Պահանջում են վերանայել տոմսերի արժեքը

Պահանջում են վերանայել տոմսերի արժեքը
Արդեն վաճառքի են հանվել «Աշխարհ-2014»-ի ընտրական փուլի շրջանակներում անցկացվող Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը, որոնց արժեքը տատանվում է 3-10 հազար դրամի սահմաններում։  Տոմսերի արժեքի վերաբերյալ բավական որոշակի դժգոհություններ կան, եւ արդեն իսկ «Ֆեյսբուքում» ստեղծվել է խումբ, որտեղ ֆուտբոլասերների մի հատված իր բողոքն է արտահայտում իրենց կարծիքով տոմսերի չարդարացված բարձր գների կապակցությամբ։



Դժգոհությունների հիմնական փաստարկը հետեւյալն է. քանի որ հանդիպումն անցկացվելու է «Հրազդան» մարզադաշտում, ոչ թե Հանրապետական, իսկ այն նստելատեղերի թվով զգալիորեն գերազանցում է Հանրապետականին, ուստիեւ, ըստ ֆեյսբուքյան նախաձեռնության անդամների, կարող էին տոմսերն ավելի էժան լինել։ Համացանցում բավական հաճախ են հանդիպում կարծիքներ, ըստ որոնց՝  հանդիպմանը բավականաչափ հանդիսատես չի լինելու։ Հավանաբար, սա նույնպես կապված է տոմսերի բարձր արժեքի հետ։



Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ թեեւ Ֆուտբոլի ֆեդերացիան է ֆուտբոլային հանդիպումների գները սահմանում, սակայն այդ եւ էլի մի շարք հարցեր ֆեդերացիան համաձայնեցնում է ֆուտբոլային միջազգային կառույցների հետ, եւ ուղղակի, կամայականորեն տոմսի ցածր կամ բարձր գին նշանակելու լիազորություն որեւէ ֆուտբոլի ֆեդերացիա չունի (իհարկե, խոսքը վերաբերում է միջազգային խաղերին)։



Ինչ խոսք, համացանցում տեղ գտած դժգոհություններն  արդարացի են, ելնելով միայն երկրի սոցիալական վիճակից, քանզի նման մակարդակի հանդիպման համար 3-10 հազար դրամն ավելի քան ընդունելի արժեք է՝ ելնելով միջազգային պրակտիկայից։ Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, իհարկե, դժվար է կանխատեսել, թե ինչքան հանդիսատես կլինի «Հրազդան» մարզադաշտում, սակայն մի բան միանշանակ է, որ ֆուտբոլասերներից շատ-շատերն առիթը բաց չեն թողնի Երեւանում տեսնելու Իտալիայի զորեղ հավաքականին, որում ընդգրկված են համաշխարհային կարգի եւ անգամ լեգենդար ֆուտբոլիստներ։



Հավելենք, որ հանդիպումը բավական մեծ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն Հայաստանի ազգային հավաքականի, այլեւ Իտալիայի ընտրանու համար, որը թեեւ գլխավորում է ենթախումբը, այնուամենայնիվ, իտալացիները կցանկանան  Հայաստանից վերադառնալ հաղթանակով՝  իրենց առաջատարի դիրքերն ավելի ամրապնդելու համար։ Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականին, ապա մեզ այդ խաղում հարկավոր է առնվազն չպարտվել, ինչը կլինի իրոք մեծ ձեռքբերում, քանզի հակառակորդը հանդիսանում է ոչ միայն այս ենթախմբի հիմնական եւ բացարձակ ֆավորիտը, այլեւ հավակնում է «Աշխարհ-2014»-ի հաղթողի բարձր տիտղոսին։ Ինչպես գիտենք, Իտալիայի ազգային հավաքականն արդեն 4 անգամ նվաճել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի բարձր տիտղոսը, եւ Իտալիայի ներկայիս հավաքականում հանդես են գալիս ու, հավանաբար, նրա կազմում Հայաստան կժամանեն «Աշխարհ-2006»-ում չեմպիոն հռչակված մի շարք ֆուտբոլիստներ։



  Կարեն ՍԻՄՈՆՅԱՆ