«Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը կներկայացնի «Compass band» խումբը

«Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը կներկայացնի  «Compass band» խումբը
Քիչ առաջ ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի Հայաստանի ընտրական փուլը, որին մասնակցում էր 17 երեխա եւ խումբ: Այս 17-ից մեկն էլ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրն էր` Անգելինա Գասպարյանը: Հայաստանյան փուլում հաղթողը մեր երկիրը կներկայացնի դեկտեմբերին Նիդեռլանդներում` Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլում»: Ու չիրականացան մրցույթից դեռ շատ առաջ արված կանխատեսումները, թե Ամստերդամ է մեկնելու հենց Անգելինա Գասպարյանը: 17 հավակնորդներից հանդիսատեսի SMS քվեարկության եւ ժյուրիի գնահատականի հանրագումարով հաղթող ճանաչվեց    Compass խումբը:



 Ժյուրիի կազմը` չի հրապարակվում:



«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի Հայաստանի ընտրական փուլին մասնակցում էր նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի 10-ամյա դուստրը` Անգելինան` My name is Angel (Իմ անունը Անգել (Հրեշտակ) է) երգով: Նա սակայն, չհաղթեց, թեեւ մրցույթից առաջ լուրեր կային, թե հենց նրան են ուղարկելու Ամստերդամ:



Հիշեցնենք, որ երբ հայտնի դարձավ, որ Անգելինան «Մանկական Եվրատեսիլի» հավակնորդների թվում է եւ լուրեր եղան, որ նրա ընտրությունը կանխորոշված է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց. «Այդ լուրերը տարածողները, ինչ-ինչ շահագրգռություններից կուրացած, չեն ուզում հասկանալ որ խոսքը երեխաների մասին է: Երեխաների, հասկանո՞ւմ եք: Չի կարելի նրանց քաշել մեծական ու կեղտոտ խաղերի մեջ: Մանկությունը մի ժամանակ է, երբ ամեն ինչ սկսվում է, եւ ինչպես սկսվեց, այնպես էլ կգնա: Վատ սկսվեց, կեղծիքով, տգեղությամբ, ոչ մի լավ բան չսպասեք…: Ես իմ երեխաներին ու թոռներին մեկ սկզբունքով եմ դաստիարակել. կյանքում լինում են եւ հաղթանակներ, եւ պարտություններ, ու բոլորն էլ քոնն են, քոնը պիտի լինեն: Առավել եւս հաղթանակը որեւէ մեկի, թեկուզ հորդ հետ կիսելը կիսատություն է նշանակում: Ո՞ւմ է պետք կիսատ մարդը: Ես իմ երեխաներին այդպիսի կյանք ու ապագա չէի ցանկանա: Այս այլանդակ լուրերը տարածողներն իրենց երեխաներին ցանկանո՞ւմ են: Հուսով եմ, որ` ոչ, պարզապես չարությունից կուրացած ու խլացած`շահարկում են հարցը: Ես էլ եմ ներում աշխարհի ամենալուսավոր բաները` երեխային ու երգը նեղացնողներին, բայց եւ վախ ունեմ, որ շահարկումներն, այնուամենայնիվ, չեն դադարելու, ուստի` մի խնդրանք ու խորհուրդ. վերջ տվեք ինքնաթունավորմանը, սրբվեք ձեր ներսի մաղձից, հանգիստ թողեք երեխաներին: Թունավորված ծաղիկը թունավոր պտուղ է տալիս»: