե՞րբ պիտի հասկանաք, որ սա պետություն է, եւ չի կարելի հոգեխանգարմունքի հասցնել այդ պետությանը, անընդհատ քանդել ու քանդել նրա պտուտակները եւ այն տանել փլուզման:



Ձեզնից որեւէ մեկը կարո՞ղ է հրապարակավ թվարկել այն քայլերի հաջորդականությունը, որ ի վերջո կբերի նման երեւույթների իսպառ բացառման: Պարզվում է՝ չկա: Ամենահեշտը, գիտեմ, օդում «օլիգարխ» բառը կրակելն է: Պետք է քանդել օլիգարխիկ համակարգը, եւ այդ պայքարում բոլոր միջոցներն արդարացված են՝ կասեք: Ես ձեզ առաջարկում եմ մի փոքրիկ նախավարժանք այդ հայրենանվեր գործը ձեռնարկելուց առաջ: Եկեք գնանք Կապան ու Գյումրի եւ չթողնենք, որ օլիգախներն այդ քաղաքներում գողանան ժողովրդի քվեն: Եկեք հաղթենք Գյումրիում ու այդ հաղթանակը նվիրենք Վահեի հիշատակին: Կգա՞ք: Չեք գա: Դուք կնախընտրեք պարտվել Գյումրիում եւ այդ կապակցությամբ ցույց անել «Հարսնաքար» ռեստորանի դիմաց. բա չեք ասի՝ չլինեին Ռուբեն Հայրապետյանն ու նրա նմանները, ՀՀԿ-ն Գյումրիում օլիգարխ քաղաքապետ չէր նշանակի:



Հունգարիան, փոխանակ մորթելու, Ադրբեջանին է վերադարձրել մի ոչխարի, որ հանգամանքների բերումով հայտնվել էր իր տարածքում: Ոչխարի տերն էլ, փոխանակ դաստիարակելու այդ անհնազանդ անասունին, գրկել ու համբուրել է նրա ճակատը: Է, չոբան է, ի՞նչ պիտի աներ: Բայց դուք տեսեք, թե հայկական թերթ ու լրագրերը, կայքերն ու հեռուստատեսությունները ո՛նց են «մեծարում» այդ ոչխարին. «հայ սպային կացնահարած ադրբեջանցի սպա»: Մենք ուղղակի մեռնում ենք մեր խեղճությունն ընդգծելու համար՝ քնած ենք եղել, մեզ դաժանաբար են սպանել, մեզ իրենց փոքրոգությամբ ու երկչոտությամբ են հաղթել, մորթել, ցիրուցան արել աշխարհով մեկ: Բա էլ ո՞նց պիտի սպանեին: Նրանք տմարդի են, նրանց հատուկ է դա: Իսկ մե՞նք:



Մենք վերջապես սկսել ենք մեր մեջքը շտկել, հակահարված տալ: Տվել ենք՝ Արցախը մերն է: Ալիեւի ոչխարությունը կոկորդում մնաց: Մեր բռունցքն օդում է: Ալիեւը քանի քնած չէ, պետք է երկրորդ հարվածը հասցնել: Մենք իր նման տմարդի ու վախկոտ չենք, որ սպասենք քնի: Բայց… բայց մենք ավելի վատն ենք, պարզվում է, ներսում: Մենք ի վիճակի ենք մի հրեշավոր զուգահեռ տանել մեր պետության ու Ադրբեջանի միջեւ, մեր ղեկավարության ու Ալիեւի միջեւ: Եվ որտե՞ղ ենք տանում այդ զուգահեռը: Իհարկե «Հարսնաքար» ռեստորանի մոտ, ցույցերով, վհուկներին հատուկ պարով, թացուչոր խառնելով, մահը մահով պսակելով: Ու ոչ մի տարբերություն, որ հայ սպան մի դեպքում սպանվել է թուրքի ձեռքով՝ հայ լինելու համար, իսկ մյուս դեպքում՝ այլ հայերի հետ վիճաբանության մեջ՝ հայի ձեռքով:



Այո, երկրորդն ավելի նողկալի է, բայց սրանք, կներեք, նույն բաները չեն: Նույնացնել սրանք՝ նշանակում է մեր բռունցքը, որ վերջապես բարձրացել է թշնամուն հարվածելու համար, թողնել օդում: Դա՞ է նպատակը: Խնդրեմ, «Հարսնաքարի» մոտ հրավիրեք այն բոլոր դեսպաններին, որոնց արդեն ոչխարի պատմության հետ կապված ինչ պետք է, ասվել է: Լեզու դրեք այդ դեսպանների բերանը, թող ձեզ նկարեն ու աշխարհով մեկ ցույց տան, թե դուք ի՛նչ արդարամիտ մարտիկներ եք, թե որքան անողոք եք սեփական իշխանությունների ու պետության հանդեպ, որ բռնում եք անգամ հակառակորդի վրա բարձրացող նրանց ձեռքը: Կարող եք չմտահոգվել: Կադրից հաստատ դուրս կմնա բուն ասելիքը: Այն, որ դուք զուգահեռ եք գտել ու մի լավ առիթ՝ «Հարսնաքարի» մոտ եւս մեկ անգամ վեր-վեր թռչելու համար:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ