Նամակ Պնախարարին

Նամակ Պնախարարին
Մենք հերթական նամակն ենք ստացել բանակից: Ողբերգական, հուսահատության աստիճանի ցավալի:  Զինվորը գրում է. «Համոզված եմ, որ պաշտպանության նախարարը տեղյակ չէ այս մասին: Ծառայության առաջին օրից հասկացա, որ պետք է ճնշես, կամ կճնշեն քեզ: Չճնշվեցի, բայցեւ չճնշեցի: Դրանով արժանացա հրամանատարների հակակրանքին: Առաջին իսկ օրվանից հարաբերություններ պարզելու մեջ եմ, չգիտեմ ինչ են ուզում. խելագարության, թե ինքնասպանության հասցնել (դրանց նախադեպերը մեր զորամասն ունի):



Ու եթե մի վայրկյան մոռանամ, որ ինձ սպասում են հարազատներս, հետեւանքները անդառնալի կլինեն: Իրենց ամենակարող համարող այդ մանր սպաները, օգտվելով հրամանատարի իրենց դիրքերից, զվարճանալու համար անօրինական հրամաններ են տալիս, որի չկատարման համար արժանանում ենք անխիղճ հարվածների: Հիմա կմտածեք՝ ինչու եմ գրում ձեզ, դրա համար կա Ռազմական ոստիկանություն, բայց ախր ՌՈ-ն իր տեղում չէ: Նույնիսկ եթե դեպքից ժամեր անց գալիս են զորամաս, ոչինչ չեն տեսնում, անգամ՝ ակնհայտը: Իսկ նորմալ զինվորը երբեք չի դիմի ՌՈ, էդ բազարի թեմա ա:



ՌՈ-ին մնում է գալ ու բացահայտել ինքնասպանության կամ սպանության դեպքերը: Մինչդեռ նրանք կարող էին ճիշտ աշխատանքի դեպքում էդ ամենը կանխել: Էդ ինչպե՞ս հասկանանք, որ մի քանի տարի առաջ ամբողջ Ղարաբաղը սառում էր Պողոսից, քաջ հայտնի «Մառոզ» մականվամբ: Մենք անձամբ չենք ծառայել նրա ժամանակ, բայց էնքան ենք լսել մեր դեմբելներից, որ պատկերացնում ենք: Իսկ ամենածիծաղելին այն է, որ մեր աֆիցերները մինչեւ հիմա սառում են միայն էն մտքից, որ Մառոզը կարող ա վերադառնա:… Հարց ա առաջանում՝ էդ ինչպե՞ս էր մի հոգին կարում ողջ Ասկերանը պահել զգոն ու սթափ, իսկ մի ամբողջ բաժին չի կարում ջոկի՝ զինվորը ճի՞շտ է ասում. ընկե՞լ է, թե՞ ծեծել են»: