Զգացողություններ լրագրության մասին

Զգացողություններ լրագրության մասին
Ամերիկյան մամուլում իր հոդվածներով ու ակնարկներով հայտնի երիտասարդ լրագրող եւ քաղաքական մեկնաբան Մեթ Թայբին համարվում է գոնզո-լրագրության ամենակարեւոր դեմքերից մեկը: «Rolling Stone»-ում նա վարում է «Ճանապարհային ցասում» անվանումով հեղինակային սյունակ: Մեթը շատերին հայտնի դարձավ 2004 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ անվանի թերթերում, պարբերականներում փորձում էր վերլուծել, քննադատել ու կանխատեսել ընտրությունների ընթացքը:



 



Մեթ Թայբին ծնվել է Բոստոնում, սովորել է Կոնկորդի ակադեմիայում: Նա կրթությունը շարունակել է Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտում: Մեթն իր ընկերոջ հետ հոդվածներ է տպագրում անգլիագիր մամուլում՝ ներկայացնելով Ռուսաստանում ապրող ամերիկացիների կյանքը, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում խոսքի ազատության չափը, դրան խոչընդոտող ու նպաստող խնդիրները: Նա մեկնում է Ուզբեկստան, բայց նախագահ Իսլամ Քարիմովի քաղաքականության վերաբերյալ քննադատական հոդվածից հետո, 1992 թվականին, ստիպված է լինում հեռանալ այնտեղից:  Թայբին թղթակցում է «The Moscow Times»-ի հետ՝ հանդես գալով որպես սպորտային մեկնաբան: Նա զբաղվում է պրոֆեսիոնալ բասկետբոլով, խաղում «Ուլան-Բատոր» թիմում, բայց թոքերի հետ կապված խնդիրը թույլ չի տալիս շարունակել մեծ սպորտը:



 



Ռուսաստանում Թայբին գլխավորում է «Living Here» թերթը՝ հայտարարելով, որ իրենց գործունեության մեջ ունեին տոտալ ազատություն: 2002 թվականին Մեթը վերադառնում է ԱՄՆ եւ սկսում համագործակցել «The Nation»-ի, «Playboy»-ի, «New York Press»-ի հետ, հիմնում է քաղաքական թեմայով սյունակներ: Իր ընթերցած դասախոսություններից մեկում Մեթը խոստովանում է, որ լրագրությունն իր համար սխալ կարիերա էր, որ կուզեր գրող-վիպասան լինել: «New York Press»-ում Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Երկրորդին նվիրված պրովոկացիոն հրապարակումներից հետո (նրա հեղինակային սյունակի վերնագիրն էր՝ «52 ամենածիծաղելի բաները պապի վերահաս մահվան մասին») Մեթն ստիպված է լինում կրկին հեռանալ՝ արժանանալով Հիլարի Քլինթոնի, Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի եւ ուրիշների խիստ քննադատությանը: Նույնիսկ կոչեր են հնչում՝ այրել սյունակի այդ հրապարակումները: Թայբին որոշ ժամանակ անց հոդվածով պարզաբանումներ է տալիս՝ ուշադրություն հրավիրելով հանգամանքին, որ զանգվածային լրատվամիջոցներն ինչ-ինչ ընտրություններից հետո (ներկայումս՝ Պապի ընտրության) թաղվում են տրտմության մեջ, եւ իր հրապարակումները հենց բողոք են եղել դրա դեմ: