Գիլյոտինի կանոնը

Գիլյոտինի կանոնը
Երբ սեպտեմբերի 25-ի թերթում տպագրեցինք, որ ՀՀ գլխավոր դատախազը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել Ազգային ժողով՝ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին, ով «չալարեց»՝ հերքեց: Բոլոր քաղաքական ուժերը, պատասխանատուները, ԱԺ ղեկավարությունը, ԲՀԿ-ն ու Վարդան Օսկանյանը, անգամ դատախազությունը ասացին՝ նման բան չկա եւ չի կարող լինել: Իսկ միջնորդությունն այդ ժամանակ որոշ կաբինետներում գրվում էր:



Օղակը սեղմվում էր ՀՀ նախկին արտգործնախարարի պարանոցին: Մի կողմից միջնորդագիրն էին պատրաստում, մյուս կողմից՝ ամեն ինչ անում, որ դա գերգաղտնի մնա եւ անսպասելի հարվածով իջնի զոհի գլխին: Իրավապահ աշխարհում սրան կոչում են «նախաքննության շահ»: Նորմալ մարդկային լեզվով սա քաղաքական հաշվեհարդար է՝ անսպասելիության եւ հանկարծակիության էլեմենտների պահպանմամբ, որ զոհը չհասցնի պաշտպանական միջոցառումներ իրականացնել:



Ինչո՞ւ հենց Վարդան Օսկանյանը, ով հաստատապես մեր օրերի ամենածանր հանցագործը չէ եւ առավել եւս՝ արժանի չէ նման ճակատագրի: Տարբեր կարծիքներ կհնչեն այս առումով, տարբեր վարկածներ: Ես կարծում եմ, որ «կուժ, քեզ եմ ասում, կուլա, դու լսիր» ասույթը մեզանում ամենագործուններից է: Մի ողջ հասարակության, քաղաքական տարբեր ուժերի եւ գործիչների ուղղված այս դասը շատերն աչքի առաջ կունենան եւ հետեւություններ կանեն: Կհասկանան, որ ոչ ոք մեզանում պաշտպանված չէ:



Որ քաղաքական քննադատությունն անպատժելի չէ: Որ քաղաքական ճամբար փոխելն անվտանգ չէ: Անշուշտ, Վարդան Օսկանյանին չեն ձերբակալի եւ բանտ չեն նստեցնի, բայց կզրկեն քաղաքական հեռանկարից եւ կսահմանափակեն գործունեության ազատությունը: Իսկ ԲՀԿ-ին ցույց կտան, որ բանակցությունները տեւում են մինչեւ որոշակի սահման, դրանից անդին գիլյոտինն է: