Օլիգարխիան իր վարչապետն է ուզում ունենալ

Օլիգարխիան իր վարչապետն է ուզում ունենալ
Հայաստանում դժվար է որեւէ մեկին համոզել, որ Տիգրան Սարգսյանը քաղաքական ֆիգուր է ու կարող է սեփական նախաձեռնողականությունը ցուցաբերել: Գաղտնիք չէ, որ Հայաստանում վարչապետի պաշտոնը սահմանափակվում է միայն նախագահի ցուցումները կատարելով, այդ իսկ առումով վարչապետը կամ որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյա ֆիգուր չեն: Առանց քաղաքագիտական մեկնաբանությունների մեջ խորանալու, ասեմ, որ համակարգային ողջ ճգնաժամը մեկ անձի շուրջ ձեւավորվող իշխանության մեջ է եւ ժամանակ առ ժամանակ վարչապետներ փոխելը նպատակ ունի ժողովրդի մեջ պատրանք ստեղծել, թե վարչապետը կարող էր ինչ որ բան անել, բայց չարեց: Վարչապետի պաշտոնը նախագահի համար շիրմայի պես մի բան է, որը ցանկացած շրջանում կարող է վարագուրել նրան: Այդ առումով Հայաստանում վարչապետ փոխելը դարձել է ունք հանելու պես մի բան, մանավանդ երբ վարչապետը քաղաքական հենարան չունի ու օլիգարխիկ միջավայրից չէ: Տիգրան Սարգսյանը իր վարչապետության ընթացքում եղել է օլիգարխիայի պատանդը:  Տնտեսության զարգացումը կասեցնում է օլիգարխիան, բայց պատասխանը տալիս է վարչապետը:



Նման պարագայում անհրաժեշտ էր նախագահի անմիջական մասնակցությունը՝ իրավիճակը շտկելու եւ վարչապետին հնարավորություն տալու՝ սայլը տեղից շարժելու: Փառք Աստծո, վարչապետն ուներ տնտեսագիտական ու քաղաքագիտական բավարար հիմք՝ իրագործելու տնտեսության ազատագրումը օլիգարխիայի ճիրաններից: Բայց դա չարվեց: Մեկնաբանելու կարիք չկա՝ ինչու՞, որովհետեւ հենց դրա զոհն է երկիրը: Հիմա ծաղրել վարչապետին, թե նա անկարեւոր հարցերով է զբաղվում, տեղին չէ, որովհետեւ այլ բնագավառ մուտք գործելու վիզա չունի: Օլիգարխիան իր վարչապետն է ուզում ունենալ:



Գագիկ Ծառուկյանի ուղիղ նպատակը դա է: Ժողովրդի զգայացունց լարերի վրա խաղալով, թե իբր վարչապետը չի կարողանում  «ծաղկեցնել տնտեսությունը», ժողովուրդը վատ է ապրում եւ այդ ամենի պատճառը վարչապետն է, ոչ մի իրական հիմք չունի: Իրականությունն այն է, որ օլիգարխիան թույլ չի տալիս՝ զարգացնելու տնտեսությունը, ավելին՝ իր վարչապետն ունենալով, ողջ երկիրը դրվելու է օլիգարխիկ ռելսերի վրա: Իշխանությունն ու կառավարությունը ամբողջովին, մինչեւ ուղն ու ծուծը միաձուլվել են ուզում, իսկ թե այդ միավորումից ի՞նչ կծնվի կամ որեւէ բան կծնվի՞, նրանց ամենեւին չի հետաքրքրում:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ