Մեյմուն չե՞ք, թարգեք թամաշեն…

Մեյմուն չե՞ք, թարգեք թամաշեն…
Ես իսկապես սպորտ սիրող մեկն եմ: Ինձ ճանաչողներն ու ֆեյսբուքյան իմ էջին հետեւողները լավ գիտեն, որ հատկապես երբ խոսքը վերաբերում է ֆուտբոլին, լողին, թենիսին ու գեղասահքին, ինձ անհնար է «լռեցնել»: Ոգեւորվում եմ ու ոգեւորում: Եվ դա նորմալ է. ի վերջո, պատկանում եմ մի սերնդի, ով իր դպրոցական տարիներն անցկացրեց առավոտ կանուխ դպրոցի բակում անցկացվող պարտադիր մարմնամարզությամբ, «Առողջ մարմնում առողջ հոգի» գրությամբ պաստառներով, «Արտեկ» ռազմասպորտային հավաքներով, սպորտային տարբեր խմբակներով ու ամառային ճամբարներում ընթացող մրցույթներով: Բակային խաղերն էլ չենք հաշվում: Այնպես որ՝ ինձ եթե կարելի է ինչ-որ բանում մեղադրել, ապա ոչ թե սպորտը «ատելում», այլ միայն նրանում, որ մանկապատանեկան սպորտային «զբաղվածությունս այդպես էլ ներկայիս մարզասրահներ չի տեղափոխվում»…



Հիմա եթե ընդհանրացնելու լինենք իմ փորձառությունը, վստահ եմ, շատերի մոտ նույն պատկերն է՝ մարդիկ սիրում են սպորտը, բայց իրենց առօրյայից դուրս: Այսինքն, սպորտն այդպես էլ առողջ մարդու առողջ կենսաձեւ չի դառնում մեր երկրում: Սովորական մարդու համար այն լավագույն դեպքում որեւէ թանկ մարզասրահ հաճախելով է սահմանափակվում, իսկ բակերն ու դպրոցները դեռ սպասում են իրենց ժամին. բակերը՝ «գարաժներից ու բուտկաներից ազատագրմանը», դպրոցները՝ նորմալ գույքով համալրված սպորտդահլիճներին:



Բայց արի տես որ՝ նույնիսկ այս անգործունեության պայմաններում մեր իշխանություններն ու պատկան մարմինները, հերթական փարիսեցիական կեցվածքն ընդունելով, առիթը բաց չեն թողնում հայտարարելու, թե որքան են սիրում սպորտը, ինչ մեծ-մեծ բաներ են անում դրա համար, որքան են գնահատում մարզիկին, որ պատրաստ են լոնդոնյան մեկ ոսկե մեդալի համար 700.000$ պարգեւավճար տրամադրել նրան, շքեղ բնակարան, կամ նույնիսկ արքային վայել ընդունելություն կազմակերպել ասենք՝ աշխարհի եռակի չեմպիոն մեր շախմատիստների համար, նրանց տուն հասցնելու համար անգամ նախագահական ինքնաթիռը գործի գցելով:



Կարծում եք՝ ինքս ի՞նձ եմ հակասում: Բոլորովին: Ընդամենը կամենում եմ ընդգծել, որ սպորտում էլ՝ ինչպես քաղաքականության եւ մնացած բոլոր ոլորտներում: Ինչ վերաբերում է նախագահ Սերժ Սարգսյանի բարեհաճությունն ստացած եւ նույնիսկ «դպրոցներ ներխուժած» շախմատին, ապա ստիպված ենք նշել, որ նախ՝ դժվար է շախմատը մինչեւ վերջ սպորտ համարել, ինչպես մեր Տիգրան Պետրոսյանն էր սիրում ասել, եւ հետո՝ «մի շախմատով սպորտային գարուն չի գա», եթե երկրումդ ոչ խաղահրապարակ կա, ոչ նորմալ դպրոցական մարզադահլիճ, ոչ բակային-դպրոցական-գյուղական-քաղաքային-մարզային-միջմարզային մրցույթ, ոչ նորմալ մարզիչ, ոչ էլ մարզական հոգեբան:



Այնպես որ՝ մեր մարզիկների լոնդոնյան անհաջողությունն ու հանրային դժգոհությունը պատկան մարմիններից ինչ-որ առումով օրինաչափ էր: Այդպես էլ պիտի լիներ, բա ի՞նչ էիք ուզում, եթե ամենօրյա վարժանքի ու պատասխանատվության փոխարեն ամենուր արտաքին փայլ է, տեսարաններ, ժպիտներ, կենացներ, անիմաստ գեղեցկախոսություն եւ «եթերային գերհագեցածություն»: Իսկը՝ թամաշա: Հաճախ՝ այնքան շատ եւ այնպես ավելիով, որ նույնիսկ սիրածդ սպորտաձեւից ես սկսում զզվել: Այս համատեքստում չանդրադառնամ նույնիսկ հայ սպորտային մեկնաբանների, թող ներվի ասել, հիմարությանն ու դատարկախոսությանը: Իրենց պատճառով երբեմն «լուռ ֆուտբոլ ենք նայում» էկրանից…



Մյուս կողմից էլ, չնայած վերոնշյալին, սպորտն այնուամենայնիվ, շա՛ տ ավելի մեծ թե՛ հանրային, թե՛ իշխանական աջակցություն ու հետաքրքություն է վայելում, քան ասենք՝ գիտությունը, որն ընդհանրապես մատնված է արհամարհանքի: Կոպիտ ասած՝ եթե մարզիկն անհատական պատասխանատվություն ու կամք դրսեւորի՝ կոնկրետ ժամանակամիջոցում պարապելով, կարող է հուսալ, որ բացի իր վաստակած ոսկե մեդալից՝ նաեւ Ծառուկյանի խոստացած 700.000$-ը կստանա՛: Պետության միջոցները դեռ մի կողմ դնենք:



Իսկ ինչի՞ վրա հույս դնի գիտնականը, ում մեր գործարարները նույնիսկ երազում չեն տեսնում, կառավարությունն էլ վճարում է ընդամենը 30-50.000 դրամ, դեռ մի բան էլ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի շուրթերով հրամայելով չդժգոհել ֆինանսավորումից: Այն նույն գիտնականը, ով հատկապես ճշգրիտ գիտությունների ոլորտում մեր երկրին հազար անգամ ավելի հռչակ ու պատիվ է բերում, քան ասենք՝ քառասունհինգ երկրների ցանկում քառասունչորսերրորդ տեղում հայտնված լողորդուհին, ում եթերում ժպտում են, սա էլ շնորհակալություն է հայտնում «իր ժողորդին՝ իրեն օգնելու համար»: Դե հիմա աղջիկ է՝ հայերեն չգիտի, բայց տարրական համեստությունն ու ամո՞թն ուր կորան…



Բայց անամոթության հարցում ոչ մեկն, այնուամենայնիվ, մեր կառավարությանը չի գերազանցի: Երկրի նախագահից մինչեւ վարչապետ թողնես՝ առաց հոգնելու ճառ ասեն «գիտելիքահենք տնտեսության ու Հայաստանը համարյա բոլոր ոլորտներում տարածաշրջնային կենտրոն դարձնելու» մասին, բայց հենց հերթը գործին է գալիս՝ նորից գիտությանը տրվող ֆինանսավորումը ՀՆԱ-ի 1%-ն էլ չի կազմում:



Անհեթեթ է, բայց սրանք նույնիսկ հաճախ սոցիալ-տնտեսական ծանր պայմանների պատճառով հանցագործ դարձած «ձվագողին» (իսկ այդպես եմ ասում, որովհետեւ մեզանում իրական հանցագործներն այնքա՜ն քիչ են ճաղերի ետեւում թաքնվում) բանտերում պահելու համար ավելի շատ գումար են ծախսում, քան ֆունդամենտալ գիտությունը իրենց կյանքի գնով բարձր մակարդակի վրա պահող հայ գիտնականին: Սպորտը մի կողմ թողնենք: Վախենամ նույնիսկ տարատեսակ՝ «երիտասարդական ծրագրեր, հանգիստ», «հեռուստահաղորդումներ», անգամ այս ու այն ոլորտում «այլ ծախսեր» անհասկանալի տողերով բյուջեից շատ ավելի լուրջ միջոցներ են քամուն տալիս, քան գիտական ոլորտ ուղղում:



Ընդ որում, գոնե ձեւի համար չեն իրենց նախընտրական ծրագրերում գիտություն բաժնին ուշադրություն դարձնում: Իշխող ՀՀԿ-ն վերցնենք. «Ժամանակին հարիր գիտություն եւ կրթություն» բաժնում մեր «կրթա-գիտասեր» Սարգսյանները հիմնական շեշտը սոսկ կրթության վրա են դրել, այն էլ՝ «դասագիրք, ինտերնետ» ծիծաղելի ուղղավածությամբ: Գիտության բաժնում մարդիկ բավարարվել են ԲՈՒՀ-երով; «Ուժեղացնելու ենք գիտահետազոտական բաղադրիչը, ներդնելու ենք գիտության ֆինանսավորման ժամանակակաից միջոցներ, առաջնային ուշադրություն ենք դարձնելու հայագիտության զարգացմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում»: Ահա՛ գիտության մասին իշխանական ողջ պատկերացումն ու գործելակերպը: Մի խոսքով, ինչպես հայտնի մուլտֆիլում՝ մու՜թ է…



Այնքան մութ, որ իրենք չգիտեն (կամ ձեւացնում են, թե չգիտեն), հանրությանն էլ այնպես են թմբիր մեջ գցել իրենց «սպորտա-արի տուն-բազե-արծվային-ազգային-ռազմահայրենասիրական» թամաշայով, որ քչերն են ուզում իմանալ իրերի իսկական դրությունը: Դե եթե գիտնականի հետ հանդիպման միջոցին նրա հետ տարօրինակ հեգնանքով խոսող նախագահը չի ուզում հասկանալ, որ թե այս երկրում մի բան էլ մնացել է՝ դեռ մի կերպ շնչող գիտությունն է, որի խորհրդային ժամանակների ֆինանսավորումը հասնում էր ՀՆԱ-ի 5%-ի, մեր երկիրը դնելով աշխարհի լավագույն եռյակում, մյուսների՞ց ինչ պահանջես: Եթե չեն գիտակցում, որ իրենց մի օրվա լանչի գումարն են տալիս գիտնականին մի ամբողջ ամսվա համար՝ նրանից տիեզերքը գրավելու ակնկալիքով, ուրախ ու հնարամիտ նախարարի՞ց ինչ պահանջես: Եթե կառավարության հսկա կաբինետը չի ուզում ինքն իրեն էլ խոստովանել, որ մեր լավագույն ուղեղները հեռացել ու հեռանում են Հայաստանից, որ խորհրդային շրջանի 34.000 գիտության մարդկանցից (որոնցից 27.000-ը՝ գիտնականներ) այսօր 6.000 հոգի են մնացել ոլորտում, որոնցից ընդամենը 4.000-ն են գիտնական, եթե տարրական մի բան չեն հասկանում, որ գիտնականների միջին տարիքը հավասարվել է 60-ի ու այսպես շարունակելու դեպքում գիտությունն առհասարակ կվերանա Հայաստանից, «շաքար ներկրող-քյաբաբ ուտող-պանիխիդայից ԱԺ չեկող» գործարար պատգամավորի՞ց ինչ աջակցություն ու մեկենասություն ակնկալես:



Այս երկրում, հենց սրա՛նց՝ մշակութային արժեք հանդիսացող Ծածկած շուկայի տանիք քանդողների շնորհիվ, իսկապե՛ս էլ շատ մութ է:

23 միլիարդ դրամ գիտությանը, որը ՀՆԱ-ի 0.25%-ն է կազմում, 60-70-80 տարեկան գիտնականներ, ովքեր կոպեկներ են ստանում, եւ որոնց դուք դեռ մի բան էլ երազում եք «օպտիմիզացնել»-ջնջել աշխարհիս երեսից: Ահա՛ ձեր իրական դեմքը, պարոնայք իշխանավորներ: Ու ի՞նչ եք կարծում՝ մենք ձեզ սրա համար շնորհակալությու՞ն ենք հայտնելու, թե՞ երջանկությունից արտասվելու ենք, երբ տեսնենք, թե ձեր ջանքերով դատարկված հերթական գիտահետազոտական ինստիտուտն ինչպես է ինչ-որ հաստագլխի «օբյեկտը» դառնալու:



Հույս չունենաք, դուք մեզանից ազատում չունեք այնքան ժամանակ, քանի դեռ չեք ավարտել ձեր ծիծաղելի թամաշան ու չեք սկսել խելքը գլխին գործ անել: Ամբախ-զամբախ խոսելու փոխարեն՝ վարչապետն, օրինակ, լավ կանի իր նախագահի հետ միասին քիչ, գոնե մի՜ քիչ ստվերային տնտեսությունը կրճատի ու այդ ժամանակ արդեն անհրաժեշտ գումարները կգտնվեն: Ի դեպ, ինչպես արդեն վերեւում նշեցինք, դրանք նույնիսկ հիմա՛ կգտնվեն, եթե մի քիչ ավելի ուշադիր կարդաք ձեր իսկ կազմած բյուջեն, ուշադիր զննեք ձեր աշխատակազմերի ուռճացված կազմն ու գոնե ակնոցով նայեք ձեր մեքենաների գները: Թե չէ, մանավանդ ձեր հերթական «ատկատաշոուից» հետո անհարմար բան է ստացվում: Իսկ եթե կոնկրետ՝ խնդիրն այսպես է դրվում՝ կամ դուք, կամ գիտությունը: Ես, իհարկե, վերջինն եմ ընտրում…



Հ.Գ. Ի դեպ, այդքան փող որ մեր՝ հարկատուներիս գրպանից միայն Հանրային կոչվող հեռուստատեսությանն եք տրամադրում, լավ կլիներ նաեւ ստիպեիք, որ հանրությանը բթացնող տարատեսակ սերիալներից բացի՝ մի քանի խելքը գլխին հաղորդումներ էլ պատրաստեր: Օրինակ՝ հետաքրքրաշարժ ֆիզիկայի, քիմիայի, աստղագիտության, թեկուզ՝ ձեր սիրած հայագիտության վերաբերյալ: Վատ չէր լինի՝ թերթերում էլ գիտությանը վերաբերող սյունակներ պատվիրեիք: Թե չէ՝ այնտեղ էլ է հիմնականում թամաշա, իսկ ապրիլ քսանչորսին՝ կեղծ սուգ ու շիվան…