Ինչու է լռում Ռուբեն Հայրապետյանը

Ինչու է լռում Ռուբեն Հայրապետյանը
Անցնող շաբաթ-կիրակի օրերին ՏԻՄ նախընտրական լարված մթնոլորտը մեդիադաշտում մղվեց հետին պլան, քանի որ հայկական լրատվամիջոցներն արտատպեցին ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի՝  Նեմեցի օգոստոսի 11-ին տված առեղծվածային հարցազրույցը  «Nouvelles dևArmenie» պարբերականին:



Հայրապետյանը ոչ միայն  քաղաքական աղմկահարույց հայտարարություններ էր արել, այլեւ սպառնալիքներ հնչեցրել «Հարսնաքար» ռեստորանում հայտնի միջադեպից հետո բողոքի ակցիայի կազմակերպիչների հասցեին: «Շուտով կլսեք իմ հարցազրույցը, հայտարարելու եմ... Հրանուշ Խառատյանը, Գարեգին Չուգասզյանը, Դավիթն իմ ընտանիքի՞ն են ահաբեկել: Իմ ընկերոջ ընտանիքի՞ն են ահաբեկել: Ոստիկանների հետ բանակցում են, սիլի-բիլի են անում, ոստիկաններն էլ, որ իրենց մասին վատ չգրեն..., բերում են իմ տան վրա, իմ ընկերոջ տան վրա, երեխեք են վախեցնում: Այ հիմա ահաբեկելը կտեսնեն: Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու: Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են: Մինչեւ մահ վախենալու են ինձանից: Ես դա բացեիբաց ասելու եմ: Եթե նրանք ոտնձգություն են անում, ես իմ ընտանիքը, իմ շրջապատի ընտանիքները կարող եմ պահել ու պաշտպանել: Բնազդական արդեն բան են սարքել... Ես պիտի թողնեմ, որ գան երեխաներիս վրա՞, կամ հիվանդ կինս նստի հոնգուր-հոնգուր լացի՞: Ես պիտի կո՞ւլ տամ այդ ամենը: Ես կանեմ, կտեսնեք՝ բացեիբաց»: Այդ նույն հարցազրույցում Հայրապետյանն ակտիվիստների գործունեությունը կապել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:



«Նրանք ի՞նչ պիտի անեն: Պիտի թուլացնեն, խայտառակեն, վարկաբեկեն Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանց, որպեսզի «Բարգավաճ Հայաստանը» Ռոբերտ Քոչարյանի հետ գա իշխանության: Ո՞ւմ համար պարզ չէ»,- ասել էր Հայրապետյանը եւ մանրամասնել, թե անձամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է ֆինանսավորում ակտիվիստներին, եւ որ Ծառուկյանի նախաձեռնությամբ են Աբովյանից ցուցարարներ բերել՝ իր տան առջեւ բողոքի ցույցերին մասնակցելու: Լրագրողի հետ զրույցում նա մականունով է կոչել Գագիկ Ծառուկյանին: Խոսել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի մասին, որ Քոչարյանը Տեր-Պետրոսյանի հետ միասին փորձում է կործանել երկիրը, որ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանն իր դեմ են աշխատում եւ այլն: Երեկ փորձեցինք մեկնաբանություններ լսել ԲՀԿ-ական պատգամավորներից, սակայն նրանք ասում էին, թե ավելացնելու ոչինչ չունեն ԲՀԿ մամլո խոսնակի այս առիթով ասածին: Իսկ խոսնակ Ուրիխանյանը նախօրեին հայտարարել է, որ այդ հրապարակումից անմիջապես հետո հեռախոսազրույց է տեղի ունեցել՝ Ռուբեն Հայրապետյանը «տղամարդու երդումով» Գագիկ Ծառուկյանին հավաստիացրել է, թե այդ հրապարակումն իրականությանը չի համապատասխանում:



«Ասել է, որ ինքն ընդհանրապես ԲՀԿ-ի կամ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ որեւէ տեսակետ, որեւէ հայտարարություն, որեւէ ձեւակերպում չի հնչեցրել, եւ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը»: Ուշագրավ է, որ հակառակ կողմից որեւէ հակադարձում օրեր շարունակ չկա: Հայրապետյանը չի ցանկանում որեւէ մեկնաբանություն տալ, իսկ մամուլի խոսնակն էլ քանի օր է՝ անհասանելի է լրագրողներին: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ այս առիթով հայտարարել է, թե «այժմ եւ առայժմ» չի մեկնաբանի Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը «Nouvelles dևArmenie» պարբերականին: Արձագանք չկա նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակի կողմից:



Իսկ ՀԱԿ-ական պատգամավորներն էլ երեկ այս առիթով կատակում էին, թե եթե Հայրապետյանը խոստովանի, որ ինքն է այդ հարցազրույցը տվել, նոր կմտածեն պատասխանելու մասին: Իր բլոգում Հայրապետյանին արձագանքել է Նիկոլ Փաշինյանը: «Ռուբեն Հայրապետյանն ակնհայտորեն մազոխիստ է՝ աննամուսության աղաղակող դրսեւորումներով»,- գրել է նա՝ արձագանքելով Հայրապետյանի պնդումին, թե Փաշինյանի թերթին մեկ տարի գումար է տվել, որ «թերթը պահի»: «Ամեն անգամ մի հիմարություն դուրս է տալիս, հետո թե՛ տղայական, թե՛ քաղաքական, թե՛ մարդկային, թե՛ բարոյական իմաստով խայտառակվում Հայաստանով մեկ, հետո նորից կրկնում նույնը»: «Իրականության հետ նույնիսկ հեռավոր աղերս չունեցող բարբաջանքը որպես իրականություն կարող է ներկայացնել միայն գյադան: Գյադա իշխանության գյադա ներկայացուցչից որեւէ այլ բան սպասել չէր էլ կարելի»,- եզրափակել է Փաշինյանը:



Երեկ Գալուստ Սահակյանից մեկնաբանություններ խնդրեցինք: Նա ասաց, ծանոթ չէ, չի կարծում, թե Հայրապետյանը նման հայտարարություններ է արել բոլորի, այդ թվում՝ Ծառուկյանի հասցեին: «Ես կարդացել եմ այդ հարցազրույցը, բայց դեռ չեմ զրուցել Հայրապետյանի հետ: Կարծում եմ՝ մեկնաբանություններ կան, որոնք հավաստի չեն: Գուցե սխալ են վերծանել, դրա համար, մինչեւ չտեսնեմ նրան, չզրուցեմ, նաեւ չեմ կարող հավատալ ու մեկնաբանություններ տալ»:



Տիգրան Սարգսյան-Գագիկ Ծառուկյան օրեր առաջ տեղի ունեցած «փոխհրաձգությունն» ըստ էության շարունակեց Ռուբեն Հայրապետյանը: Գալուստ Սահակյանն ասում է, որ Ծառուկյանի եւ մյուսների հետ իրենք խնդիրներ չունեն. «Առավել եւս Ռուբեն Հայրապետյանը եւ Գագիկ Ծառուկյանը լավ հարաբերություններ ունեն»: