Տպե՛ք գիրքը, պարոնայք փարիսեցիներ…

Տպե՛ք գիրքը, պարոնայք փարիսեցիներ…
Ինչ-որ առիթով արձագանքել էինք դեռ անցած տարի միջազգային մակարդակով անցկացված մի հարցման, ըստ որի՝ հայերն իրենց ամենադժբախտն են զգում ազգերի համաշխարհային ընտանիքում եւ համարյա 100%-ով դժգոհ են իրենց կյանքից: Անդրադարձել էինք նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի «քրիստոնեական երեսպաշտությանը», ով բառացիորեն հետեւյալ միտքն էր արտահայտել.



«Մի բան ես հաստատ լավ չեմ հասկանում. քրիստոնյա ժողովուրդը ո՞նց կարող է այսքան դժգոհ լինել կյանքից: Ես հասկանում եմ՝ սոցիալական խնդիրներ կան, արդարության անհրաժեշտություն կա, բայց գիտեմ նաեւ, որ մարդը պարտավոր է ամեն օր Աստծուն շնորհակալ լինել իրեն կյանք պարգեւելու համար: Լա՛վ, ինչու՞ մենք աշխարհում պիտի առաջին տեղն զբաղեցնենք դժգոհ եւ դժբախտ լինելու առումով: Տատս հավատացյալ կին էր, միշտ ասում էր՝ համբերությունը կյանք է: Հիմա մենք դարձել ենք անհամբեր, անհանդուրժող, ագրեսիվ: Ես շատ հաճախ եմ զարմանում նաեւ որոշ մարդկանց ատելության վրա: Գիտե՞ք՝ կան ազգեր, որ ավելի ծանր վիճակում են, քան մենք, ունեն շատ ավելի ծանր խնդիրներ, քան մենք, բայց այսքան դժգոհ չեն: Ինչպես ասում էր Վիլյամ Սարոյանը՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»…



Ուղիղն ասած՝ հենց միայն իր պաշտոնի բերումով մարդկանց կյանքը լավացնելու կոչված վարչապետի այս անպատասխանատու եւ որոշ առումով՝ ցինիկ հայտարարութանն այն ժամանակ մենք թվերի ու փաստերի լեզվով հակադրվեցինք: Իրական, հիմնականում՝ պաշտոնական տվյալներ ներկայացրինք առ այն, թե կոնկրետ իր կառավարության գործունեության տարիներին Հայաստանում որքան է ավելացել աղքատության մակարդակը, որքան՝ գործազրկությունը, ինչ սոսկալի չափերի է հասել գնաճը, վերջապես՝ արտագաղթը: Բայց հիմա այս ամենը մի կողմ թողնելով՝ բոլորովին ուրիշ դիտանկյունից ենք ուզում իրավիճակը դիտարկել, որովհետեւ կյանքը ցույց է տալիս, որ այն բնավ էլ բարելավվելու միտում չունի, իսկ վարչապետն ու իր նախագահը ցանկացած հիմնահարցի բարձրացման ժամանակ, դրանց լուծման կոնկրետ քայլերի մասին ոչինչ չխոսելով, շարունակում են երկրիս  թիվ մեկ բարոյախոսը մնալ…



Եւ այսպես՝ ինչու՞ են հայերն իրենց դժբախտ զգում: Իհարկե, առաջին եւ անբեկանելի ճշմարտություն ասելու հավակնություն չունեմ, բայց իմ խորին համոզմամբ՝  պատճառը թեկուզ կարեւոր, բայց ոչ միայն եւ ո՛չ այնքան հացի բացակայությունն է, որքան ամեն քայլափոխին աղաղակող անարդարություններից ծնունդ առնող անպաշտպանվածութան զգացումն ու սրանից սնվող հուսահատությունը: Իսկ երբ դա վերացնելուն կոչված պաշտոնյաների բերանից քաղաքացին միայն սուտ ու կեղծիք է լսում, երբ մարդկանց խոսքի ու գործի միջեւ առկա անդունդը գնալով ահռել չափերի է հասնում ու մի բան էլ փարիսեցիորեն նրա՛ն են մեղադրում երջանիկ չլինելում, քչերն են կարողանում երկիրը չլքելու որոշում ընդունել: Ավելի ճիշտ՝ մնում են նրանք, ովքեր կամ հնարավորություն չունեն երկիրը լքելու կամ այս երկիրն այնքան ու այնպես են իրենցը համարում, որ դեռ համառում են ու թաքուն մի հույս փայփայում, որ Հայաստանն իրե՛նք են, ոչ թե դրանց մասին աղաղակող թանկ ու կրակ «պլակատները»: Որ Հայաստանը ոչ թե վարչապետի հորինած «հայկական լեռնաշխարհն է», այլ այս մի բուռ հողը, որի վրա արյուն քրտինք է պետք թափել այսօ՛ր: Որ Հայաստանը հենց այս պահին այստեղ ապրող ու մանավանդ կրթվող մանուկն է, ոչ թե սփյուռքի նախարարի շուրթերով տուն կանչվող ու օդանավակայանից ետ վռնդվող մանկան աչքերի սարսափը…



Այս առումով, թերեւս, ավելի լավատես մարդու չէի հանդիպել, քան աստղագետ Ավետիք Գրիգորյանը: Ինչպես իրեն էլ կատակով ասի՝ անտանելի համեստ մի մարդ, ով տարիներ շարունակ, փառքից ու փայլից զերծ, եզան համառությամբ է գործել՝ դպրոցից դպրոց տեղափոխելով  Տիեզերագիտական իր խմբակը, որի սաներն ամեն տարի մեր երկրի անունը ամենաբարձր նոտայով ու ամբիոններից են հնչեցրել աշխարհի բոլոր անկյուններում: Ինչպես մեր զրույցի ընթացքում պարզեցի՝ դեռ պատերազմի տարիներին է Ավետիք Գրիգորյանը իր մեջ ժամանակ եւ ուժ գտել ակադեմիական զբաղվածությանը զուգահեռ՝ մի խումբ երիտասարդների կրթությամբ զբաղվելու համար: Հիմնել է անվճար մի խմբակ, որտեղ աստղագիտության, ֆիզիկայի հետաքրքրաշարժ դասեր է անցկացրել, անգամ հրթիների մոդելներ պատրաստել երեխաների հետ միասին՝ նրանց հայացքը կենցաղի դժվարություններից դեպի տիեզերք, դեպի գիտություն ու ինքն իրեն հարգող մարդն ուղղելով:



Տարիների ընթացքում, ինչպես ինքն է համեստորեն ասում՝ «ոնց որ թե ստացվել է բարդ բաների մասին պարզ խոսելու կարողություն զարգացնել», ու ծնվել է միտքը՝ գրել մի գիրք, որն ուղեցույց կհանդիսանա իր պես մարդկանց համար: Ցավոք, ինչպես մեզանում հաճախ է պատահում, այսպիսի մարդիկ եւ նմանօրինակ ձեռնարկները երկրորդ պլան են մղվում: Ավետիք Գրիգորյանի՝ «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիրքը, չնայած բազում գիտնականների եւ հենց իր սաների հիացմունքին, բարձր գնահատական-գրախոսականներին, այդպես էլ չի տպագրվում: Եւ, թող ներվի, ասել, չի տպագրվում այն պարզ պատճառով, որ պոտենցիալ հովանավոր-գործարարները մեզանում մեծավ մասամբ «քյաբաբա-խորովածային» մակարդակի  տհաս են, իսկ պետական միջոցները բավարարում են միայն «Երեւանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք» կեղծիքը սպասարկող միջոցառումներին: Կամ՝ նաեւ դրան: Ասենք՝ վարչապետի սիրած ռոք համերգների կազմակերպմանը զուգահեռ: Դրա համար փող միշտ կա, նույնիսկ կարելի էր «Լույս» հիմնադրամի գրպանը մտնել: Հիմնադրամ, որի ղեկավարությունը պիտի մեր գիտական միտքը խթանելուն նպաստեր, ոչ թե վարչապետական ուղղորդմամբ «տժժար» համալիրներում…



Դե բա էլ ինչպե՞ս մեկնաբանես այն անհեթեթությունը, երբ ահռելի դրամական միջոցներ են ծախսվում հենց միայն քաղաքային տրանսպորտին փակցված ու մի օրում ջլատված պաստառների վրա, բայց ահա այսպիսի մի գիրք հրատարակելու համար, պարզվում է, ընդամենը ութ միլիոն դրամ չի գտնվում: «Չճարեցին»՝ ինչպես մեր մշակույթի նախարարուհին է սիրում ասել: Ո՛չ այս առիթով, իհարկե: Վախենամ՝ նա դրա մասին չգիտի էլ: Հավանաբար, զբաղված է մեկ այլ միջնադարյան եկեղեցու «եվրառեմոնտով» եւ այլ «հատուկ միջոցառումների» անցկացմամբ՝ փակվող հերթական գրախանութի հպարտ ֆոնին…



Վերադառնալով Ավետիք Գրիգորյանին՝ նկատեմ, որ ապշած ու հիացած եմ այս մարդու ինքնատիրապետման աստիճանով: Նեղացած էլ չի, գիտե՞ք: Բացարձակ անհանգստացած չի այն փաստով, որ կիսագրագետ կամ թեկուզ ազդեցիկ մեկը կարող է մանկատուն գնալ՝ մի քանի տուփ քաղցրավենիք տանելով ու օրնիբուն հեռուստատեսությամբ բարեգործության մասին հոլովակներ պտտելով, իսկ ահա  տարիների իրական բարեգործության ու իր անվան մասին գոնե մեկ նախադասությամբ չի պատմվում: Հոգն էլ չէ, որ իր խմբակը նույն Կրթության գիտության նախարարությունը, առանց մեկ լումա անգամ վճարելու, իրենով է արել՝ այն «մտցնելով» ՀՀ ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի կազմ, բայց չի էլ բարեհաճում միջոցներ գտնել՝ ոչ միայն այս մարդուն, այլեւ հանրապետության ամբողջ դպրոցներին ու ընդհանրապես՝ գիտահանրամատչելի գրականությամբ հետաքրքրվողներին անհրաժեշտ այս գիրքը հրատարակելու համար: Բա ո՞նց. ուրախների ու հնարամիտների ակումբ լիներ, հանրապետական բազեներ լինեին, արծիվներ կամ այլ փետրավորներ՝ տես ոնց էին էդ միջոցները ճարվում: Իսկ էսպես՝ չիք: Ավետիք Գրիգորյանը կարող է սպասել կամ մնալ պարզապես բարի մարդկանց հույսին, ովքեր որոշել են նախապես բաժանորդագրվել՝ հարկ եղած պարագայում գրքի տպագրությանն անհրաժեշտ գումարը նախապես հավաքելու գործում իրենց մասնակցությունն ունենալով:



Իսկապես, ելք միշտ էլ կգտնվի, բայց երբ այսքան աղմուկից հետո անգամ գիրքը հրատարակվի մեր՝ հասարակ քաղաքացիներիս ջանքերով, ի՞նչ երեսով պիտի «գիտելիք փառաբանող, գիտելիքահենք տնտեսություն սիրող» մեր վարչապետն ու իր կաբինետը նայեն էս մարդու ու մեր բոլորի երեսին: Մյուս կողմից էլ՝ իզուր էլ մտահոգվում եմ. ինչպես երջանիկ լինելու համար ոչինչ չանելով հոխորտում էին, թե ինչու ենք դժբախտ, հիմա էլ, թերեւս, սրտնեղեն, թե շարունակում ենք հուսահատություն սերմանել եւ չարացնել մարդկանց: Բայց դե՝ սրա պատասխանն էլ կա. մենք ձեր օձիքը բաց չենք թողնի, դուք գիրքը տպեք, պարոնայք փարիսեցիներ, իսկ թե հետո ինչ կմտածեք մեր մասին, բնավ հետաքրքիր չէ: Մանավանդ՝ կարեւոր…



Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ