Սխալ հուշատախտակ Ձորագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատին

Սխալ հուշատախտակ Ձորագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատին
Լոռու մարզի Ձորագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1906 թվականին, Ներսես Ավագյանի կողմից: Թիֆլիսի Ներսիսյան կրթօջախի շրջանավարտ, Հովհաննես Թումանյանի ընկեր, հայ ազգի նվիրյալ Ներսես Ավագյանը, վերադառնալով հայրենի Ձորագյուղ, ձեռնամուխ է լինում եկեղեցու կառուցմանը: Քանի որ գյուղը տարածված էր բարձրադիր սարերի վրա, շատ ծանր, տքնաջան աշխատանքի շնորհիվ՝ Լոռվա ձորից բերված քարերի, գերանների շինանյութով է այն կառուցվում:



 



Եվ հենց այդ թվականից Ներսես Ավագյանն օծվում է որպես հոգեւոր հովիվ՝ Ձորագյուղի եւ ամբողջ Ջալալօղլու հոգեւոր առաջնորդ: Լինելով շատ գրագետ՝ միակ ուսյալ մարդը, նա վայելել է ամբողջ շրջանի սերն ու հարգանքը, ունեցել մեծ հեղինակություն: Նույնիսկ 1918թ., երբ թուրքը մտնում է Լոռի, փաշան հատուկ կարգադրում է, որ Ներսես Ավագյանի տուն չմտնեն: Անգամ Թումանյանն է իր քույրերին ուղարկած լինում նրա տուն՝ պատսպարվելու: 1936 թվականին Ստալինի չարագործ ձեռքը հասնում է նաեւ այդ սուրբ ընտանիքին: Ավագ որդուն՝ Սարգիս Ավագյանին, ձերբակալում են սուտ մատնությամբ: Նա եղել է Սպիտակի կայարանապետը: Հենց նույն տարում էլ Մետեխի բանտում սպանում են նրան: Այդ ծանր հարվածին չի դիմանում հայրը՝ Ներսես Ավագյանը, եւ վախճանվում է: Մինչ իր մահը, այդ ծանր ժամանակաշրջանում նա պահում է եկեղեցին՝ գործող կարգավիճակում: Այսինքն՝ կառուցել է ինքը եւ մինչեւ վերջ էլ եղել է եկեղեցու հոգեւոր հովիվը:



 



2006 թ. Ն. Ավագյանի թոռները որոշեցին նշել եկեղեցու կառուցման 100-ամյակը: Բավականին աշխատանք կատարվեց, եկեղեցին որոշ չափով բարեկարգվեց, զարդարվեց նկարներով, ջահերով եւ այլն: Կային բազմաթիվ հյուրեր Երեւանից, Վանաձորից, ճարտարապետներ, լրագրողներ, քաղաքապետարանի եւ մարզպետարանի աշխատակիցներ, մի խոսքով՝ մեծ շուքով նշվեց եկեղեցու կառուցման 100-ամյակը:  Ամեն ինչ տեղը-տեղին արված էր, մնում էր մի հոգեւորական կանչել, որ աղոթքով ու ծեսով նշեր արարողությունը: Ավագյան տոհմի ժառանգներս դիմեցինք Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանին եւ խնդրեցինք հանձնարարել որեւէ հոգեւորականի՝ մասնակցելու արարողությանը:



 



Սակայն Չուլջյանը մերժեց մեր խնդրանքը՝ հայտարարելով, որ այնտեղ եկեղեցի չկա, եւ իրենք չեն կարող գալ: Նույնիսկ դիմող երիտասարդներից մեկին ասել էր՝ գավազանս կկոտրեմ մեջքիդ, հեռացեք, ինձ հանգիստ թողեք: Երկու հոգեւորականների խնդրեցինք մեզ հետ գալ, նրանք վախից մերժեցին, թե՝ Չուլջյանը կիմանա: Բացատրեցինք, որ գյուղը լցվել է աղանդներով: Բացենք եկեղեցին, որ հայը Հայ առաքելական եկեղեցում աղոթի, սակայն Չուլջյանը մնաց անհաղորդ: Այս տարի գյուղի երկու բարերար եղբայրներ վերջնականապես վերանորոգել են Սուրբ Աստվածածին եկեղեցին: Փառք ու պատիվ նրանց: Բայց, ով զարմանք՝ եկեղեցու վրա հուշատախտակ է փակցվել, որտեղ նշվել է բարերարների անունը եւ Չուլջյանի: Այս հոգեւոր հովիվը, որն իրականում իշխանությունների հետ համագործակցող մի օլիգարխ է եւ ապրում է օլիգարխին վայել արքայական դղյակում, թագավորական կյանքով՝ հակառակ Լոռվա համատարած աղքատությանն ու աղանդների մեծաքանակ տարածմանը, արժանի չէ, որ իր անունը գրվի սուրբ վայրի, առավել եւս մեր պապի կառուցած եկեղեցու վրա:



 



Վալյա ԱՎԱԳՅԱՆ



Ներսես Ավագյանի թոռնուհին